ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանի խորհրդարանը վերլուծում է Բաքվի՝ բանակցություններից հրաժարվելու պատճառները

Փարիզից հետո հերթը Վաշինգտոնինն է․ բրյուսլեյան բանակցությունները տապալելուց հետո Ադրբեջանն այժմ տապալում է նոյեմբերի 20–ին նախատեսված արտգործնախարարների հայ–ադրբեջանական հանդիպումը Վաշինգտոնում։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը միջնորդներին մեղադրում է կողմնակալության մեջ։ Բաքուն, մասնավորապես, դեմ է արտահայտվել չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ ըստ իրենց «միակողմանի և կողմնակալ» մեկնաբանություններին։ Մինչ շարունակվում է դիվանագիտական կոշտ պատասխանների փոխանակումը, Հայաստանի խորհրդարանում քննարկում են՝ ինչից է խուսափում կամ ինչի է պատրաստավում Ադրբեջանը։

Բանակցային Արևմտյան հարթակից Ալիևի հրաժարվելու դրդապատճառները տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում Հայաստանի խորհրդարանում։ Կարծիքները տարբերվում են անգամ ընդդիմադիրների մոտ։ Ամենապարզ կարծիքը թերևս այն է, որ Ադրբեջանն այդ հարթակից ստացավ այն, ինչ ցանկանում էր և այլևս այդ միջնորդության կարիքը չունի։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցնում է․

«Չմոռանանք, որ առաջին անգամ Արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը երրորդ Հանրապետության պատմության մեջ, չունենալով դրա որևէ իրավունք, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հիմա այլևս այնտեղից ստանալու բան չունեն։ Դա է հիմնական պատճառը։ Ինչո՞վ է հղի՝ նոր պատերազմով»։

Ադրբեջանի վարքագծում փոփոխությունների այլ պատճառների մասին է խոսում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորն ընդգծում է, որ անցած 3 տարում Ադրբեջանը պարբերաբար փոխում է իր վարքագիծը՝ փորձելով Հայաստանից ստանալ է՛լ ավելին։ Անգամ 2020 թվականի նոյեմբերի 9–ի՝ Հայաստանի համար ամենածանր փաստաթղթի ստորագրումից հետո էլ ներկայացրեց նոր պահանջներ, այդ թվում՝ տարածքային, այսպես կոչված «անկլավների», ինչ–որ 8 գյուղերի, արտատարածքային միջանցքի։

«Կոնկրետ այս դեպքում ես դա ընկալում եմ որպես Ադրբեջանի կողմից պարտավորությունների այնպիսի ծավալի չկատարում, որը Միացյալ Նահանգները, որպես միջնորդ պետություն համարել է իր հեղինակությանը ուղղված հարված։ Հետևանքը եղել է այն, որ բառապաշարը բավականին կոշտացրել է, ընդհուպ ակնարկ կար, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճի շարունակությունը կարող է բերել նաև որոշակի պատժամիջոցների։ Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում տպավորություն ունեմ, որ խուսափում է բանակցային գործընթացում առարկայական քայլերի գնալուց։ Որոշակի հաշվարկ և ուժերի բալանսի վերագնահատում է այս պահին Ադրբեջանում տեղի ունենում, միգուցե, այս փուլում Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը, իր նպատակների մաքսիմալին հասնալեու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ ոչ։ Որովհետև եթե գնա պարտավորությունների իրացման ճանապարհով, բնականաբար, դա և կաշկանդող է լինելու, նաև միջազգային տեսանկյունից իր համար նաև խնդիրներ է առաջացնելու»։

Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ տեղեկություններ չունի, որ սահմանագծի տարբեր հատվածներում կան որոշակի վտանգավոր տեղաշարժեր կամ զորքերի կենտրոնացում։ Միևնույն ժամանակ ասում է՝ Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացրել դեպի առաջնագիծ իր կոմունիկացիաները ոչ միայն ուժեղացնելու, այլև հնարավորինս քողարկելու ուղղությամբ։ Իսկ դա հնարավոր չի դարձնում ամբողջությամբ կամ ողջ ծավալով հասկանալ, թե կոնկրետ ուղղությամբ երբ ու ինչ տեղի կունենա։

Հերթական հանդիպումից Ադրբեջանի հրաժարվելու քայլով խորհրդարանական մեծամասնությունում չեն շտապում պնդել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը մինչև տարեվերջ իրատեսական չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ոչինչ չեն բացառում։

«Եկեք չշտապենք եզրակացություններ անենք՝ գրեթե անհնար է կամ հաստատապես անհնար է։ Բնականաբար, հրաժարումը Ադրբեջանի բացասական ենք գնահատում, կոչ ենք անում ավելի արդյունավետ, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ ԱՄՆ, ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարագին և մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաև հնարավորություն կստեղծվի առաջիկայում ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան նստել և կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը»։

Բանակցային դաշտում փաստացի ստեղծված իրավիճակով պատկերն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ աշխատող երեք հիմնական միջնորդներից երկուսին՝ Ֆրանսիային և ԱՄՆ–ին Ադրբեջանը ուղիղ մեղադրում է կողմնակալ լինելու մեջ։ Երրորդ միջնորդի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին շրջանում Հայաստանում են լարված՝ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և հետո ՀԱՊԿ ցուցաբերած և Ռուսաստանի կողմից արդարացվող անգործության պատճառով։ Իշխանությունը բազմիցս նշել է՝ քաղաքացիական դիտորդներին ընդունել–չընդունելու հարցը որևէ կապ չունի քաղաքական վեկտորի հետ։ Հայաստանի պահանջը ՀԱՊԿ և ռուս գործընկերներից պարտավորությունների տիրույթում է, որը ամեն դեպքում նաև խաղաղության օրակարգի հիմքն է։

Գևորգ Պապոյան․ «Եվրոպական գործընկերները ընդունում են, որ ՀՀ տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է և այն համահունչ է Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքին։ Հիմա սա ընդունո՞ւմ են մեր մնացած բոլոր գործընկերները, թե՞ ոչ։ Օրինակ, ՀԱՊԿ մեր գործընկերները ընդունո՞ւմ են, որ Ջերմուկի սարերը ՀՀ–ն են, թե՞ ոչ։ Եթե ընդունում են, ապա այդ դեպքում, երբ Ջերմուկի սարերը Ադրբեջանի կողմից գրավվում էին, ինչո՞ւ ՀԱՊԿ–ը չի միջամտել այդ պրոցեսին։ Եթե չի միջամտել, այստեղ հարցեր կան։ Եթե չեն ընդունում, դա մի պատմություն է, եթե ընդունում են չեն կատարում պարտավորությունները, մեկ այլ պատմություն է։ Մեզ պետք են հստակ դիրքորոշումներ, որոնք բխում են ՀՀ պետական շահերից»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են՝ Հայաստանը չի պատրաստվում հեռանալ ՀԱՊԿ–ից, բայց և վերոնշյալ խնդրով շարունակելու են աշխատել գործընկերների հետ՝ մոտեցումները և սկզբունքները հասկանալու համար։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերին, ապա ԱՄՆ–ի պետքարտուղարությունից Ադրբեջանին զգուշացրել են՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ «լինի այստեղ, թե այլուր» ,– նշել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը և պաշտոնական Վաշինգտոնի կողմից կոչ արել երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։

Կարդացեք նաև

Back to top button