
Թուրքիայի վարչապետի՝ այսօր՝ Հայոց ցեղասպանության նախօրեին 1915- ի դեպքերին նվիրված ուղերձը Ամերիկայի հայկական համագումարը որակել է որպես «առաջին ցուցադրական ցավակցական ուղերձ»։
«Ազգային համախմբման այս օրերին առավել անհեթեթ և ծիծաղելի հնչեց նրա` համերաշխության և ապագայի համատեղ կառուցման կեղծավոր կոչը: Հայոց ցեղասպանության սարսափելի իրողությունը Էրդողանի կողմից, ըստ էության, մատուցվեց ընդամենը որպես Առաջին համաշխարհային պատերազմի անխուսափելի մի դրվագ`ի թիվս օսմանյան այլ ազգերի հետ կատարված ցավալի դեպքերի։
Թուրքիան պիտի հաշտվի այն մտքի հետ, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը վաղուց արդեն անդառնալի է դարձել և պայմանավորված է զուտ ժամանակի գործոնով: Համաշխարհային հանրության աճող ճնշմամբ պայմանավորված` այս յուրօրինակ «խոստովանությունը» դրա վառ ապացույցն է:
Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պիտի դադարեցնենք համազգային հետևողական աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով: Հակառակը` օգտագործելով հայկական լոբբիստական կառույցների երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում ձևավորված քաղաքական և բարոյահոգեբանական բարենպաստ միջազգային ֆոնը, այսուհետ պետք է առավել ակտիվ հնչեցնենք նաև հատուցման գաղափարը:
Իսկ ինչ վերաբերում է մեր պարտքի հատուցմանը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա հարգանքի լավագույն դրսևորումը կլինի մեր սեփական երկրում կարգ ու կանոն հաստատելը: Մինչև իսպառ չվերացնենք կոռուպցիան, տնտեսական մենաշնորհն ու համատարած անարդարությունը, համաշխարհային հանրության կողմից չենք ընկալվի որպես արժանի և հավասար դերակատարե,- ասված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ:
Ի դեպ՝ Ամերիկայի հայկական կոմիտեն եւս անդրադարձել է Էրդողանի հայտարարությունը՝ որակելով այն որպես «ցեղասպանության ժխտման վերափաթեթավորում»։
«Վարչապետ Էրդողանի այսօրվա ելույթը Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից հեռանալու ապարդյուն փորձ է»,- հայտարարել է ԱՀԿ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։




