
Պետհամալսարանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մարամասները պարզելու նպատակով «Ռադիոլուրի» լրագրողը եղել է դեպքի վայրում։
Ականատեսներից շատերն ասում էին, որ պայթյունի ձայն չեն լսել։ Ոմանք էլ հրդեհի մասին իմացել են, երբ արդեն հրշեջ մեքենաները դեպքի վայրում աշխատելիս են եղել։ Ֆակուլտետի ուսանողներից մեկը, սակայն, պատմում էր, որ պայթյուն եղել է, ձայնն էլ ՝ բավականին բարձր։ Ինքն էլ այդ ժամանակ դրսում է եղել։
«Ես կոնկրետ ձայնը լսել եմ։ Նկուղում լաբորատորիա չկա։ Լաբորատորիաները սկսվում են առաջին հարկից։ Նախնական տվյալներով ասում են, որ հոսանքի տատանումից է առաջացել։ Բայց ես 4 տարի է սովորում եմ համալսարանում, հոսանքի տատանում, կամ դրանից առաջացած խնդիր չեմ նկատել։ Ասում են՝ այդտեղ պահակների հանդերձարանն է։ Նյութեր չեն եղել»։
Չնայած շրջանառվող լուրերին, որ պայթյունը քիմիական լաբորատորիայում է եղել, ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը հավաստիացնում է՝ հրդեհն առաջացել է նկուղում, որտեղ ոչ մի քիմիական լաբորատորիա կամ սարքավորում չկա։ Պայթյունն առաջին դասաժամին է եղել, և ինքն էլ այդ ժամանակ շենքում է եղել։ Դեպքից հետո դեկանը ուսանողներին, լաբորատորիայի աշխատակիցներին ու դասախոսներին է տարահանել։
«Նկուղում լաբորատորիա չկա, նկուղը նկուղ է մնում։ Որևէ լաբորատոր սարքավորում ևս չկա։ Որպեսզի քիմիական նյութը բռնկվի կամ պայթի, հարկավոր է կրակ մոտեցնել։ Ու չեմ կարծում ՝ որևէ մեկը քիմիական նյութը տանի նկուղ ու կրակով վառի»։
Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի ունեցած պայթյունը նախնական վարկածով հոսանքի տատանումից է առաջացել։ Ավելի հստակ՝ քննությունը կպարզի։ Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 9։30-9։40 ի միջակայքում, նկուղային հարկում։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի փոխանցմամբ՝ նկուղում այդ ժամանակ միայն տնտեսական համակազմի աշխատակիցներից են եղել, ավելի կոնկրետ այգեգործները։
«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, հետաքննվում է տարածքը, բայց քիմիական ոչ մի նյութ չի այրվել, ոչ մի պայթյուն չի եղել։ Մեզ հասած տեղեկություններով հոսանքի խնդիր է եղել»։
Սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը, նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որին կրակը չի հասել: ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով՝ ֆակուլտետի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխահարումով է հոսպիտալացվել։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։




