ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բրյուսելը փոխում է հռետորաբանությունը

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելուն ուղղված ջանքերը շարունակում է նաև Բրյուսելը։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ վերջնանպատակը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն  է: Իսկ նախօրեին Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի ավարտին ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն ու համագործակցություն հաստատելու հանձնառություն։

Տպավորություն կա, որ Արևմուտքը փորձում է Ադրբեջանից ստանալ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համաձայնություն՝ վերլուծելով ԵՄ-ից վերջին օրերին հնչող հայտարարություններն ու ձեռնարկվող քայլերը՝ եզրակացնում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա համոզմամբ՝ հստակ է, որ ինչ-որ բան ստիպել է ԵՄ-ին փոխել հռտետորաբանությունն ու դեկլարատիվ հայտարարություններից անցնել ավելի առարկայական քայլերի։

«Արևմտյան պետություններն այսօր իրենց հռետորաբանության տեսանկյունից, իրենց կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից որոշակիորեն ճնշում են Ադրբեջանին, որպեսզի վերջինը, նախ, զերծ մնա Հարավային Կովկասում լարման նոր օջախ ստեղծելուց և միևնույն ժամանակ ձեռնպահ մնա հակաիսրայելական դաշտում դիրքավորվելուց»։

Բրյուսելում Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի ընթացքում կողմերն ընդգծել են  Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմաթիի հռչակագրով։ Բրյուսելը պաշտպանում է նաև սահմանազատումը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի՝ կողմերին տրամադրված քարտեզների հիման վրա իրականացնելու մոտեցումը, ինչպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը ՝ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն և իրավազորությունը հարգելով: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը:

 «Եթե այս ամբողջը համադրենք, ապա կտեսնենք, որ տարածաշրջանային այս ողջ քաղաքականությունը ուղղված է առաջին հերթին տարածաշրջանը նոր լարման էպիկենտրոն չդարձնելուն, Ռուսաստանին տարածաշրջանից մեկընդմիշտ հեռացնելուն, ինչը հնարավորություն կտա անվտանգային վակուումը լրացնել արևմտյան պետությունների կողմից առաջարկվելիք անվտանգային ճարտարապետությամբ»։

Քաղաքագետը կարծում  է, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերը չպետք է անջատ դիտարկել․ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ըստ նրա, միասնական «ճանապարհային քարտեզով» են գործում։ Ներդրվող ջանքերում Հայաստանի համար ամենակարևորը, ըստ զրուցակցիս, անվտանգության երաշխիքներ ստանալն է։ Դրանք կարևորում է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ից Հայաստանին աջակցող հայտարարությունները դեռ անվտանգության երաշխիքներ չեն։  Իսկ ԵՄ հռետորաբանության փոփոխությունը նա պայմանավորում է մի քանի հանգամանքներով։

«ԼՂ հայկականության պայմաններում եվրոպական խաղացողները զգուշավոր էին այն պատճառով, որ այն ժամանակ աջակցությունը Հայաստանին կարող էր ընկալվել, որպես աջակցություն ԼՂ-ին, այսինքն իրենք չէին ուզում անել քայլեր, որոնք կարող էին գրգռել Ադրբեջանին։ Այս իմաստով է հռետորաբանությունն ավելի պերճախոս, քան էր մինչև Ղարաբաղի անկումը։ Երկրորդ հետևությունը բխում է առաջինից․ հիմա ԵՄ–ն շանսեր է տեսնում, որ կարող է Հայաստանում թուլացնել ռուսական ազդեցությունը։ Այո, որպես գործիք օգտագործում են հայ-ադրբեջանական հարաբերությունները»։

Քաղաքագետ Սուրենյանցը Հայաստանի կողմից դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելուն դեմ չէ, սակայն զգուշացնում է՝ այն ճամբարափոխություն չպետք է հիշեցնի։

Back to top button