ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը մեղադրել է ԱՄՆ-ին կողմնակալության մեջ և հրաժարվել մասնակցել Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Ադրբեջանի իշխանությունները հնարավոր չեն համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությանը՝ պատճառաբանելով դա «ԱՄՆ-ի կողմնակալ դիրքորոշմամբ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո։

Բաքուն լսումներն ու միջոցառման ընթացքում արված հայտարարությունները, այդ թվում՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի կողմից, անվանել է «հարված Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»։

«Նման պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը»,- ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ Պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի տեսել խաղաղության բանակցություններում։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավաստիացրել է կոնգրեսականներին, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ կարգի օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի քանի բարձրաստիճան այցելություններ Ադրբեջան՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների բարելավում չի կարող լինել, մինչև Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «համապարփակ և թափանցիկ» զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ:

«Վարձել ենք անկախ հետաքննողների, նաև մեր հետաքննողներն են տեղում աշխատում։ Բացի այդ, տեղեկություններ ունենք միջազգային հասարակական կազմակերպություններից, և երբ [զեկույցը] վերջնականապես ավարտված լինի, արդյունքները հրապարակավ կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել»,- տեղեկացրել է Օ՛Բրայանը։

Կարդացեք նաև

Back to top button