
Առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ կներկայացվի հավաքական Արևմուտքի կողմից։ Այդ մտադրության մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։ Նա տեղեկացրել է, այդ հարցով Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրոպական Միության հետ։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ տպավորված է Հայաստանի կառավարության նվիրվածությամբ բարեփոխումներին և հարաբերությունների դիվերսիֆիկացիային։
Հայաստանի պաշտոնյաներն, իրենց հերթին համոզված են, որ ժողովրդավարությունը անվտանգային ամենահուսալի բաղադրիչներից է։
Կոնգրեսում Արցախի թեմայով քննարկումների ժամանակ նաև նոր ուշագրավ ուղերձներ են հնչել։ Հայաստանի խորհրդարանից նույնպես ազդակներ են ուղարկվել միջազգային հանրությանը։
Երևանն ու Վաշինգտոնը զուգահեռ հայտարարում են, որ առաջիկա շաբաթները Հայաստանի և Ադրբեջանի համար որոշիչ են լինելու։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենը ասում է՝ «Հաջորդ մի քանի շաբաթները ծայրահեղ կարևոր կլինեն կողմերի մտադրությունների քննության համար՝ ասելու՝ այո»։

Սպասվող «այո»-ն օրվա ընթացքում մի քանի անգամ հնչեց Հայաստանի Աժ-ում՝ և՛ վարչապետի, և՛ խորհրդարանի ղեկավարի կողմից։ Փաշինյանը հայտարարում է՝ մտադիր է ակտիվացնել աշխատանքը այդ ուղղությամբ։ Շարունակում է պնդել՝ Բրյուսելում եռակողմ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցրել են ոչ միայն «Խաղաղության պայմանագրի» 3 սկզբունքները, այլև՝ պարտավորվել են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ Հայաստանը րոպե առաջ պատրաստ է թե՛ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», թե՛ գործարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ըստ վարչապետի՝ հիմնական խոչընդոտը միմյանց հանդեպ ունեցած անվստահությունն է․
«Ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում «Խաղաղության պայմանագրի» տեքստային աշխատանքի վրա։ Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։ Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար, պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսը անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»։
Այս մասին խոսել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը։
«Ադրբեջանի հետ բոլոր մակարդակների շփումներում մենք հստակ ազդակ ենք ուղարկել, որ Հայաստանի տարածքում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրին, որ նման նպատակ չունեն: Մենք այժմ ուշադրությամբ հետևում ենք զորքերի տեղաշարժին, և արդյոք այլ նշաններ կա՞ն, որ նպատակներն այլ են: Նրանց հասկացրել ենք, որ հարաբերությունները սովորականի պես չեն շարունակվի, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը կնքված չէ»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետաձգել են բարձրաստիճան որոշ այցելությունները Ադրբեջան։

Վաշինգտոնը նաև բարձրաձայնում է՝ այս պահին չեն նախատեսում կիրառել 907 բանաձևի արգելքը, որի կիրառման դեպքում հնարավորություն կունենային Ադրբեջանին որոշակի աջակցություն ցուցաբերել: Վաշինգտոնը նաև ընդգծում է՝ տրանսպորտային միջանցքի ստեղծումը հանգուցված է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, ինչպես նաև այդ միջանցքը ստեղծելու վերաբերյալ Հայաստանի համաձայնության հետ: Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ այս պահին առաջ են բերում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հասկանան, թե որքանով է հնարավոր հիմա հասնել խաղաղության համաձայնագրի:
Արևմտյան գործիչների խոսույթում կա երևացող փոփոխություն, արձանագրում են հայ վերլուծաբանները։ Դա մեծապես կապում են սեպտեմբերի 19–ի իրադարձությունների հետ, երբ Ադրբեջանը միջազգային հանրությանը ամենաբարձր մակարդակով հավաստիացնում էր, որ Արցախում էթնիկ զտում իրականացնելու մտադրություններ չունի և որ Հայաստանի իշխանությունների մտահոգություններն անհիմն են, բայց իրականում դրժեց իր բոլոր խոստումները։ Քաղաքագետ Միքայել Զոլյանի խոսքով՝ թեև դրան Արևմուտքը կոշտ չարձագանքեց, այն ինչ տեղի ունեցավ Արցախում, բավական շոկային էր նրանց համար։
«Ամեն դեպքում փաստը գրանցվեց և, իհարկե, սա հենց այնպես չի մոռացվելու։ Բայց մեզանից է կախված, թե արդյո՞ք դա հետևանքներ հետագայում կունենա, թե ոչ։ Ամեն դեպքում, սա նորություն է և խոսում է նրա մասին, որ իրոք մի աշխարհաքաղաքական գործընթաց է տեղի ունենում, որ այլևս Հայաստանը իսկապես չի ընկալվում որպես ՌԴ դաշնակից, այլևս Հայաստանը ընկալվում է որպես ինքնուրույն «խաղացող»։ Իհարկե, դեռ պետք չէ շտապել, որովհետև այսօրվա աշխարհում ոչինչ հնարավոր չի կանխատեսել»։
Մինչդեռ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը թերահավատ է Օ-Բրայենի որոշ հայտարարությունների հարցում։ Ֆեյսբուքյան իր էջում Սարգսյանը գրել է․
«Բայդենի վարչակազմը, որը բավականին ցածր ռեյտինգ ունի, որքան էլ անկեղծ լինի իր մղումներում, չունի համապատասխան գործիքակազմ՝ ոչ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու, ոչ էլ Հայաստանին անվտանգային ռեալ երաշխիքներ տալու։ Վերջին ժամանակահատվածում ամերիկյան ակտիվությունն իհարկե կարևոր է և գնահատելի: Կարևոր են նաև այն մեսիջները, որ փոխանցվում են Բաքվին: Ցավոք, 907-բանաձևը չշրջանցելու (այն էլ միայն այս տարի) որոշումը Բայդենի վարչակազմն ընդունում է պոստ ֆակտում, երբ Արցախն արդեն հայաթափվել է։ Ադրբեջանը անվտանգային օգնություն է ստացել ԱՄՆ-ից սկսած 2002 թվականից:
Հայտարարությունները, թե ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ուժով Հայաստանում ճանապարհներ բացվեն, ինձ համար համոզիչ չեն: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները հայտարարություններ են ստորագրել ՄԽ մյուս համանախագահների հետ առ այն, որ ուժի կիրառում կամ դրա սպառնալիքը չի կարող լինել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Փաստ է, որ հենց դա է տեղի է ունեցել՝ ընդ որում մի քանի դրվագներով, իսկ միջազգային հանրութունը բավարարվել է կողմերին ուղղված կոչերով»:
Այս ամենին պաշտոնական Մոսկվան արձագանքում է շատ պարզ․ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ անվտանգային ոլորտում Երևանի քայլերն անտեսում են ռուսական շահերը։

Զախարովայի խոսքում կա նաև զգուշացում–սպառնալիքի տարրեր, բայց ամեն դեպքում, Հայաստանը շարունակում է ազդակներ ուղարկել միջազգային հանրությանը։ Դրանցից մեկը Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է Արցախի ապագայի և հետագա ճակատագրի հարցով։ Գնահատականի հիմքում, թերևս, Փաշինյանի ակնարկած պայմանավորվածություններն են․
«Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետականության ինստիտուտներ այստեղ պահելու և զարգացնելու, ինչ–որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում և համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։ Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»։
Հայաստանի կառավարության պաշտոնական ուղերձը վարչապետը հնչեցրեց ԱԺ ամբիոնից․
«Իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է․ մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է։ Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ և դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»։
Ի դեպ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը փոքր, բայց հավանականություն տեսնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ընթացիկ տարվա վերջը կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ամեն ինչը կախված է ցանկություններից և ձգտումներից։




