ԿարևորՀասարակություն

Կարի հմտությունների զարգացումը՝ աշխատանքի հնարավորություն. Արմավիրում արցախցի կանայք անկողնային պարագաներ են կարում

Արցախից բռնի տեղահանված կանանց ու աղջիկների հմտությունների զարգացման, հասարակությանն ինտեգրելու նպատակով «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը «Կանանց աջակցման կենտրոնի» հետ իրականացնում է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը: Արմավիրի «Կանանց աջակցման կենտրոնում» արցախցի կանայք սկսել են ձեռք բերել կարի հմտություններ, իրենց համար կարել անկողնային պարագաներ:

Կարինե Աղասյանը Ասկերանի շրջանի Շոշ գյուղից է։ Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվել է ու հաստատվել Արմավիրում: Ամուսինը զոհվել է, նոր միջավայրում ընտանիքի հոգսն իր վրա է: Աշխատանքի փնտրտուքով Կարինեն դիմել էր Միասնական սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոն.

«Կարի ուսուցման նպատակով դիմել էի սոցապ, ուզում էի կարել սովորել, ասացին՝ մի քիչ ժամանակ է հարկավոր, որ ձեզ տրամադրենք, պետք է սպասեմ: Ես չսպասեցի ու Ֆեյսբուքի իմ էջում հայտարարություն գրեցի, որին շատ արագ արձագանքեցին, շատ առաջարկներ եղան: Ես զանգեցի ինձ ուղարկված հեռախոսահամարին ու միանգամից այստեղ էլ գրանցվեցի»:

Կարինեն արդեն մեկ ամիս Արմավիրի «Կանանց աջակցման կենտրոնում» «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում կարի հմտություններն է զարգացնում: Արմավիրում հաստատված արցախցի շուրջ 16 կանայք շաբաթական մի օր հավաքվում են նույն հարկի տակ, սովորում են կարել, միաժամանակ շփվում, կիսվում են հոգսերով և հուշերով՝ ասում է ծրագրի ղեկավար Աննա Սաֆարյանը:

 «Կանանց աջակցման կենտրոնի բաղադրիչն ուղղված է մարզերում կանանց հետ աշխատանքներ իրականացնելուն: Դրանք հիմնականում ինքնօգնության խմբերի միջոցով կանաց աջակցելն է, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել, որոշակի արհեստ, հմտություններ սովորեցնել, օգնել, որպեսզի նրանք դուրս գան ճգնաժամային ու սթրեսային վիճակից, ինտեգրվեն համայնքին»:

Սա նաև հոգեբանական թերապիա է, որն օգնում է ձերբազատվել ծանր ապրումներից: Ինքնօգնության խմբերի միջոցով արցախցի կանայք օգնում են իրենց և ուրիշներին: Շահառուների մի մասը կարի որոշակի հմտություններ ունեին, մի մասն առաջին անգամ է նստում կարի մեքենայի առջև:

Նոնա Ավանեսյանը 20 տարվա մանկավարժական ստաժ ունի։Մասնագիտությամբ պատմաբան է, բայց Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում դասվար է աշխատել, նաև աշխարհագրություն է դասավանդել:

 «Ցավոք, շատ հեռու էի կարից և առաջին անգամ այստեղ եմ փորձել, հեշտ չէր: Ինձ դուր է գալիս կարելը, բայց ինձ համար մի քիչ դժվար է»:

Նոնան երեք անգամ է տեղահանվել հարազատ բնակավայրերից՝ առաջին անգամ 1992-ին, հետո 2020-ին ու հիմա: Արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, գյուղից-գյուղ են տեղափոխվել, բայց մնացել են հայրենի լեռնաշխարհում:

«Հորս ազատագրած հողում ես պետք է ապրեի: Մենք մեր երեխաներին սովորեցնում էինք հայեցի ու լրիվ հայրենասեր: Հայրենասերը դա ուղղակի խոսք չէր, որովհետև սեպտեմբերի 2-ը մեր Արցախի անկախությա օրն էր: Առաջին օրը երբ մտնում էին դպրոց՝ գիտելիքի օրն էինք նշում, երկրորդ օրը՝ անկախության»:

Կարի հմտություններին որոշակի չափով տիրապետում է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից տեղահանված Լուսինե Սարգսյանը: Դրմբոնի դպրոցում նա դասվարությանը զուգահեռ դասավանդել է նաև կերպարվեստ ու տեխնոլոգիա:

«Կենտրոնը ինձ տվեց մտերմություն, ջերմություն, նոր ծանոթություններ: Ես տանը ունեցել եմ կարի մեքենա, երեխաների հագուստներն էի լայնացնում, նեղացնում, փոքրացնում: Այստեղ կարեցինք սավաններ, բարձի երեսներ, ցույց տվեցին իրենց հմտությունները: Ճիշտ է ես ունեի հմտություններ, բայց նայելով իրենց, ավելի ոգևորվեցի, որ կարելի է նաև այս ձևով աշխատել»:

Դրմբոնցի ուսուցչուհին ցանկանում է Արմավիրում կարի փոքր արհեստանոց բացել, որ մշտական գործ ունենա: «Արմավիրի կանանց աջակցման կենտրոնի» աշխատակից Ռուզաննայի օգնությամբ տեղահանված կանայք կարողանում են անկողնային պարագաներ կարել.

«Հիմա պետք է շղթան ամրացնենք, բայց մինչև այդ կողքի կարերն ենք ամրակարում, հետո շրջում ենք ճիշտ կողմն ու ամրացնում շղթան… Սկզբից սովորեցին հասարակ ուղիղ կարերը, թե ինչպես պետք է օգտվեն կարի մեքենայից, այնուհետև մենք տվել ենք ձևած սպիտակեղենը, որը կարելու են իրենց համար:Կտորն ու գույնն իրենք են ընտրել»:

 «Վորլդ վիժն» կազմակերպությունը, գնահատելով շահառուի կարիքները, դասընթացներ է անցկացնում, տրամադրում գործիքներ սեփական գործը սկսելու համար՝ ասում է Աննա Սաֆարյանը.

 «Օրինակ՝ կար ու ձևի դասընթացներին են մասնակցում, հետագայում տալիս ենք կարի մեքենաներ, կտոր, և այլ պարագաներ, հետո սոցիալական աշխատողի միջոցով աջակցում ենք, որպեսզի իրենք հետագայում կարողանան եկամուտ ստանալ»:

Զբաղվածության հարցում կանանց աջակցելու է համայնքի սոցիալական աշխատողը: Դասընթացի ավարտին արցախցի կանանց նվիրել են անկողնային պարագաներ:

Կարդացեք նաև

Back to top button