ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հարված թիկունքի՞ց․ ինչո՞ւ է Բաքուն «նեղսրտում» Վրաստանի տարածքով ֆրանսիական զրահատեխնիկայի Հայաստան տարանցումից

Վրացական APM Terminals Poti ընկերությունը հաստատել է Վրաստանի տարածքով ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը Հայաստան։ Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել, որ նոյեմբերի 12-ին Փոթի են հասել Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական զրահամեքենաները։ Փաստն առաջացրել էր Բաքվի զայրույթը։ ՀՀ ՊՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր, որ այդ զրահատեխնիկան Հայաստան է գալու։ Երբ հայ-ֆրանսիական ռազմական գործարքը ցուցադրաբար կնքվեց, փորձագետները տարակուսում էին, թե ի՞նչ ճանապարհով պետք է ֆրանսիական զենքը հասնի Հայաստան։

Վրացական Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերությունը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցման հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների տարանցումը Հայաստան։ Ընկերության հաղորդագրությունում ասվում է.

 «Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն»։

Ադրբեջանում ծանր են տարել այդ տեղեկությունը։ «Վրաստանը դանակ խրեց Ադրբեջանի թիկունքը․ ոչ ավել, ոչ պակաս»,- այսօր ազդարարել է ադրբեջանական կայքերից մեկը, որին նույն ոճով ձայնակցել են նաև ադրբեջանական մի շարք այլ լրատվամիջոցներ։

Ավելի վաղ, երբ Ֆրանսիական «Բաստիոն» հետևակի մարտական մեքենաները դեռ վրացական Փոթի չէին հասել, Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։

«Նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործունեության ամրապնդմանը»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ- ի մամուլի խոսնակը։  

Ինչո՞ւ է Բաքուն Ֆրանսիային մեղադրում, հայտարարելով, որ հայկական զինանոցը համալրելով նպաստում է «Հայաստանի ավերիչ գործունեությանը»։ Արդյո՞ք սա պատերազմի սպառնալիք է Ադրբեջանի կողմից՝ այդ այսպես ասած «ավերիչ գործունեությունը կանխելու պատրվակով»։ Փորձագետները նկատում են, որ Բաքվից սպառնալիքներ ամեն օր ենք լսում և պարտադիր չէ, որ երկու տասնյակ միավոր զրահատեխնիկա գնեինք, որից հետո նոր սպառնալիք հնչեցներ։ Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքել Բաքվի այդ հայտարարությանը՝ մինչ այս պահը։

Ադրբեջանը սրերով է ընդունում Հայաստանի զինված ուժերի կարողությունների  ցանկացած ավելացում, փոխարենը, սակայն, Ալիևը պարբերաբար հպարտ հայտարարություններ է անում իր երկրի զինված ուժերի և  սեփական ռազմարդյունաբերության ձեռքբերումների մասին, շեշտելով, որ այս ոլորտում ավելի քան 20 երկրի հետ համագործակցություն ունեն։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը նկատում է, որ դա թուրքական երկակի ստանդարտների դասական արտացոլում է։

 «Երբ որ իրենք մեր վերջին պատերազմի ողբերգական ավարտից հետո էլ շարունակում են մեծ թափով ոչ միայն զինվել, այլ նաև հայտարարել այդ մասին, բայց միաժամանակ, նույնիսկ այնպիսի մի մանր ռազմական ձեռքբերում, ինչպիսին ընդամենը 20 հատ այս թեթև զրահամեքենաներն են, Ադրբեջանի մոտ արտացոլվում է մի հիստերիկ հայտարարության տեսքով»։   

Մհեր Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի կռիվը միայն «Բաստիոն» ռազմական զրահամեքենաների դեմ չէ։

 «Իրենք, ուղղակի, համենայնդեպս են աղմուկ բարձրացնում, այսինքն՝ պրոֆիլակտիկ նպատակներով, բայց միաժամանակ նաև հոգու խորքում վախենում են, որ հանկարծ Արևմուտքը կշեշտադրի Հայաստանի Հանրապետությունը և, ի հակադրություն, օրինակ, վերջին այն կուրսի, երբ որ Ալիևը, կարծես, ընդունեց ավելի ռուսական կողմնորոշում, լրջորեն կսկսի զինել ՀՀ-ին։ Հիմա ինչքանով կհաջողվի դա, իհարկե, մեծ հարց է, բայց և փաստ է, որ Ալիևը եթե կարող է աղմուկ անել, ինչու՞ չանի։ Սա մեկ։ Եթե ինքը ուզում է իր ժողովրդի մեջ իր՝ հաղթողի և մեր՝ կապիտուլացվածի կերպարը ամրագրել՝ ինչու՞ չամրագրի։ Երկուս։ Եվ ընդհանրապես, եթե այդ աղմուկ հանելը իրեն ոչ մի վնաս չի տալիս, ինչո՞ւ աղմուկ չհանի»։   

ՀՀ ՊՆ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում «Բաստիոն»-ների հետ կապված լուրերը. «Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նկատենք նաև, որ հայ-ֆրանսիական ռազմական գործարքների մասին պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերի ֆոնին, սոցհարցումների համաձայն, հայաստանցիները հենց ֆրանսիան են համարում Հայաստանի ամենահուսալի ռազմաքաղաքական գործընկերը։ Ըստ հարցումների՝ հայաստանցիների ավելի քան 41 տոկոսն օգնություն ակնկալում է ֆրանսիայից։ Ռուսաստանից ռազմաքաղաքական ակնկալիքներ ունի հարցվածների ընդամենը 14.4 տոկոսը։

Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ Ֆրանսիան դժվար թե կարողանա փոխարինել Ռուսաստանին։ Ֆրանսիան կարող է զենք վաճառել, դրանք տեղ հասցնել, բայց հայ-թուրքական 311 կմ-ոց սահմանի հարցը բաց կմնա։ Միայն զինտեխնիկայով այդ հարցն, իհարկե, չի լուծվի և դաշնակից է պետք՝ ասում  է միջազգայանգետ Արթուր Խաչիկյանը։ Նրա խոսքով, սակայն, Ֆրանսիան ցանկություն չունի ռազմական ներկայություն ունենալ Հայաստանում, քանի որ շահ չունի, ավելին՝ որպես արևմտյան բլոկի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մեծ խաղացողի, շահն այն է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս գա։  

 «Ես չեմ ասում, որ նրանք վատ մարդիկ են կամ սա վատ բան է, բայց պետք չէ չափազանցնել։ Եթե երկիրը չունի կենսական շահեր որևէ ռեգիոնում, նա վաղ թե ուշ հետ է քաշվելու և դուք մնալու եք մենակ ձեր թշնամու հետ։ Ինչպես եղավ 1920 թվականին, երբ Ֆրանսիան դուրս եկավ Կիլիկիայից և հայերին երկրորդ անգամ ցեղասպանեցին։ Բայց Ֆրանիսն դուրս չեկավ Սիրիայից և Լիբանանից, քանի որ համարում էր դա իր կենսական շահերի գոտի։ Անգլիան հետ քաշվեց Կովկասից, մեզ սադրեց Թուրքիայի դեմ, մենք պարտվեցինք, բայց Իրաքից դուրս չեկավ, որովհետև այնտեղ կար նավթ»։

Հետևաբար, ըստ Խաչիկյանի, եթե ձեր ընկերը վաղ թե ուշ հետ է քաշվելու, ապա դա դուք պետք է հաշվի առնեք՝ ընտրելով դաշնակիցներ, որոնք այստեղ ունեն կենսական շահեր։

Կարդացեք նաև

Back to top button