
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին և հույս ունի, որ այս որոշումը կառույցում ըմբռնմամբ կընդունվի։ Խորհրդարանական մեծամասնության գնահատմամբ՝ պաշտոնական Երևանը համարժեք է արձագանքում կառույցի որդեգրած դիրքորոշմանը, խորհրդարանական ընդդիմության կարծիքով՝ այս դիրքորոշումն այլ կերպ , քան քաղաքական դեմարշ, որակվել չի կարող։ Ուշագրավ է, որ որոշումը կայացվում է եվրոպական ուղղությամբ գրանցվող հաջողությունների ֆոնին և դարձյալ ակտիվացնում քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսակցությունները։
Լուկաշենկոն զանգել է Փաշինյանին և մերժում ստացել: Ըստ պաշտոնական լրահոսի ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ:
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդի նիստը: Դրան վերաբերող հարցերն են քննարկել Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահը, սակայն, Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել այդ նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Արդյո՞ք հասունանում է կտրուկ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը՝ անվտանգային այս կառույցին Հայաստանի անդամակցության հարցով․ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարում է՝ որոշման հիմքում կառույցից հայկական կողմի դժգոհություններն են։
«Դուք օգտագործում եք գնահատողական բառեր՝ «հարաբերություն սառեցնել», «լավացնել», «վատացնել»: Քանի տարի շարունակ, սկսած 2021 թվականի Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակումից, ՀԱՊԿ-ին ուղղված մեր դիմումից և դրան ոչ պատշաճ արձագանքելուց հետո, մենք բազմաթիվ անգամներ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այդ կառույցի գործունեության վերաբերյալ: Եթե մեկ, երկու, հինգ նիստի չմասնակցեցինք, վեցերորդ քայլով պետք է դո՞ւրս գանք այդ կառույցից: Այն խնդիրները, որոնք մատնանշվել են, այդ խնդիրներին պատշաճում է այս վարքագիծը: Մնացածը դա ձեր տրամաբանությունն է, ձեր ենթադրությունն է, ձեր կարծիքն է»:
Պատգամավորն առաջարկում է յուրաքանչյուր փուլի խնդիրները քննարկել այդ փուլում: Թե ինչ կլինի մեկ տարի հետո՝ որոշումների առումով, դժվարանում է կանխատեսել:
Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Լրատվամիջոցների հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ հասկանում են, որ յուրաքանչյուր պետության ղեկավար կարող է ունենալ իր աշխատանքային գրաֆիկը, իր հանգամանքները, սակայն կարծում են, որ նման հանդիպումները գործողությունները համադրելու լավ հնարավորություն են:
ՀԱՊԿ խորհրդի նիստը մերժելու՝ Հայաստանի դիրքորոշումը հասկանալի չէ խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը լուրջ վտանգներ է տեսնում։
«Արդեն ակնհայտ է, որ որերորդ դեպքն է՝ առաջին դեմքերով չեն մասնակցում: Եվ սա այլ կերպ, քան «դեմարշը», դժվար է բնութագրել: Այստեղ ավելի շատ խոսքը ճամբարափոխության մասին է, այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն: Մենք այդ հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք և սա կործանարար հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Ռուսները խոսք ունեն՝ лес рубят — щепки летят: Հիմա մենք չհայտնվենք այդ թեփուկների վիճակում: Աշխարհաքաղաքական մեծ հարց է լուծվում»:
ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարթակներում տարբեր միջոցառումներից Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը դիտարկվում է որպես քաղաքական վեկտորի փոփոխության փորձ: Մինչդեռ պաշտոնական Երևանը դրա մասին չի խոսել, ավելին՝ մշտապես մերժել է հարցի այդպիսի ձևակերպումը: Այդ դեպքում ինչո՞վ է հիմնավորվում ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՏՄ կառույցների հետ Հայաստանի լարվածության աճը՝ եվրոպական ուղղությամբ գրանցվող ջերմացման ֆոնին: Արման Եղոյանը սա բացատրում է փոխլրացման քաղաքականությամբ:
«Այսօր աշխարհում այնպիսին է իրավիճակը, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ կոմպոնենտից: Դա կոմպոնենտների համադրություն է: Այդ անվտանգային կոմպոնենտը շատ բազմաշերտ է: Հայաստան-ԵՄ հարաբերությունների բովանդակության ընդլայնումը մեր անվտանգային ճարտարապետության շատ կարևոր բաղադրիչներից է, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսականից, առևտրաշրջանառությունից ու մինչև լոգիստիկա, որը էլի շատ կարևոր է»:
Արման Եղոյանը միաժամանակ հավելում է՝ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա։ Իսկ ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացում այս պահին գտնվում ենք գործող համաձայնագրի կիրարկման փուլում, որը, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է ավարտվի 2026 թվականին՝ բացառությամբ 1-2 կոմպոնենտի, որոնք նախատեսված են 2027-ի համար:
ՌԴ–ի հետ Հայաստանի ակնհայտ տարաձայնությունները կապված են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մեկնաբանության հետ: Ռուսաստանի պնդումներով՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է վերահսկեն իրենք, մինչդեռ Հայաստանը պնդում է հակառակը և ԱԱԾ կազմում արդեն ստեղծել է հատուկ կառույց, որը զբաղվելու է այդ գործառույթով: Արման Եղոյանը չի հաստատում լուրերը, թե Հայաստանը փորձելու է չեղարկել հայտարարության 9-րդ կետը, որը կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում.
«Շատ տարբեր բաներ կարող է նշանակել, բայց դա մի բան հաստատ չի նշանակում: Դա չի նշանակում արտատարածքային միջանցք: Այ դա, չի նշանակում»:
Իշխանական պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսված ենթակառուցվածքների առանձնահատկությունների վերաբերյալ քննարկումներն ընթանում են միջկառավարական հանձնաժողովում: Քաղաքական քննարկումները, ըստ Եղոյանի, արդյունքի դեռ չեն հասել:




