
Մեկ շաբաթից ավելի է Վանաձորում շահագործվում են պլաստիկե նոր աղբամանները, որոնք ձեռք են բերվել Եվրամիության դրամաշնորհի շրջանակում՝ առանց ավագանու հաստատման: Համայնքապետարանում վստահեցնում են՝ ստիպված էին շահագործել դրանք՝ աղբի ավելացող ծավալների պատճառով: Քաղհասարակությունը դժգոհում է՝ առանց այն էլ անգործության մատնված ավագանուն անտեսելը տեղական ինքնակառավարման ինստիտուտը ոտնահարելու հերթական քայլն է:
Խոշորացումից հետո շուրջ 150.000 բնակիչ ունեցող հանրապետության 3-րդ քաղաք Վանաձորը շարունակում է ողողված մնալ աղբի մեջ: Կենցաղային ու շինարարական թափոններն ամենուր են՝ կենտրոնում ու ծայրամասերում: Դատարկ աղբարկղերը հազվագյուտ են։ Անմխիթար վիճակում է նաև աղբարկղերի շրջակայքը, ինչը բնակիչների պնդմամբ, աղբն անփութորեն տեղափոխելու հետևանք է: Աղբի հարևանությամբ ապրելը սովորական է դարձել, ասում են, տարիներով պայքարում ենք՝ լսող չկա:

«Սատկած խոզ էլ են բերել գցել, սատկած շուն, ինչ ասես: Հերիքա էլի, արդեն նադայել ենք եղել, ինչքան ասում ենք՝մեկ ա»:
«Ցուրտ ա, հենց դուռը բաց ենք անում, կռիսները սաղ թափվում են ներքև, զոռով հետ ենք ածըմ, կռիսանոց ա, մեղք ենք, էս ժողովուրդն էլ ա մեղք: Ընդի նստած քաղաքապետի համար քյալլա են տալիս, իրար ջարդում, որ քաղաքապետ դառնան, դե թող անեն էլի, մաքրեն»:
Գրեթե 2 տարի Վանաձորի ժամանակավոր իշխանություններին չի հաջողվում պատշաճ աղբահանում կազմակերպել: Ավագանին նիստեր չի գումարում, մրցույթներ տեղի չեն ունենում: Աղբահանող ընկերությունների հետ ժամանակավոր պայմանագրերով են աշխատում, բայց մեքենաների պարկն այնքան հնամաշ է, որ մինչև աղբավայր հասնելը ճանապարհները ողողվում են պոլիէթիլենե տոպրակներով ու աղբի մնացորդներով:

Հուլիսին Վանաձորի համայնքապետարանը հայտարարեց, որ ստացվել են ԵՄ դրամաշնորհով ձեռքբերված 600 աղբամանները և առաջիկայում համայնքի միջոցներով կգնվեն ևս 350-ը: Նոյեմբերի սկզբին նոր աղբամանները սկսեցին շահագործվել: Համայնքապետի պաշտոնակատարի մամլո քարտուղար Աստղիկ Ավետիքյանը «Ռադիոլուր»-ին ասաց առանց ավագանու որոշման են որոշել շահագործել դրանք՝ հաշվի առնելով քաղաքում աղբի աննախադեպ ծավալները։

Աստղիկ Ավետիքյան․ «3000-ից ավելի արցախցի է եկել, ռուս ռելոկանտներն են շատացել, խոշորացման արդյունքում բնակչությունը բավական մեծացել է , ու աղբի կառավարման խնդիր է առաջացել: Նախկինում աղբարկղերի մոտ շատ ավելի քիչ աղբ ունեինք, քան հիմա: ՀՈԱԿ բացելու համար պետք է առանձին նիստով հաստատվի, սա չի տրվել որևէ ընկերության: Շահագործում են համայնքապետարանի հետ քաղաքացիակա ն պայմանագիր ունեցող անձինք»:
Նոր աղբամանները կսպասարկեն սուբվենցիոն ծրագրով գնված նոր աղբատար մեքենաները: Առաջիկայում Տարածքային զարգացման հիմնադրամից սպասում են ևս 7-ը: Աղբահանության ոլորտում թռիչքային փոփոխություններ են սպասվում՝ ասում է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի խորհրդական Արման Բերնեցյանը։
«Քաղաքը վերջապես կունենա ժամանակակից աղբահանող տեխնիկա, աղբարկղեր՝ գրեթե կրկնակի տարողությամբ: 4 նոր աղբատար մեքենաներ ենք ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով, կառավարության աջակցությամբ ևս 7-ը սպասում ենք: Մեր հաշվարկներով բավարարելու է, որ աղբահանության որակը փոխվի»:

«Առանց ավագանու որոշման համայնքի հաշվեկշիռ գույք ընդունելնու շահագործելը սխալ է»,- ավագանու ԱԵ խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն է ասում՝ չհերքելով, որ ավագանին Վանաձորումշարունակում է չգործել:
«Ցանկացած բան, որ ավագանու գործառույթների տիրույթում է, առանց ավագանու որոշման չպետք է լինի, եթե լինում է, ուրեմն ավագանուն անտեսել են: Մենք դա համարում ենք սխալ գործելաոճ, իսկ առհասարակ ավագանին պիտի գործի, որ ՏԻՄ-ը լինի լիարժեք»:
ԵՄ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրիի խոսքով՝ նախորդ ավագանին հաստատել էր ծրագրի շրջանակում մշակված Վանաձորի Կոշտ կենցաղային թափոնների կառավարման քառամյա ռազմավարությունը: Հույս չունեն, թե նոր ավագանին առաջիկայում նիստ կգումարի: Առանց այն էլ գրեթե 7 ամիս ժամանակ կորցրինք հետընտրական շրջանում ու ծրագրից հետ ընկանք, այլևս սպասել չէինք կարող՝ ասում է։

«Այո, ավագանին ա բալանս ընդունում, բայց Վանաձորում ավագանու նիստեր տեղի չի ունեցել և անհասկանալի ա, թե երբ կարա լինի, մենք ծրագրի գործողություններով առանց այդ էլ ուշացումներ ունենք և չենք կարող մեզ թույլ տալ, որ մինչև ավագանին հաստատի, բալանս ընդունի, հետո նոր տեղադրենք»:
Վանաձորում ընդունված պրակտիկա է հենց աղբարկղի մեջ կամ մոտակայքում աղբ այրելը: Դեռ համայնքի հաշվեկշիռ չանցած 600 աղբարկղերից որևէ մեկի կորստի կամ վնասվելու դեպքում ո՞վ է իրավասու լինելու դիմել իրավապահներին՝ հարցնում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը: Ո՞ւմ գույքն է շահագործում համայնքապետարանը։
«Գույքը համայնքի բալանս ընդունվում ա միայն ավագանու՝ համայնքի հաշվեկշիռ մտցնելուց հետո, եթե դա համայնքի հաշվեկշռում չի, դա կիրառել չի կարելի, որովհետև, եթե օրինակ, ջարդում են և համայնքը որոշում է դիմել ոստիկանություն, ի՞նչ է անելու ոստիկանությունը: Դա ԵՄ հարկատուների հաշվին գնված ապրանք է, դեռևս համարվում է ծրագրինը: Ամեն դեպքում ինքը կարա լուրջ հարված հասցնել Վանաձորի հեղինակությանը և մոտ ապագայում գուցե Վանաձորը զրկվի նման ծրագրերի դիմելու շանսերից»:
Գևորգն ասում է՝ համայնքի միջոցներով գնված 4 աղբատարները շահագործելու համար պետք է համայնքային նոր կազմակերպություն ձևավորվի, մինչդեռ, ինչպես պնդում է համայնքապետի պաշտոնակատարի մամլո խոսնակը, դրանք շահագործվում են համայնքային բյուջեից անհատ անձանց պատվիրակված ծառայությունների միջոցով: Բյուջեի ո՞ր տողով են ֆինանսավորվում այդ անձինք՝ հարցնում է Քոթանջյանը։

«Համայնքի ավագանին բյուջե է հաստատել, բյուջեում բոլոր տողերն առանձնացված են և որպեսզի այդ բանվորներին ու վարորդներին ընդունեն աշխատանքի, ավագանին պետք է նիստ գումարեր և ընդունված բյուջեից տող առանձնացներ, փոփոխություններ աներ բյուջեում, որ կարողանար այդ ծախսերը փակել: Այս գործողությունը, որ կազմակերպել է Վանաձորի համայնքապետարանը, անօրինական է և անտեսում է ավագանուն»:
600 աղբարկղերից 300-ը նախատեսված է պլաստիկի, մյուս 300-ը կենցաղային աղբի համար։ Պլաստմասե փակվող շարժական աղբարկղերը հատուկ կահավորված են քաղաքացիների անհպում օգտագործման համար և մատչելի չեն թափառող կենդանիներին։ Նատալիա Լափաուրին ասում է՝ դրանք դեռևս ծրագրի գույքն են համարվում: Տեղյակ է, որ շահագործվում են: Հայտնի գերմանական բրենդի բարձրորակ աղբամաններ են՝ ասում է, չեմ էլ ուզում պատկերացնել, որ քաղաքացիները կարող են դրանց հետ վատ վարվել՝ գողանալ կամ վնասել: Մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ այդ ամենն իրենց համար է:
6000 քաղաքացու շրջանում աղբաթափման նոր մշակույթի ձևավորմանն ուղղված իրազեկման արշավ են արել: Ծրագրի շրջանակում առաջիկայում Վանաձորը կունենա նաև ավլող մեքենա, աղբահավաք մեքենաները լվացող սարք, ինչպես նաև պլաստիկի վերամշակման հոսքագիծ: Պլաստիկի համար նախատեսված աղբարկղերում հավաքված հումքի վերամշակման արդյունքում կթողարկվի շինարարական արտադրանք: Այն կապահովի 15 աշխատատեղ:





