
Հանրապետության բոլոր դպրոցներն արդեն իսկ ստացել են նոր չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված նոր դասագրքերը: Այն առարկաների ուսուցումը, որոնց համար նոր դասագրքերը չեն ստեղծվել, իրականացվում է նախկին դասագրքերով և նոր չափորոշիչներով սահմանված ուսումնական նյութերով: ԿԳՄՍ փոխնախարարն իրազեկել է նաև, որ նշյալ դասարաններում բացակա, ինչպես նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների դասագրքերի մրցույթը հայտարարված է, և նախարարությունն այժմ սպասում է հեղինակային խմբերի հայտերին: Դասագրքերի ստեղծման փորձաքննության գործընթացը ևս կլավարկվի:
ԿԳՄՍ նախարարությունում հուսով են՝ գոնե հաջորդ ուսումնական տարում վերջապես կունենան այն բոլոր դասագրքերը, որոնք պետք է ունենային դեռ այս ուսումնական տարում։ Նոր մրցույթն արդեն հայտարարված է և նախարարությունն այժմ սպասում է հեղինակային խմբերի հայտերին, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Մենք սպասում ենք հեղինակային խմբերի աշխատանքին և հուսով ենք, որ այս տարի ավելի լավ պատկեր կունենանք, որովհետև անցած տարի առաջին տարին էր, և մարդիկ մտավախություն ունեին՝ ինչպես մասնակցել այս գործընթացին և այլն»։
Փոխնախարարի կարծիքով՝ այս տարի ավելի լավ արդյունքներ են գրանցելու, քանի որ նաև ժամանակային առումով հնարավորություն կունենան ավելի վաղ ամփոփելու մրցույթի տվյալները, փորձաքննելու դասագրքերը, այնուհետև տպագրելու դրանք, որ հաջորդ ուսումնական տարվա սկզբին բոլոր դպրոցներն ապահովված լինեն դասագրքերով։
«Հիմնականում օտար լեզուներից ունեինք խնդիր։ Օտար լեզվով դասագրքերը չէին ներկայացվել։ Մի քանի այլ առարկաներից ևս ունենք։ 10-րդ դասարանում շատ էին չներկայացված դասագրքերը, դրա համար 10-րդ դասարանում այս տարի չափորոշիչը չներդրվեց»։
Փորձագիտական դրական եզրակացություն չստանալու կամ հայտեր չլինելու պատճառով 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում չեն կազմվել «Ռուսաց լեզվի» նոր դասագրքեր։ Նոր չափորոշիչներով 5-րդ և 7-րդ դասարաններում չկան նաև Ֆրանսերենի, Կերպարվեստի, Արվեստի, Իմ հայրենիք, Թվային գրագիտության և համակարգչային գիտության դասագրքեր, 7-րդ ում՝ գերմաներենի դասագրքեր։
Նոր չափորոշիչներով ստեղծված ու նաև չստեղծված դասագրքերրի համար սա փորձնական տարի էր՝ կարծում է նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դուք չեք կարող սկսել մի աշխատանք և ունենալ 100 տոկոսանոց արդյունք՝ հատկապես կրթության ոլորտում»։
Ի տարբերություն նախարարության ներկայացուցիչների՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ դասագրքերի բացակայությունը պարզապես թերի կազմակերպված մրցույթի հետևանք է։
«Ուսուցիչները ստիպված հին գրքերով, պատճենահանելով, տարբեր նյութերով են դասավանդում։ Նման բան Հայաստանում չի եղել և սա արդեն լուրջ խնդիր է։ Բացի դրանից, բազմաթիվ առարկաներից դիմորդներ էլ չկան։ Իհարկե, կարելի է մեկնաբանել, որ եթե մարդիկ չեն դիմել, ինչ մեղք ունի նախարարությունը։ Բայց այստեղ հակառակ հարցն է առաջանում։ Իսկ ինչո՞ւ չեն դիմել։ Գուցե պատճառն այն է, որ ժամկետներն են կարճ եղել, և մարդիկ չեն ուզել պատմության գրքի նման լինի։ Նաև գուցե՝ ֆինանսական պայմանները ևս շատ վատն են եղել»։
Ժամկետների խնդիր իսկապես կար, համաձայնում է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Բայց նաև այս ձևաչափով դասագիրք կազմելն էր նորություն։
«Մինչև հիմա հրատարակչություններն էին իրականացնում թե՛ ստեղծումը, թե՛ տպագրությունը։ Այժմ դաշտը բաց է, և բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են դասագիրք ստեղծել, կարող են։ Բնականաբար, քանի որ առաջին անգամ էր իրականացվում, երբեմն մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում, նաև ժամանակի մեջ չտեղավորվեցին։ Դրանով պայմանավորված՝ մենք այս տարի շատ ավելի շուտ սկսեցինք մրցույթը, որպեսզի մարդիկ պատրաստվելու ժամանակ ունենան»։
Սեպտեմբերից դպրոցներում ներդրված պետական նոր չափորոշիչները և նոր ընթացակարգերով մեկնարկած դասագրքերի մրցույթը փաստի առաջ կանգնեցրին դպրոցներին, որոնք ուսումնական տարին սկսեցին առանց նոր դասագրքերի։ Նախարարության դրսևորած շտապողականության հետևանքով ուշացավ նաև դասագրքերի տպագրությունը, ու եղած դասագրքերի խմբաքանակները մաս-մաս բաշխվեցին հանրակրթական դպրոցներին։ Նախարարությունում այժմ փորձում են շտկել իրավիճակը և հավաստիացնում են, որ փորձաքննության ընթացքում արձանագրված խնդիրներն ուսումասիրվել և համապատասխան փոփոխություններ են արվել։ Նոր կարգավորումներն առաջիկայում կհաստատվեն։




