
Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Փորձագետները նկատում են, որ հայ-բրիտանական երկխոսությունը նոր իրողություն չէ, այդուահանդերձ, տվյալ ժամանակաշրջանում հարցն այն է, թե ինչ նոր որակ է ստանալու այդ երկխոսությունը, որը կպարունակի փոխշահավետ հեռանկար ու կնպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Ըստ փորձագետների՝ հայ-բրիտանական հարաբերությունների վերաթարմացման անհրաժեշտություն վաղուց կար։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի հետ կապված կարծրատիպեր կան՝ մասնավորապես պայմանավորված նաև խորհրդային ժամանակահատվածի ազդեցությամբ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նկատում է, որ այդ առումով, հարաբերությունների վերարժևորման անհրաժեշտություն միանշանակ կա, քանի որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենք են վերանայել Երևանի նկատմամբ քաղաքականությունը՝ Հայաստանը դիտարկելով որպես ենթակառուցվածքների տիրապետման առումով կարևորագույն աշխարհագրական մաս։
«Պետք է փաստենք, որ այդ համատեքստում վերարժևորվում է նաև Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ բազմակողմ, երկկողմ հարաբերությունների ամբողջ տրամաբանությունն ու ձևաչափը։ Չափազանց բարձր եմ գնահատում այս քաղաքականությունը, որ իրականացվում է, որը խոստանում է բավականին լուրջ համագործակցության տիրույթներ բացել երկու երկրների ձևաչափում և ոչ միայն»։
Փորձագետները նկատում են, որ թեպետ հետխորհրդային շրջանում Մեծ Բրիտանիան ռազմավարական նշանակության ներդրումներ է արել Ադրբեջանում, նաև խորը կապեր ունի Թուրքիայի հետ, այդուհանդերձ, հենց այդ արձանագրումներն էլ տալիս են հարցի պատասխանը, թե ինչու՞ է պետք խոսել Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունների վերագործարկման մասին։
Քաղաքագետ Արեգ Քոչինյան. «Ընդհանրապես, քաղաքականությունը, որ տասնամյակներ շարունակ եղել է մեզանում, որ՝ իմաստ չունի կամ՝ նպատակահարմար չէ քաղաքական էներգիա և ջանք գործադրել՝ զարգացնելու համար հարաբերությունները այն երկրների հետ, որոնք ավելի մոտ են մեր քաղաքական հակառակորդների հետ, ապացուցվեց, որ հեռանկարային չեն»։
Հետևաբար, ռազմավարական երկխոսություն ծավալելը, ըստ քաղաքագետի, այն տրամաբանության շրջանակներում տեղավորվող գործողություն է, որի նպատակը հայ-բրիտանական հարաբերությունների վերագործարկումն է։
«Նշանակու՞մ է արդյոք սա, որ մենք, այսպես ասեմ՝ կարճաժամկետ կամ անգամ միջնաժամկետ կտրվածքում կկարողանանք մեր հարաբերությունները հասցնել այն մակարդակին, որը որ կա Թուրքիայի, կամ Ադրբեջանի հետ՝ չեմ կարծում։ Դա իրատեսական չէ ըստ իս, բայց պետք է քաղաքական էներգիա և ջանք ներդնել՝ առավելագույնը ստանալու համար այդ հարաբերություններից՝ թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական հարթություններում»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Մեծ Բրիտանիայի համար ունեն մեծ նշանակություն, հետեւաբար՝ Հայաստան-ՄԹ ռազմավարական երկխոսությունը մեծապես պայմանավորված է նրանից, թե ռեգիոնում ի՞նչ շահ է հետապնդում Լոնդոնը։ Այս տեսանկյունից, Հակոբ Բադալյանի խոսքով, կարևոր է, թե Բրիտանիայի հետ ռազմավարական երկխոսության հանգամանքը ի՞նչ տրամաբանություն է ենթադրելու Հայաստանի անվտանգության խնդիրների համատեքստում:
«Մի կողմից Բրիտանիան չի կարող Հայաստանի հետ հարաբերություն կառուցել Ադրբեջանի հետ հակադրվելու որեւէ ռիսկով, մյուս կողմից, սակայն, Բաքվի հանդեպ տնտեսական մեծ ազդեցությունն իհարկե Բրիտանիային դարձնում է ռեգիոնալ ազդեցիկ դերակատար, որն անշուշտ քաղաքական մեծ կշիռ կարող է ունենալ ռեգիոնալ անվտանգության մթնոլորտի ձևավորման գործում և անշուշտ ունի այդ կշիռը։ Ոչ միայն կարող է ունենալ։ Եվ ըստ այդմ՝ կարևոր է դառնում Բրիտանիայի հետ դիվանագիտական արդյունավետ աշխատանքի հանգամանքը»:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նկատում է, որ Հայաստանն առնվազն հայտարարել է, որ որդեգրել է անվտանգային համագործակցության հնարավորինս լայնացում, ուստի այս երկխոսությունը նույնպես պետք է վերաբերի այդ ոլորտին։
«Հնարավորության դեպքում՝ ցանկացած մասով համագործակցությունը, լինի դա կադրերի պատրաստման, ռազմատեխնիկական կամ որևէ այլ ոլորտում, կլինի քայլ առաջ ու այդ ուղղությամբ նույնպես, բնականաբար, պետք է աշխատել»։
ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսում ընդգծել էր, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Միրզոյանը հույս էր հայտնել, որ կկարողանան համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։
Այս տարվա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացել է հայ-բրիտանական գործարար համաժողով, որի շրջանակներում քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորությունները։ Հայկական կողմը խրախուսում է բրիտանական ընկերությունների մասնակցությունը խոշոր ներդրումային ծրագրերին։
Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ։ Հետևաբար, ըստ փորձագետների, Հայաստանի արտգործնախարարի բրիտանական այցն ու ռազմավարական երկխոսության առաջին նիստի տրամաբանությունն էլ դրանք բացահայտելուն պիտի միտված լինեն։ Հայաստանն էլ երկխոսության իր բովանդակությունը թերեւս պետք է կառուցի՝ նկատի ունենալով բրիտանական ռազմավարության բազմակողմ ու բազմաշերտ երանգները:




