
Կառավարության որոշմամբ 516 մլն 500 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզպետի աշխատակազմին, որից 416 մլն 100 հազար դրամն ուղղվելու է Վաղարշապատ համայնքի աղբահանության բարելավմանը: Էջմիածնում աղբահանությունը կատարվում է հնամաշ մեքենաներով, դրանց անսարքությունների պատճառով սանիտարական մաքրությունը դժվարությամբ է իրականացվում: Հատկացված գումարով ձեռք են բերելու ինքնաթափ և աղբատար մեքենաներ, ինչպես նաև ժամանակակից փակ աղբամաններ:
Արդեն տևական ժամանակ աղբահանությունը խնդիր է դարձել ոչ միայն Վաղարշապատի բնակիչների, այլև համայնքապետարանի համար: Հին, կոտրված աղբամանների ու հնամաշ աղբատար մեքենաների անսարքությունների պատճառով համայնքում հաճախ հակասանիտարական վիճակ է առաջանում: Քաղաքացիները պարբերաբար բողոքում են։
«Այժմ մեր քաղաքում շատ կարևոր է աղբահանության հարցը: Կուզեի մեխանիզմներ մշակվեին նոր աղբամանների, աղբատար մեքենաների հարցում, կամ էլ ճանապարհներ գտնեն քաղաքում այդ աղբի կուտակումները վերացնելու ուղղությամբ»:

Մեքենաների անսարքության հատևանքով կրկնակի դժվարանում է աղաթափ բանվորների աշխատանքը: Բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրված աղբամանները չեն բավարարում, աղբի կուտակումներն էլ անխուսափելի են դառնում։
«Երեք, թե չորս աղբամանները սպասարկում են 4-5 շենքերի բնակիչներին: Այս ընթացքում խնդիր կար. մեքենաները մի օր փչանում էին, չէին գալիս, որի հետևանքով աղբամանները լցվում էին, թափվում ներքև, առաջացնում աղբի կուտակումներ: Մի ընթացք էլ կար, որ սովորական «Զիլ» մակնիշի մեքենայով մոտենում էին, աշխատակիցները ձեռքով աղբամանները դատարկում էին գետնի վրա, պատկերացնու՞մ եք, 21-րդ դարում, և գետնից բահերով լցնում ավտոմեքենայի թափքի մեջ»:
Երբեմն աղբի հեռացումն իրականացվում է երկու տեխնիկայի միջոցով, որն ավելի երկար ժամանակ է պահանջում, քան աղբատար մեքենայի դեպքում: Աղբի կուտակումներից ու գարշահոտությունից զերծ մնալու համար բնակիչներն այլ լուծումներ են առաջարկում:

«Աղբահանությունը հիմա շատ վատ է, աղբամանները բավականին հեռու են դրված: Այս տարածքում միայն մի տեղ է, որը սպասարկում է 5-6 շենքի բնակիչներին, չհաշված սեփական տները: Ընդամենը երեք աղբաման: Առաջնահերթ առաջարկում ենք առաջվա նման աղբի մեքենան մտնի բակ ու բոլոր բնակիչներն իջնեն ու աղբը թափեն»:
«Անկեղծ ասած, մեր բակը երևի տարածքում միակ ասֆալտապատ բակն է և այստեղ երեխաներ են խաղում: Երբ աղբը դատարկում են գետնին, հետո գետնից լցնում մեքենայի թափքի մեջ, այս ամբողջ կեղտաջրերը, նամանավանդ ամռան ամիսներին, տակից հոսում էր, կեղտը մնում էր ասֆալտի վրա, գարշահոտություն էր տարածվում, երբեք իրենց հետևից չեն լվանում: Լվացող մեքենան էլ այստեղ չի մտնում»:

Լվացող մեքենայի փոխարեն բնակիչներն են լվանում աղբի մնացորդները: Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը նշում է, որ համայնքի ավտոպարկն ուն 5 ինքաթափ և 10 «KO» մակնիշի աղբաթափ մեքենաներ, որոնք ամբողջ ծավալով չեն աշխատում, անսարք են և հաճախ խափանվում են.
«Այդ հնամաշ տեխնիկան ամեն օր փչանում է: Մինչև մասերը ճարում ենք, օգտագործված մասերի մասին է խոսքը, մեքենաները կարող են օրերով կանգնած մնալ: Իսկ եթե միաժամանակ երկու, երեք կամ չորս մեքենա է փչանում, կամ վարորդն է աշխատանքից դուրս գալիս և նոր վարորդ դժվարությամբ ենք գտնում այդ տեխնիկայի վրա աշխատելու համար՝ մենք ունենում ենք նման կոլապսային վիճակ: Այդ դեպքում ստիպված աղբը դատարկում են գետնին, տրակտորով բարձում ինքնաթափի մեջ: Սա կարեկցանք է առաջացնում նաև աղբաթափ բանվորների նկատմամբ»:

Վաղարշապատ համայնքի աղբահանության նպատակով առաջարկվել է համալիր լուծում՝ ձեռք են բերելու աղբատար մեքենաներ՝ համապատասխան փակ աղբամաններով: Մրցույթը կայացել է, հայտնի է մեքենաներ մատակարարող ընկերությունը: Դիանա Գասպարյան.
«Մենք որոշել էինք կոմպլեքս փոխել, որ մեկընդմիշտն այդ հարցը լուծենք: Գումարը տրամադրվել է, մրցույթը մեքենաների մասով հաղթել է «Կամազ» ընկերությունը: Ունենալու ենք փակ ժամանակակից աղբամաններ: Մենք չէինք կարող փոխել միայն մեքենաները, դրա հետ հարմարեցված աղբամաններ են պետք: Դա է պատճառը, որ այսքան ձգձգվում էր բարեփոխումը. մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Հիմա ամբողջությամբ բոլոր տեղերում, կենտրոնական հատվածներում կտեղադրվեն նոր աղբամաններ և դրանք սպասարկող նոր, 2023թ արտադրության «Կամազ» մակնիշի աղբատարներ»:
Օրեր առաջ կառավարության որոշմամբ 516 մլն 500 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզպետի աշխատակազմին, որից 416 մլն 100 հազար դրամն ուղղվելու է Վաղարշապատ համայնքի աղբահանության բարելավմանը: Ընդհանուր առմամբ ձեռք են բերելու 7 աղբատար, մեկ ինքնաթափ, «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ և աղբատարներին հարմարեցված 1200 փակ աղբամաններ:




