
Վիճակագրությունը փաստում է, որ 2023 թ հունվարի մեկի տվյալներով 2022–ին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 8 տոկոսով նվազել է։ Փորձագիտական դաշտում նվազման տարբեր պատճառներ են տեսնում՝ ռուս–ուկրաինական պատերազմից մինչև այդ երկրի միգրացիոն քաղաքականության խստացում։ Չնայած մեկնողների թվի նվազելուն, վերջին ութ ամսվա տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների աճ է արձանագրվել։
Ռուսաստանը, տարիներ շարունակ, Հայաստանի քաղաքացիների համար արտագնա աշխատանքի ամենացանկալի երկրներից էր։ Այսօր էլ, հատկապես մարզերի բնակիչներից շատերը աշխատանք են փնտրում Ռուսաստանում․
«Նեղ ենք ապրում, աշխատանք չունենք։ Ստիպված գնում ենք, որ չգնանք, չենք կարող։ Ֆռում ենք, գտնում ենք աշխատանք։ Մշտական չունենք»։
Բայց վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը նվազել է։ Փորձագիտական դաշտում սա հիմնականում կապում են Ռուսաստանի տնտեսական վիճակի, ռուբլու անկման ու ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված այլ խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ ՌԴ–ը տարեցտարի խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Վերջին շրջանում գրեթե ամեն տարի փոփոխություններ կատարվում են։ Որոշակի խստացումների տենդենցը գլոբալ է։ Բոլոր երկրներն էլ իրենց միգրացիոն քաղաքականությունը խստացնում են՝ ասում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նշում է՝ ՌԴ–ն որոշակի փոփոխություններ կատարել է «Քաղաքացիության մասին» ու «Հաշվառման մասին» օրենքներում։
«Օտարերկրացիների մասին օրենսդրությունում, ըստ էության, խիստ պահանջ է դառնում տվյալ հասցեով հաշվառման պարագայում սեփականատիարոջ համաձայնությունը։ Նախկինում էլ կար, ուղղակի օնլայն համակարգի ներդրման միջոցով իրավիճակներ են ստեղծվում, երբ որ միգրանտը չունի մեր հանրային ծառայության համարանիշի նման համարանիշ։ Այդ պարագայում դիմումը նրա փոխարեն պետք է սեփականաատերը ներկայացնի։ Այս պարագայում միգրանտը նույնիսկ գործողություն չի իրականացնում։ Նրա փոխարեն գործողությունը կատարում է սեփականատերը, ինքն էլ հաստատում է, որպեսզի անձը վերցվի միգրացիոն հաշվառման»։
Միգրանտը և նրա վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն «Госуслуги» կայքում, բնակարանը վարձելուց հետո միգրանտը կայքի իր էջում պետք է ներբեռնի վարձակալության պայմանագիրը, որը եռօրյա ժամկետում պետք է հաստատի բնակարանի սեփականատերը, ինչից հետո միգրանտը կհամարվի հաշվառված վարձակալած բնակարանում։ Եթե բնակարանի սեփականատերը չհաստատի՝ հաշվառում չի իրականացվի:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյան․
«Այդ դեպքում, երբ պետք է հաշվառեր տանտերը և չէր կատարում՝ անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածով վարչական պատասխանատվության էր ենթարկվում, բարձր տուգանք էր նախատեսված։ Եթե տանտերը 3 օրում չհաստատեց, տանտիրոջը ոչինչ չի հասնում, բայց միգրանտը,եթե 30–օրյա ժամկետում չհաստատեց, ապա վաստակում է մուտքի արգելք»։
Փոխվել են նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմքերը, ասում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը․
«Որոշակի խստացումներ են եղել «Քաղաքացիության մասին» օրենքում։ Գործարկվել է քաղաքացիությունից զրկման ինստիտուտը՝ որոշակի պայմաններում»։
Կատարված փոփոխություններով՝ Ռուսաստանի քաղաքացի երեխա ունեցողները նախկինում կարող էին միանգամից դիմել ու քաղաքացիություն ստանալ։ Այժմ, նախ՝ պետք է կացության կարգավիճակ ստանան, այս դեպքում՝ անժամկետ և հետո միայն քաղաքացիություն։ Եթե նախկինում միայն ռուսերենից էին քննություն հանձնում, ստանում հավաստագիրն ու այդ հիմքով ձեռք բերում քաղաքացիություն, այժմ նաև Ռուսաստանի պատմության ու օրեսնդրության հետ կապված քննություն պետք է հանձնեն։ Ներդրում անողները նախկինում պարզեցված կարգով կարող էին քաղաքացիություն ստանալ։ Այժմ հանվել է նաև այդ հիմքը։ Ավելացել է քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը, եթե նախկինում քաղաքացիությունը չեղարկում էին, այժմ՝ զրկում են, հայտերն էլ մեկ տարվա փոխարեն քննարկում են երեք ամսից սկսած։
«Նախկինում ՌԴ քաղաքացու հետ երեք տարվա գրանցված ամուսնություն ունենալու պարագայում կարող էր պարզեցված կարգով դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։ Այժմ, նոր օրենքով, պետք է համատեղ երեխա ունենալ։ Լավագույն դեպքում՝ կարող են կացության իրավունք ձեռք բերել»։
Կիսամյակային տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թ հունվարի մեկի տվյալներով 2022–ին Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մենկողների թիվը մոտ 8 տոկոսով նվազել է։ Նվազել է նաև քաղաքացիություն ստացողների թիվը։ Չնայած մեկնողների թիվը նվազել է, Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցած տրանսֆերտների ծավալն աճել է․ հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար՝ աճելով 42 տոկոսով:




