ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բեռնատարները Երևանի կենտրոնով կերթևեկեն միայն գիշերը․ արգելքը վերաբերում է ավելի քան 40 փողոցների

Նոյեմբերի 13-ի առավոտից մեծ ու փոքր բեռնատարները Երևանի մի ծայրից մյուսը գնալու համար ստիպված են շրջանցել Կենտրոնը։ Բեռնատարների երթևեկությունը արգելվել է մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցներում ու պողոտաներում։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը բացատրում է՝ բեռնատարները սահմանված տարածք կարողանալու են մուտք գործել գիշերային ժամերին՝ ժամը 21-ից առվոտյան 7-ը։

«Որպես տարածք սահմանված է Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյուն փողոց շրջանակում ընկած գրեթե 40 փողոցներ և պողոտաներ»,– պարզաբանում է Հարությունյանը։

Մայրաքաղաքի փողոցները համապատասխան նշաններով արդեն կահավորվել են․ Հարությունյանը հրավիրում է տնտեսվարողների ուշադրությունը․ սահմանված 2.5 տոննան բեռին չի վերաբերում, այլ մեքենայի դատարկ քաշի և առավելագույն թույլատրելի բեռի ծավալի համագումարն է։

«Օրինակ, «Ֆորդ տրանզիտ» կամ «Գազել» տիպի տրանսպորտային միջոցը ընկնում է տվյալ սահմանափակման տակ, այսինքն նմանատիպ տրանսպորտային միջոցները և ավել բեռնատարողությամբ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ ընկնելու են տվյալ սահմանափակման տակ»։

3.5 տոննա և ավելի ընդհանուր զանգված ունեցող բեռնատարների երթևեկության սահմանափակումներ մայրաքաղաքում գործում են դեռ խորհրդային տարիներից՝ հիշեցնում է ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ խաչատրյանն ու նկատում՝ սա չի խանգարում Երևանի կենտրոնում շատ հաճախ բեռնատարների հանդիպել։ Մասնագետը միջազգային փորձն է մատնանշում․ օրինակ, Չինաստանում նմանատիպ արգելքը անշրջանցելի դարձնելու համար հատուկ արգելապատնեշներ են կիրառվում։ Կարգավորումը տեղին ու անհրաժեշտ էր,  սակայն բացթողումներ կան՝ շեշտում է Արտակ Խաչատրյանը։

«Երկու խնդիր կա․ նախ՝ պետք էր տնտեսվարողների շահերին նայել և մի քանի ամիս ժամանակ տալ, որ մարդիկ հնարավորություն ունենային նախապատրաստվելու, գուցե մեքենաները վաճառելու, նորերը ձեռք բերելու։ Բացի դրանից բեռնատարների մուտքը վաղուց արգելված էր, բայց մինչև օրս դա չի խանգարում, որ բեռնատարները գնան գան․․․ տարբերությունը ո՞րն է, ընդամենը 5000 դրամ տուգանք է ճանապարհային նշանին չենթարկվելու համար»։

Նոյեմբերի 13-ից ուժի մեջ մտած այս սահմանափակումը Երևանի Կենտրոնի բեռնաթափման համընդհանուր ծրագրի մի կարևոր մասն է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնում է՝ հաջորդիվ կվերնայեն վճարովի կայանատեղիների գները ու  կզոնավորեն, կավելացնեն  նաև հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։ Քաղաքապետարանը պլանավորում է նաև մայրաքաղաքի որոշ փողոցներում որոշակի ժամերի և օրերի արգելել ավտոմեքենաների մուտքը։

«Անընդհատ ավելացող ավտոմեքենաների ծավալն ուղղակի հնարավոր չէ, որ քաղաքը կարողանա սպասարկել։ Մեր խնդիրն է՝ ամբողջացնել տրանսպորտային մեր համակարգը, նոր ավտոբուսներով համալրել, ունենալ միասնական տոմսային համակարգ, ավտոբուսային գծեր, ավելացնել հանրային տրանսպորտի հնարավորությունները, առավելությունը տալ միայն ու միայն հանրային տրանսպորտին և անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ և այլն»,– ասում է Տիգրան Ավինյանը։

Մայրաքաղաքում երթևեկության խնդիրները բազմաթիվ են, և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար պարզապես ճիշտ լուծումներ ու մեխանիզմներ է պետք գտնել՝ ասում է երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտիները, ըստ նրա, արդյունավետ տարբերակ են։

«Ես, իհարկե, վարորդների իրավունքներն եմ պաշտպանում, բայց իմ անձնական կարծիքն այս իմաստով առանձնանում  Է․ կարծում եմ, որ շատ ճիշտ են անում ու պիտի շատանան տրանսպորտային առանձնացված գծերը։ Ես կարծում եմ, որ մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդները միշտ պետք է ծանրաբեռնված երթևեկեն, իսկ հանրային տրանսպորտը մաքսիմալ հարմարավետություն պետք է ունենա»,– կարծում է Արտակ Խաչատրյանը։

Սակայն, միայն այդ փոփոխությունները բավարար չէն Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար։ Արտակ խաչատրյանը կարծիքով՝ առաջին հերթին պետք է լուծել կայանատեղիների հարցը,  նոր վերգետնյա կայանատեղիներ կառուցել և դրան զուգահեռ շատ արագ ավարտին հասցնել տրանսպորտային բարեփոխումները։

Կարդացեք նաև

Back to top button