Գորիսում շենք է կառուցվում բռնի տեղահանված արցախցիների համար
Գորիս համայնքի տարբեր բնակավայրերում Արցախից տեղահանված մոտ 500 ընտանիք է ապրում։ Գորիսի համայնքապետարանը քարտեզագրել է համայնքի տարածքում առկա բոլոր ազատ շենք-շինությունները, որ դրանք վերափոխվեն բնակարանների։ Առաջին շենքը Գորիս քաղաքում վերակառուցվում է ամերիկահայերի ֆինանսավորմամբ։
«Ննջարան, ննջարան, խոհանոց, զալ, բաղնիք լվացարան։ Կարան ապրեն․․․». ամերիկահայ բարերար Գարեն Բաբախանն է լրագրողներին ներկայացնում Գորիսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող շենքի մանրամասները։ Տեղահանման օրերին Լոս Անջելեսում մոտոցիկալավարների հայկական բրիգադը դրամահավաք էր կազմակերպել։
Բրիգադի անդամ Հրաչ Խոզաբեկյանը աճուրդով վաճառել է իրեն պատկանող ձեռագործ հայկական գորգերն ու գումարը տրամադրել բնակարանաշինությանը։ Գորիսի համայնքապետարանը ամերկահայերին հատկացրել է քաղաքում չգործող պահեստներից մեկի շենքը։
«Սկսել ենք երկու հատից՝ երկու բնակարան ենք սարքելու, սա ավարտելուց հետո ևս 4 ենք սարքելու, ամեն մի բնակարանում ապրելու է արցախցի, որի ամուսինը զոհվել է, բազմազավակ մի ընտանիք ևս, մի խոսքով՝ նրանք, ովքեր պետք ունին»,-ասում է Գարեն Բաբախանը։
Շինաշխատանքներին անձամբ ամերիկահայ բարերարներն են հետևում, շինանյութը իրենք են ընտրում և գնում, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյան․ «Համայնքի ղեկավարի հանձնարարականով քարտեզագրվել են համայնքում առկա բոլոր այն շենք-շինությունները, որոնք ենթակա են վերակառուցման։ Համաներդրումային ծրագրերի շնորհիվ կկարողանանք բնակարանաշինարարություն իրականացնել համայնքի բոլոր բնակավայրերում»։
Ճիշտ է, Գորիս համայնքում հանգրվանած արցախցի բոլոր 500 ընտանքիներին չեն կարող ապահովել բնակարաններով, բայց գոնե մի քանիսը կունենան իրենց սեփական օջախները՝ ասում է Իրինա Յոլյանը։ Թե ովքեր են ապրելու այդ բնակարաններում՝ հստակ որոշված չէ, ցանկացողները շատ են։ Առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես ամենախոցելի ընտանիքներին։
Իրինա Յոլյան․ «6 ընտանիքի համար է այս պահին նախաձեռնությունը իրականացվում։ Եվ իհարկե՝ շարունակաբար համայնքային այլ նշանակության շենքեր ևս կվերակառուցվեն, արդեն ունենք նախագծեր, նույնիսկ բնակարանաշինության համար մրցույթներ ենք հայտարարել, որպեսզի գոնե տարեվերջ կարողանանք մի քանի ընտանիքի ապահովել բնակարանով»։
Կառուցվող բնակարաններում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն ապրելու են անհատույց օգտագործման իրավունքով։ Տան նկատմամբ սեփականության իրավունք ստանալու համար շահառու ընտանիքն այդ բնակարանում պիտի ապրի 30 տարի։
Լուսանկարները՝ Սյունիք ՀԸ-ից