ԿարևորՔաղաքական

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները

Նոյեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, առկա միջազգային մարտահրավերների պայմաններում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը:

Դեսպանը Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Դեսպանն ընդգծել է միջազգային կառույցների դերակատարությունը՝ կանխելու ինչպես մշակութային ցեղասպանությունը, այնպես էլ վերադարձնելու հայ ռազմագերիներին և պահվող անձանց։ Դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը՝ միջազգային երաշխիքների առկայության դեպքում։ Քննարկվել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները։

ՀՀ դեսպանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հունաստանին` հայ ժողովրդին և Հայաստանին հուզող հարցերի նկատմամբ աջակցության համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button