ԿարևորՔաղաքական

«Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկման շահառուն Ռուսաստանն է․ փորձագետ

Թեև Բաքուն ու Անկարան  պարբերաբար հայտարարում են, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում պլանները փոխվել են, բայց նաև չեն շրջանցում այդ մասին խոսելու առիթները։ Դրանցից վերջինը Մոսկվայի այն հայտարարությունն էր, թե Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունն է իրականացնելու վերահսկողությունը Հայաստանի ճանապարհներին։ Զախարովայի այս հայտարարությանը ոչ միայն Երևանը, այլ նաև Բաքուն է արձագանքել։ 

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկման շահառուն Ռուսաստանն է՝ համոզված է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ ՌԴ-ից  կրկին խոսել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, առիթից օգտվել ու հարցին արձագանքել է նաև Ադրբեջանի ղեկավարը։ Միջազգայնագետը սխալ է համարում այս հարցում նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելը։

«Եթե նույնիսկ ընդունենք, որ ռուսական ֆսբ-ի միջոցով պետք է վերահսկողություն լինի, բայց եթե պետական սահման է հատվում և այլ պետության տարածքը որպես տրանզիտ է օգտագործվում, ապա պետք է հստակ նշված լիներ։ Այդ մասին նշված չէ, ինչը շահարկման առիթ է տալիս թե Ռուսաստանին և թե Ադրբեջանին։ ՀՀ իշխանությունները ճիշտ են անում, որ պահանջում են, որ պետք է ՀՀ մաքսային ու հարկային օրենսդրության համապատասխան պետք է տեղի ունենա այդ ամենը։  Ռուսական ֆսբ կարող է վերահսկաղությունն ապահովել, բայց եթե հատում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային հատվածը, Նռնաձոր կոչվող հատվածում պետք է տեղակայված լինի հսկիչ անցագրային կետ։ Այսինքն այս պարագայում շահարկման առարկան դա է դարձել։ Աբսուրդ է առաջանում երբ մենք միայն հղումը տալիս ենք նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անհնար է իրավական բոլոր հանգամանքերը հաշվի առնել՝ հստակեցնում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նաև հստակ հարցադրում անելով թե, ինչու օրինակ նոյեմբերի 9-ի դրույթների համապատասխան Լաչինի միջանցքը փակվեց, չէ որ ռուս խաղաղապահները պետք է ապահովեին Լաչինիով անցուդարձը։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը նախօրեին հստակեցրել է, որ «Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել  չի կարող։ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է»: 

Արարատ Միրզոյանի այս հստակեցմանը նախորդել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը թե նախկինի պես Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այդ թվում՝ բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք ընդունվել են  2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին։ Դրանցում,  ըստ Զախարովայի, հստակ արձանագրված է Ռուսաստանի դերը «ըստ եռակողմ համաձայնագրերի՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունը»։

Այս հայտարարությունն անտարբեր չի թողել Ադրբեջանի նախագահին ։ Նա հիշատակել է  Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ  հանդիպումն ու նշել, թե Երևանը երեք տարի շարունակ հրաժարվում է իր պարտավորությունները կատարել և  դեպի Նախիջևան ճանապարհ ապահովել։

Նաև հայտարարել է, թե Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Արաքսի ափով երկաթուղի և մայրուղի  կառուցելու երթուղու հարցում։

 «Ռաիսին բազմիցս ասել է, որ իր երկրի տարածքով նույն սուվերենության սկզբունքով տալիս է հնարավորություն և ապահովելու իր երկրի  տարածքով Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի հատվածների տարանցիկությունը, ելնելով  իր երկրի օրենսդրությունից ։ Նույնիսկ երկու կամուրջ են կառուցում Արաքսի կամրջին որ արագացնեն բեռնափոխադրումները»։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Արաքսի ափով երթուղու համաձայնեցման մասին ադրբեջանա-իրանական պայմանավորվածությունը Հայաստանից միջանց չպահանջելու Թեհրանի մղումներով է բացատրում։

«Սեփական տարածքով այդ երթուղիները անցկացնելը Իրանը դիտարկում է որպես «Զանգեզուրի միջանցք» կոչվածը չեզոքացնելու միջոց, բայց անկախ դրանից  Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ չեն հրաժարվում Հայաստանի տարածքով միջանց ստեղծելու ծրագրից, որին Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել»։

Իրանագետի համոզմաբ՝ թեև Իրանը դեմ է Հայաստանի տարածքով միջանցքի գոյությանը, սակայն Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգության դեպքում դժվար թե միջամտի, հաշվի առնելով նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոյությունը, բայցի դա ըստ նրա առանց Հայասատանի խնդրանքի դժվար թե Իրանը փորձի միջամտել։

Կարդացեք նաև

Back to top button