ԿարևորՔաղաքական

Հայաստանն առաջարկներ կուղղի Եվրոպային

Հայաստանանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ի աշխատանքների առաջին օրվա բանախոսների ցանկում է: Նրա ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով երեկոյան։

Արտգործնախարարը նույնպես Ֆրանսիայում է, մասնակցում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի աշխատանքներին, իսկ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել են Բրյուսել։ Այնտեղ են նաև մեկ տասնյակից ավելի հայ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ։  Քննարկումների առանցքում  Հայաստան-Եվրոպա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն են։

Հայաստանի վարչապետը Ելիսեյան Պալատից հեռացել է լավ տրամադրությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցը նա որակել է հիանալի։

Փաշինյան-Մակրոն զրույցի «փակագծերը» Հայաստանի վարչապետը բացել է X-ի իր միկրոբլոգում։ Գրառման համաձայն` քննարկել են բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացմանը, Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ԵՄ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Ֆրանսիայում գտնվելու երկրորդ օրը արդեն Հայաստանի վարչապետը մասնակցում է «Խաղաղության 6-րդ համաժողովին»՝ նաև բանախոսի կարգավիճակով։ 5 տարի առաջ նույն համաժողովի շրջանակում ելույթից հետո նա «Փարիզի խաղաղության» գրադարանին նվիրեց Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայկական սպորտն ու մարմնամարզությունը Օսմանյան կայսրությունում» գիրքը՝ Օսմանյան կայսրության սպորտային կյանքում և զարգացման հարցում հայերի նշանակության և դերակատարման մասին։

5 տարի անց Հայաստանի ղեկավարությունը խոսում է արդեն նոր խնդիրների և թարմ վերքերի մասին։ Վարչապետի հանդիպումներին զուգահեռ առանձին օրակարգով է Փարիզում աշխատում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանում նա անդրադարձավ արդեն մեր օրերում իրականացված էթնիկ զտմանն ու ԼՂ-ի խնդրին։  

«Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է։ 2020թ. աշնանից Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգել է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների վերաբերյալ ընդունված իրավաբանորեն պարտադիր որոշումը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ»։ Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում, ինչը չհաջողվեց Նախիջևանում 1997-2006 թվականների ընթացքում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման դեպքում»:

Հայաստանի պաշտոնյաները այս օրերին եվրոպական ուղղությամբ աշխատում են ոչ միայն Փարիզում։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպվել է «Հայաստան-Եվրոպա»  առաջին համատեղ համաժողովը։ Մեկ հարկի տակ հավաքված հայ և եվրոպացի հասարակական ու քաղաքական գործիչները քննարկում են Հայաստանի իրավական, քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերը, ապագան և հեռանկարները։ Այս միջոցառման շրջանակներում նաև Բրյուսել մեկնել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի դեպ՝ նա այցի ընթացքում նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա: Իսկ համաժողովի ընթացքում Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղարը ընդգծել է վերջին շրջանում ինտենսիվ երկխոսություն կա Եմ և ԵՄ երկրների հետ։ Ասում է՝ տարբեր հնարավորություններ են բացվել։

«Երևանի նույնիսկ անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել։ Իհարկե, օրինակելի երկրներ կան, օրինակ, Ֆրանսիան, ում հետ ռազմական ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և՛ հավաքական Եվրոպական, և՛ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը։ Երբ ես ասում եմ անվտանգային համագործակցություն, միայն նկատի չունեմ ռազմականը։ Անվտանգություն՝ ավելի լայն կոնտեքստում։ Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադիչ և ամրապնդել նաև Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանը պատրաստ է սրան»։

«Ռազմավարական վերլուծություն» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնօրեն, փորձագետ Յան Ցինգելը համոզված է՝ Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի  առաջին զոհն է։ Բայց հնարավորություններ Հայաստանի համար նա տեսնում։ ասում ՝ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնման։ Օրինակ է բերում Ուկրաինան և Վրաստանը, որոնք դեռ ԵՄ անդամ չեն, բայց արդեն հետաքրքրում են Միությանը։  

«Հիմա շատ հարմար պահ է ստեղծվել։ ԵՄ-ն հակված է ընդառաջ քայլ անել, եթե Հայաստանը ցանկանա։ Հայաստանի մասին պետք է խոսել ոչ միայն Բրյուսելում, այլ եվրոպական բոլոր քաղաքներում»։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը պնդում է, որ Հայաստանի անվտանգության հարցով պետությունը երկրորդ անգամ պետք է դիմի ԵՄ–ին ռազմական աջակցություն ստանալու համար։ Լավագույն օրինակը Հայաստանի համար համարում է երկու պատերազմում պարտված Ֆինլանդիայի նախադեպը։ Իսկ Արցախի հարցում, ամեն ինչ կորած չի համարում, թեև պնդում է, որ հայկական դիվանագիտությունը տարիների ընթացքում տապալեց լուծման երկու հնարավոր՝ Հայաստանի հետ միավորվելու կամ Կոսովոյի նախադեպն օգտագործելու տարբերակները։ Արցախը դարձավ 30 տարի փաստացի գոյություն ունեցած պետության փաստացի լուծարման նախադեպ։

«Մենք դրա հետ չպետք է հաշտվենք և այստեղ ես քննադատական դիրքորոշում ունեմ ԵՄ և ԱՄՆ հանդեպ։ Ես գտնում եմ, որ իրենք Արցախի հարցում լիբերալ խաղաղության տեսությունը իրականացնելով ավտորիտար, ոչ լիբերալ, բռնապետ Ադրբեջանի հանդեպ, իրենք իրենց «փափուկ» դիվանագիտությամբ տապալեցին և չկարողացան կանխել Արցախում էթնիկ զտումը։ Պետք է Արևմուտքը ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա և պարտադրեր Ադրբեջանին երկու բան առնվազն։ Եթե հիմա խոսում ենք արցախահայերի վերադարձի մասին պետք է նվազագույն պայմանները ապահովեն։ Հակառակ դեպքում ստացվում է կեղծավոր, դատարկ խոսք։ Պետք է լինի առնվազն քաղաքական բարձր ավտոնոմիա, ինչպիսին գոյություն ունի Արևմտյան Եվրոպայում, օրինակ, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, Կատալոնիան, Բասկ երկիրը, Ադրբեջանի ԶՈՒ-ից  ապառազմականացում և միջազգային խաղաղապահ առաքելություն»։  

«Հայաստան-Եվրոպա» առաջին համատեղ համաժողովը կունենա արդյունք։ Համաժողովի ավարտին՝ նոյեմբերի 10-ին կընդունվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ուղղված առաջարկություններ, ինչպես նաև Հռչակագիր։


Back to top button