Քեսաբում Թուրքիան փորձարկում է հայության ներուժը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և Մարկ Քըրքի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը դատապարտող 410 բանաձևը վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ ընդունվեց Միացյալ Նահանգների Սենատի այս հանձնաժողովի կողմից: Բանաձևում ասվում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի՝ նման դաժանությունների կրկնությունը կանխելու համար: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ջանքերը։ Հայաաստանում այս որոշման վերաբերյալ հնչեցին և դրական, և բացասական արձագանքներ:
Բանաձևի ընդունումը չի զարմացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:«Դա եղել է, առաջին անգամ չէ, երկրորդ անգամ չէ, երրորդը չէ, ինչ բանաձևում տան, դա ուղղակի մեր խնդրի, Հայոց ցեղասպանության, մարդկային մեծ ողբերգության գործիքավորումն է կամ որպես միջոց օգտագործելն է ժամանակի կարճաժամկետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար: Մեզ պե՞տք է արդյոք սա»,- ասում է Դեմոյանը։
Բանաձևի ընդունումից պետք չէ հրճվել, քանի որ մեզ վերաբերող հարցը վերածվում է մեծ քաղաքականություն: Հայկ Դեմոյանը վստահ է, որ այս որոշումը ոչ մի բան չի փոխելու, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ դաշնակիցներից մեկն է։
Սենտաի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևի ընդունումը մեծ աղմուկ բարձացրեց Թուրքիայում: Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դատապարտեց բանաձևի ընդունումը՝ զգուշացնելով Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ բանաձև օրենսդրական օրակարգում ընդգրկելը կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:
Ի դեպ՝ որոշ վերլուծաբաններ տեսակետ են հայտնում, որ Քեսաբում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւս առնչվում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։ Մասնավորապես՝ Թուրքիան փորձում է Մեծ եղեռնի 100- րդ տարելիցի նախաշեմին ահաբեկել ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ինչպես նկատում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, ցեղասպանության իրագործած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է կրկնել նույն գործելաոճը։ Ըստ Դեմոյանի՝ Քեսաբի վրա հարձակումներով Թուրքիան փորձում է 100- րդ տարելիցից առաջ շոշափել հայության ներուժը: