
Սևանա լճից ապօրինի խեցգետին որսացող առաջին սարքերը դուրս են բերվել այս տարի․ վերջին 4 ամսում շուրջ 400 այդպիսի սարքերից 573 խեցգետին վերադարձվել է Սևանա լիճ։ Կառավարությունն այս տարի արգելել է խեցգետնի որսը․ հիվանդության ու անխնա որսի պատճառով պաշարները կտրուկ նվազել են։
Չնայած արգելքներին ու տուգանքներին՝ Սևանի ավազանում ստվերային որսը շարունակվում է, այս տարի՝ ավելի մեծ տեմպերով։ «Սևան ազգային պարկից» հայտնում են՝ նախորդ տարիներին խեցգետնի ապօրինի որսն այսքան ընդգծված չէր.
«Մեզ ասել են, որ խեցգետիններ են վաճառվում, հատկապես Սևանա լճից և մենք ակտիվացրել ենք աշխատանքները։ Դա է եղել պատճառը, որ այս տարի այսքան շատ են դուրս բերվել խեցգետնորսիչներ»,-պատմում է «Սևան ազգային պարկ»–ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը։ Նրա ջոկատի տղաները դեմքով գիտեն որսագողերին։ Նրանք երբեմն գալիս, փորձում են խոչընդոտել աշխատանքները, համոզում են, որ թողնեն խեցգետին որսալ․
«Հիմնականում, կարելի է ասել, Սևանի ափամերձ շրջանի բնակավայրերի մարդիկ են, որոնք ինչ-որ տեղ սոցիալական խնդիր են բարձրացնում, և շատ ժամանակ իրենց խոսքերով ասում են՝ սա մեր ճժերի խացն է»։
Խեցգետնի ամենամեծ պաշարները Սևանում եղել են 2016-ին՝ 4600 տոննա, վերջին տարիներին պաշարները կտրուկ նվազել են՝ նախորդ տարի դառնալով 70 տոննա։ Այն նաև Սևանա լճի կարևոր սանիտարներից է․ սնվելով հատակում կուտակված օրգանական տիղմով`նպաստում է ջրի որակի վերականգնմանը:
2018-ին լճում նկատվել են առաջին հիվանդ առանձնյակները, հիվանդությանը գումարվել է սխալ խեցգետնորսիչների կիրառումը, որով որսորդները լճից դուրս են բերել նաև փոքր և դեռևս չբազմացած առանձնյակները։

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը 2004 թվականից զբաղվում է Սևանա լճի խեցգետնի պաշարների գնահատմամբ։ Ասում է՝ վերջին ամիսներին լճում հիվանդ առանձնյակների թիվը փոքրացել է, բայց դրա պատճառն այն է, որ ընդհանուր խեցգետինների թիվն է նվազել․
«Տեսեք՝ 4600-ից մինչև 70 տոննա։ Մենք կարող ենք ասել, որ լճում ընդհանրապես արդյունագործական պաշար գոյություն չունի, ու 20 թվականից սկսած մեր հաշվետվություններում առաջարկներ են եղել ընդհանրապես արգելել որսը»։
Ղուկասյանը նշում է՝ հիվանդության տարածումը բնական երևույթ է, բուժման ոևէ դեղ առայժմ չկա։ Հույսը պետք է դնել առանձնյակների իմունիտետի ու որսորդների ազնվության վրա։
«Պետք է սպասենք ու հուսանք, որ պոպուլյացիայի շրջանակներում կենդանի կմնան առավել դիմացկուն և առավել բարձր իմունիտետ ունեցող օրգանիզմները, որոնք հետագայում պիտի վերականգնեն քանակությունը։ Բայց եթե նաև այս պայմաններում շարունակվի խեցգետնի որսագողությունը, նշանակում է, որ մենք չենք ունենա էն սերունդը, որը հետագայում կնպաստի պաշարների վերականգնմանը»,-ասում է Ղուկասյանը։

Խեցգետիններն այժմ Սևանի իշխանի նման ոչ թե լճում, այլ արհեստական ավազաններում են բուծվում։ ՇՄ նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը նշում է՝ խեցգետնաբուծարաններում վերարտադրվում է ավստրալիական կարմրաչանչ խեցգետինը, որը Սևանա լճում չի եղել։ Այն ավելի արագ աճի տեմպեր ունի, արտադրության ծավալներն ավելի մեծ կլինեն։
Նախարարության պաշտոնյան կարծում է, որ Սևանա լճի արդյունագործական խեցգետնի ծավալները փոքրացել են ոչ թե որսի, այլ՝ հիվանդության պատճառով։ Լճից որս միշտ էլ եղել է, բայց ծավալները նվազելու փոխարեն, աճել են․
«Սա շատ որսի արդյունքն չէր, նայեք, քանի տարի արդյունագործական որս լինում էր, բայց նվազեցում չէր լինում, էդ հիվանդության պատճառով կտրուկ վերարտադրությունը քչացավ»։
Կառավարությունը Սևանա լճում խեցգետնորսության արգելմանը զուգահեռ ծրագրում է արհեսատական խեցգետնաբուծարաններ կառուցել։ 2023-2025 թվականներին նախատեսվում է 9 այդպիսի բուծարան հիմնել։
Արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագրի մեջ նշվում է, որ Հայաստանի որոշ լճերում, ջրամբարներում և հատկապես Սևանա լճում խեցգետնի պաշարները հնարավորություն տվեցին դրա արդյունահանմանը, ինչը լայն թափ ստացավ հատկապես 2010-ականների կեսերին ՝ հասնելով 2000 տոննայի։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրին լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է 819 միլիոն դրամ։ Պետությունը նախատեսում է փոխհատուցել տնտեսավարողների կատարած ներդրումների 50%-ը։




