ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Համերգները կանցկացվեն հեղինակավոր համերգասրահներում. նոյեմբերի 12-ին կկայանա Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլլում», նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն հոլլում», նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության «La Maison Symphonique» համերգասրահում, նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլում»:

Ծրագրում ընդգրկված է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:

Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Անուշ Նիկողոսյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Նոյեմբերի 21-ին Բոստոնի «Սիմֆոնիկ հոլլում» կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը՝ որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը:

Հովանավորներ՝ «Pan Armenian Council of New England», «AGBU New England District», «Armenian Relief Society», «Friends of Armenian Cultural Society», «Tekeyan Cultural Association» կազմակերպություններ և «YerazArt» հիմնադրամ: Հունաստանում կայանալիք համերգներն իրականացվում են Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թվականին: Գրեթե 100-ամյա այս նվագախումբն ունի հարուստ երաժշտական ավանդույթներ ու պատմություն: Հանդես է եկել բազում անվանի դիրիժորների ու մենակատարների հետ՝ աշխարհի տարբեր հեղինակավոր համերգասրահներում:

2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Այս շրջանում նվագախումբը գրանցել է բարձր կատարողական մակարդակ՝ ամենուրեք արժանանալով հանդիսատեսի ու երաժշտական քննադատների բարձր գնահատականին:

Back to top button