
ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի Արցախից բռնի տեղահանվածների թոշակների համար՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Գալիք տարում կառավարությունը նախատեսում է իրականացնել նաև բնականային ապահովության և աշխատանքի տեղավորման ծրագրեր։
Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թ. պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչև տեղահանությունը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ որոշվել է այդ հավելյալ ծախսերը ներկայացնել բյուջեի 2-րդ ընթերցման ժամանակ։
«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը։ Որպես նախնական տեղեկություն ասեմ, որ 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով»։
Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք թոշակներին զուգահեռ կտրամադրվեն նաև դրամական աջակցությունները։
«50 հազարականները, որոնք տրամադրվելու են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, կապ չեն ունենալու թոշակի հետ։ Օրենքի ընդունելուց հետո մարդիկ կստանան թոշակ, և միևնույն ժամանակ, 50 հազարները չեն պակասի։ Սա այն տեղեկությունն է, որը ես ունեմ, բայց, բնականաբար, ամեն ինչ քննարկվելու և երևալու է»։
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կառավարության առաջիկա նիստում կհաստատվեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կունենա Արցախից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան նրանք ստացել են նախկինում։
«Բացի այդ նախատեսում ենք 2024 թ. իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր։ Այս ամենը մշակման փուլում է գտնվում։ Եթե չհասցնենք մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսենք պահուստային ֆոնդից, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն»։
Ընդհանուր առմամբ, 144 մլրդ դրամ է հատկացվելու Արցախից տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Ծրագրերը, սակայն, դեռ հայտնի չեն՝ նշել է նախարարը։
«Բայց սա չի նշանակում, որ այդ ամբողջ 144 մլրդ դրամը ծախսվելու է, որովհետև մենք դեռևս պատկերացում չունենք, թե բոլոր ուղղություններով ինչ ծրագրեր ենք իրականացնելու։ Ամեն դեպքում, այն գումարը, որը տրամադրվելու է ԼՂ-ին, կհայտնվի մեր ծախսերում»։
Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամդրվող միջպետական վարկն իր մեջ ներառում էր նաև պետական ինստիտուտների ֆինանսավորում։ Այսօր կա՞ արդյոք անհրաժեշտություն պահպանել Արցախի ընտրված իշխանությունների ներկայությունը ՀՀ-ում և հատկացվե՞լ են արդյոք գումարներ այդ ինստիտուտների պահպանման համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը շեշտել է, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշել է՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում ։




