ԿարևորՄշակույթ

Անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը Հայաստանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին (Ֆինլանդիա, Գերմանիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը նախարարի տեղակալին է ներկայացրել հյուրին՝ նշելով, որ Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից է: Նրա տեղեկացմամբ՝ անվանի դաշնակահարը նոյեմբերի 6-9-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում վարպետության դասեր է անցկացնում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաների և այլ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար: Վարպետության դասի շրջանակում անվանի պրոֆեսորն աշխատում է 7-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի դաշնակահար երեխաների, պատանիների և երիտասարդների հետ: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով համագործակցությունն անվանի դաշնակահարի հետ: Նախարարի տեղակալը շեշտադրել է պրոֆեսորի կողմից անցկացվող վարպետության դասերի անցկացման կարևորությունը՝ ուղղված հայ երեխաների երաժշտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Դանիել Դանիելյանը Հենրի Զիգֆրիդսոնից հետաքրքրվել է ծրագրի անցկացման ընթացքի և տպավորությունների մասին:

Դանիել Դանիելյանը մեծ գնահատանքով է խոսել հայ երեխաների երաժշտական կարողությունների, տարբեր միջազգային հարթակներում ունեցած նրանց ձեռքբերումների և հաղթանակների մասին: Նա տեղեկացրել է, որ շրջելով հանրապետության երաժշտական հաստատություններում՝ արձանագրել է, որ երաժշտական դպրոցների սաները մեծ հետաքրքրություն, ակտիվություն և բարձր առաջադիմություն են դրսևորում ուսումնառության շրջանում: Իսկ արհեստավարժ ուսուցիչների ավանդի ու ներդրման շնորհիվ երեխաները մշտապես մասնակցում են տարբեր ստուգատեսների և մրցույթների՝ արձանագրելով բազում հաջողություններ. «Հայ երեխաները մեծ էներգիա և  մասնագիտական ներուժ ունեն, ինչի մասին վկայում են աշխարհի տարբեր բեմերում նրանց գրանցած հաջողությունները: Ապրելով Եվրոպայի և Ասիայի հատման կետում՝ մենք կանգնած ենք մշակութային խաչմերուկի վրա, իսկ   մշակութային ազդեցությունը կարող է նպաստել խաղաղության խաչմերուկի ձևավորմանը»:

Անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը, անդրադառնալով այս օրերին իր կողմից անցկացվող վարպետության դասերին, նշել է, որ շատ բարձր է գնահատում երեխաների մասնակցությունը դասերին, նրանց կարողություններն ու ակտիվությունը. «Անգամ ամենակրտսեր մասնակիցները մեծ ներուժ և տաղանդ ունեն:  Երեխաները դասերի ընթացում շատ ճկուն են և աշխատանքայի պրոցեսներում իմ բոլոր ցուցումներին և դիտարկումներին արձագանքում են մեծ արագությամբ: Արվեստը հոգու սնունդն է. այն հնարավորություն է տալիս աշխարհում տարածել ամենաբարի զգացումները»:

Վարպետության դասի ավարտին՝ նոյեմբերի 9-ին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում այս ծրագրի սաները հանդես կգան համերգային ծրագրով:

Back to top button