
Centre Film Festival կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի արշալույսը» (Aurora’s Sunrise) ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ում լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին, տեղեկանում ենք ֆիլմի Facebook-յան էջից:
«Ավրորայի արշալույսը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսորը և սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
«Ավրորայի լուսաբացը» արժանացել է նաև Ժնևի Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի (FIFDH) գլխավոր մրցանակին, Movies That Matter (Կարևոր ֆիլմեր) փառատոնի «Հանդիսատեսի մրցանակ»-ին։
Ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն է գտել ԱՄՆ-ում։




