ԿարևորՀասարակություն

Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի համար կստանան հավելավճար. նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի խոսքով նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար:

«Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին»,- ընդգծել է փոխնախարարը եւ անդրադարձել նախագծի ընդունման անհրաժեշտությանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Հարցի քննարկումը կընդգրկվի դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:

Back to top button