
Գիտելիք, փորձ, կապեր, ֆինանսներ․ reArmenia հարթակում միավորվել են այս չորս ակտիվները։ Ճգնաժամային իրավիճակում մարդիկ փնտրում են փրկիչներ։ reArmenia-ն յուրաքանչյուրին առաջարկում է լինել այդ փրկիչը, եթե պատրաստ է համախմբման ու համագործակցության։ Համախմբման միջոցը տեխնոլոգիան է, համագործակցության սկզբունքը՝ բացարձակ թափանցիկությունը։
reArmenia-ի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանն ասում է՝ սա ոչ թե հիպոթեզ է, այլ՝ հաստատված փաստ։ «reArmenia-ի ստեղծումը նաև այդ մոտիվացիան ուներ՝ համախմբելու հայությանը։ Բազմաթիվ նմանատիպ նախաձեռնություններ են եղել, սակայն, ցավոք, հաջողություն չեն ունեցել։ reArmenia -ն տարբերվում է նաև ամբողջությամբ տեխնոլոգիական լինելու հանգամանքով։ Մի կողմից՝ տեխնոլոգիաների կիրառմամբ, մյուս կողմից՝ բացարձակ թափանցիկություն ապահովելով, որովհետև եթե խոսում ենք համագործակցությունից, առաջինը պետք է թափանցիկություն ապահովել»,-ասում է Գրիգորյանը։
Ինչպե՞ս է աշխատում reArmenia-ն։ Հարթակում ընդգրկվելու համար նախագծերը մի քանի փուլ են անցնում։ Համակարգողների թիմը մանրամասն ուսումնասիրում է առաջարկը՝ անընդհատ կապի մեջ լինելով դրա հեղինակների հետ։ Նրանք ամբողջ գործընթացի ուղեկցորդներ են՝ նախագծի մեկնարկից մինչև արշավի մեկնարկ։ Եթե ամեն ինչ համապատասխանում է նախանշված ձևաչափին, ապա նախագիծը տեղափոխվում է Վստահության և ապահովության բաժին։

Այստեղ ուսումնասիրում են նախագծի իրավական և ֆինանսական բաղադրիչները, որից հետո այն հայտնվում է խորհրդատուների ձեռքում։ Մասնագետներն առաջինը գնահատում են խնդիրը՝ արդյո՞ք այն գոյություն ունի, ապա լուծումը՝ արդյո՞ք այն լավագույնն է։ Երրորդ քայլը թիմի գնահատումն է՝ արդյո՞ք այն ունակ է այդ լուծումն իրագործելու, և վերջապես՝ ի՞նչ ազդեցություն կունենա այդ լուծումը։ Դրական պատասխանների դեպքում սկսվում է դրամահավաքի արշավը։ Նախագիծը դառնում է ակտիվ։
«Արդեն երկրորդ տարին ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ «համագործակցության կոդ» գրելով։ Սա չափազանցություն չէ, քանի որ գրեթե ամեն օր հավաքում ենք հետադարձ կարծիք մեր բոլոր օգտատերերից, որոնց համախմբումն ու համագործակցությունը կարևոր են»։
Կապիտալացնել Սփյուռքի մասնագիտական ներուժը
Հարթակում ձևավորվել է մասնագետների համայնք, որի միջոցով Հայաստանի և Սփյուռքի 150 պրոֆեսիոնալներ կամավորության սկզբունքով խորհրդատվություն են տրամադրում։ Կրթության ոլորտային խորհրդատվական խմբի համակարգողն Արամ Փախչանյանն է, գիտությանը՝ Հրանտ Խաչատրյանը, զբոսաշրջությանը՝ Զարինե Զեյթունցյանը, գյուղատնտեսությանը՝ Վարդան Ուռուտյանը։
reArmenia-ի համայնքի համակարգող Նաթելա Ավանեսյանի խոսքով՝ այս գործիքը հնարավորություն է տալիս կապիտալացնել Սփյուռքի ինտելեկտուալ ներուժը՝ Հայաստանի խնդիրների լուծման մեջ ներգրավելով։

«Մենք հնարավորություն ենք տալիս Սփյուռքում ապրող ցանկացած հայի իր տնից շաբաթական երկու կամ ավելի ժամ իր գիտելիքով ու փորձով կիսվել Հայաստանում գործող նախաձեռնությունների հետ։ Մասնագետը 5 րոպեում գրանցվում է հարթակում, ըստ դրա՝ հարթակում հայտնվում է նրան համապատասխանող «քարտը»։ Հայաստանում նախագիծ իրականացնող մարդը, որին, ենթադրենք, իր ծրագրի համար տվյալագետ է պետք, «կապվել» կոճակն է սեղմում, նկարագրում, թե ինչ նախագծի համար է դիմում։ reArmenia–ն մի փոքր կուրացիա է անում նախագծերի և մասնագետների միջև, մասնագետին հաստատելուց հետո սկսում են համագործակցել»։
Ոչ «գառաժից», սակայն՝ առաքելությամբ
Մինչև այժմ իրականացված նախագծերը հիմնականում կրթական և առողջապահական են, դրանց հաջորդում են համայնքային և մշակութային ծրագրերը։ Հաջողված ծրագրերից է, օրինակ, կենսաինֆորմատիկայի լաբորատորիան հատուկ տեխնիկայով համալրելու նախաձեռնությունը։ Հունիսին արշավը հաջող ավարտվել է, արդեն սկսել են նախագծի իրականացումը։ Մյուս ձեռքբերումը վաղ շրջանում օնկոհիվանդությունների կանխարգելման կենտրոնի ստեղծումն է։ Գործում է նաև Սոնա Մնացականյանի անվան կրթական ֆոնդը, որը կանանց և աղջիկներին կրթական գիտության և տեխնոլոգիաների ոլորտում արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս։ Հաջորդ նախագիծը դեռ ընթացքի մեջ է։ Արտակ Գրիգորյան․
««Մետագեյթ» նորարարական սարքն օգնում է պատերազմում վիրավորված զինծառայողներին վերականգնել շարժունակությունը։ Այն նաև կանխում է 30-ից ավելի հիվանդություն, որոնք առաջանում են անշարժունակ վիճակից։ Սարքն ամբողջությամբ հայկական արտադրության է և այժմ միջազգային պատենտավորման փուլում է»։
Հարթակի նվիրաբերողների 60 տոկոսը Հայաստանից է, 40 տոկոսը՝ Սփյուռքից, սակայն գումարային բաշխվածությունը հավասար է։ Հարթակը գործարկվել է 2021թ․-ի հոկտեմբերից։ reArmenia-ի բուն թիմում 12 հոգի են, սակայն նրանց շուրջն արդեն 13 հազարանոց համայնք է ձևավորվել։

«Փոքր թիմը շատ բան կարող է փոխել, եթե իր գլխում առաքելություն ունի և անընդհատ իր վրա աշխատում է։ Ամազոնը, Դրոփբոքսը, Թվիթերը մի քանի հոգով են սկսվել, բայց հետո հասել են շատ մեծ կազմակերպությունների մակարդակի։ Հիմա իրենք համարվում են ՏՏ ոլորտում թոփ կազմակերպություններ, բայց սկսվել են հինգ, տասը հոգուց, հաճախ ասում են «գառաժից»։ Մենք գառաժից չենք սկսել, սակայն թիմն առաքելություն ունի և տեսնում է, որ կարող է այդ խնդիրը լուծել»։
Լացից՝ գործ
Պատերազմի ընթացքում Նաթելա Ավանեսյանը որպես կամավոր միացել էր Chess club նախաձեռնությանը, որտեղ միավորվել էին տեխնոլոգիական ընկերությունները և մեդիապատերազմ էին մղում։ Հասկացավ, որ շատ ժամանակ ենք կորցրել և դրա իրավունքն այլևս չունենք։
«Երբ պատերազմը սկսվեց, բոլորն ինչ-որ նախաձեռնություններում էին ներգրավվում։ Ես խուճապի մեջ էի․ անընդհատ լացում էի, քանի որ Սյունիքի Դավիթ Բեկ գյուղից եմ, և այնտեղ էլ մարտեր էին լինում, պապաս գնում էր պոստեր։ Ինձ համար դժվար էր այդ ամենից ուշքի գալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա։ Բայց թիմի անդամներն անընդհատ ասում էին, որ պետք չէ լացել, պետք է գործ անել, կենտրոնանալ աշխատանքի վրա։ Դա ինձ համար բեկումնային պահ էր։ Հասկացա, որ այս ծանր ժամանակաշրջանում բոլորս կանք, և պետք է ամենը սառը տանել։ Սեպտեմբերից ամբողջությամբ միացա reArmenia թիմին, ու մինչև հիմա ասես կյանքի նպատակ լինի։ Թիմում ոչ ոք reArmenia-ին որպես աշխատանքի չի վերաբերվում, այլ՝ որպես կյանքի առաքելության։ Մենք ծառայում ենք այդ առաքելությանը և համարում ենք, որ բոլորս այդ ճակատամարտի մարտիկներն ենք, բոլորս մեր ներդրումն ենք ունենում ու ինչով հնարավոր է կամ նույնիսկ հնարավոր չէ, օգնում ենք»։
reArmenia-ի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը հանրային կառավարման մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Արցախի կառավարությունում։ Գրիգորյանը հարթակի որդեգրած սխեմայով գնահատում է հարթակի գործունեությունը։ Առաջինը՝ խնդիրը․ արդյո՞ք այն գոյություն ունի, ապա լուծումը՝ արդյո՞ք այն լավագույնն է։ Երրորդ քայլը թիմի գնահատումն է՝ արդյո՞ք այն ունակ է այդ լուծումն իրագործելու, և ի՞նչ ազդեցություն կունենա այդ լուծումը։

«Մենք տեսել ենք, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ կային, որոնք գործում էին տարբեր ֆրոնտերում։ Ահռելի աշխատանք էր կատարվել, և ահռելի էներգիա կար կուտակված, սակայն միմյանց հետ աշխատելու խնդիր կար, քանի որ նույն գործունեությունն առանձին-առանձին էր արվում։ Պատերազմի ժամանակ անընդհատ հումանիտար օգնություն էինք ստանում՝ հասկանալով, որ մեզ չափից ավելի շատ է հասել, քան կողքի ստորաբաժանումներին։ Հենց տեղում տեսնում էինք, որ համակարգման խնդիր կա։ Այդ պահին հաճելի է գիտակցելը, որ քո մեջքին կանգնած մարդիկ կան, որոնք աջակցում են, բայց նաև տեսնում ես, որ քո ստացած աջակցությունը կարելի էր ավելի արդյունավետ բաշխել տարբեր ստորաբաժանումների մեջ։ Կարծում եմ՝ բազմաթիվ նման դեպքեր կային։ Առաջարկվում է հետևյալ լուծումը, որ այդ բոլոր գործընթացները համակարգվեն մի տեղում։ Սա բավական բարդ լուծում է, քանի որ մի հարթակում հավաքվելու են տարբեր շարժառիթներով մարդիկ, բարդ լուծում է, սակայն մենք գնացել ենք դրան, ստեղծել ենք այդ տեխնոլոգիական լուծումը»։
Գրիգորյանի խոսքով՝ դեռևս չեն հասել իրենց առջև դրված նպատակին, սակայն դա չի նշանակում, որ ձախողել են։ Մի քանի տարվա լուծում չէ և պահանջելու է ուժերի գերլարում, քանի որ պատերազմական իրավիճակում հենց դա է պետք՝ արդյունավետության ապահովման համար։ Եթե հասնեն կրիտիկական մասսայի ձևավորմանը, և հարթակը օգտագործվի հայության կողմից, ոչ թե՝ հայության մի մասի, ապա կհամարեն, որ մոտ են նպատակին։
«Միանշանակ, դեռ չենք հասել մեր նպատակին։ Առաջին երկու տարիների ընթացքում ծավալած գործունեությունը հուշում է, որ խնդիրը կար, լուծումը համարժեք էր։ Մեզ պետք է ավելի արդյունավետ աշխատել, ավելի շատ համագործակցողների իրար հետ հավաքել և ունենալ բեկման կետը (tipping point)։ Եթե պայմանականորեն 50-100 հազար հայ հավաքվի հարթակի շուրջ, շատ ավելի հեշտ է լինելու մյուսներին ներգրավելը և այդ եղանակով աշխատելը։ Պետք է կրիտիկական զանգված ձևավորվի։ Այս պահին գրեթե 13 հազար աջակից ունենք»։
Չափման միավորներ
Երկու տարվա ընթացքում հարթակի միջոցով երկու միլիոն դոլար է հավաքվել։ Ներկայացվել է 130-ից ավելի նախագիծ։ 60-ից ավելի նախագիծ արդեն հաջողվել է, այսինքն՝ գտել է անհրաժեշտ բաղադրիչը՝ գումար, գործընկեր կամ գույք։ 40 նախագիծ կյանքի է կոչվել։

Հարթակի արդյունավետությունը չափվում է հետևյալ մեխանիզմներով․
Վերադարձող նվիրաբերողների տոկոս․ «Մենք շեմ ենք դրել 30 տոկոս․ դա նշանակում է, որ համայնքի նվիրաբերողների ինչ-որ մասն ամեն ամիս կվերադառնա։ Սա մեզ համար կրիտիկական նշանակություն ունեցող չափորոշիչ է։ Մենք 30 տոկոս էինք դրել, նախորդ ամիս վերադարձողների թիվը 45 տոկոս էր»։
Հաճախորդների բավարարվածության աստիճան (CSAT customer satisfaction rate)․ «Բայց մենք ասում ենք համայնքի։ Նպատակ էինք դրել 90 տոկոսը, որը ենթադրում է, որ հարցվողների այդքան տոկոսը դրական կամ շատ դրական է գնահատում գործունեությունը։ Մենք ունենք 95 տոկոս»։
Նախաձեռնության անդամներն ասում են՝ չկա reArmenia, որը պատկանում է միայն այդ թիմին, կա համահայկական նախաձեռնություն՝ հայության համար։ Ամենաբարդն այս առաքելության շուրջ բոլորին հավաքելն է։ Այն, որ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, գիտակցում են բոլորը, սակայն լուծումը տարբեր ձևերով են տեսնում։ Եթե ձևավորվի կրիտիկական զանգված, որն այս տարբերակը կընդունի որպես առաքելության հասնելու միջոց, ապա հաջողությունն ապահովված կլինի՝ կարծում են նախաձեռնության անդամները։




