
Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի ու կոմունալ ծախսերի վճարման ծրագրից նոյեմբերին օգտվելու համար դիմումներն արդեն ընդունվում են։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ հայտերն ընդունվում են առցանց՝ Միասնական սոցիալական ծառայության socservice.am կայքում։ Գերատեսչությունից խոստանում են, որ առաջիկայում տեսաուղերձով կմանրամասնեն, թե ինչպես է պետք լրացնել հայտը։ Կկարգավորվի նաև տեղահանվածների թոշակի ու նպաստի խնդիրը։
Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ–ում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք կունենան։ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացնում է՝ այժմ համապատասխան օրենսդրական փոփոխություններ են կատարում։
«Մեր այն հայրենակիցները, որոնց՝ ՀՀ–ում գտնվելու ժամանակահատվածում լրացել է իրենց կենսաթոշակային տարիքը, պետք է անպայման դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար։ Շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները դիմեն ՄՍԾ տարածքային գրասենյակներ»։
Նոյեմբերի 6-ին արցախցիները բողոքի ակցիա էին անցկացրել նախարարության մոտ՝ պահանջելով վերականգնել իրենց կենսաթոշակ ու նպաստ ստանալու իրավունքը։
«Վերջին թոշակը, որ ստացել էինք, եղել է օգոստոսին։ Երրորդ ամիսն է, որ թոշակ չենք ստացել»։

Նախարար Մկրտչյանը հստակեցնում է՝ ՀՀ–ում ՄՍԾ 49 տարածքային կենտրոն կա։ Եթե կենսաթոշակի տարիքը լրացել է մինչև հոկտեմբերի 28–ը, ապա նրանց թոշակ կտրամադրվի հոկտեմբերի 28–ից սկսած։ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինելը։ Սա նշանակում է, որ մինչ ՄՍԾ դիմում ներկայացնելը շահառուները պետք է անպայման հաշվառվեն փաստացի բնակության վայրում։
«Շատ կարևոր է այն ուղերձը, որ մեր հայրենակիցները հանգիստ լինեն։ Մենք աշխատանքներ են կատարում և՛ օրենսդրական, և՛ տեխնիկական, որպեսզի կարողանանք ստեղծել ԼՂ–ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի ու նպաստի իրավունքի իրացման համար հնարավորություն»։
100 հազար դրամ միանվագ աջակցության հիմնական վճարումները կատարված են։ Ընդհանուր առմամբ 104 200 շահառու գումարը ստացել է։ Այս գումարի վրա արգելանք դրվել չի կարող։ 40 հազար+10 հազար դրամ ծրագրի շահառուներն այս պահին 92 525–ն են։ Նոյեմբերի համար դիմումներ արդեն սկսել են ներկայացնել։ Աջակցության այս ծրագիրը կտրամադրվի վեց ամսով՝ բնակարանի վարձակալության ու կոմունալ ծախսերի համար։ Դիմումները ընդունվում են ՄՍԾ socservice.am կայքում։ Այստեղ կա «Առցանց պատուհան-դիմումներ» էջը։ Սոցիալական աջակցության այս ծրագիրն ունի առանձին պատուհան։ Այստեղ մուտք գործելուց հետո պետք է մուտագրել անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, փաստացի բնակության վայրի հասցեն։ Նույն հայտի շրջանակում հնարավոր է նաև ընտանիքի մյուս անդամների տվյալները մուտքագրել։ Պարզապես պետք է «ընտանիքի անդամներ» պատուհանը սեղմել ու լրացնել։ Ազգակցական կապը նշելը պարտադիր է։




