ԿարևորՏնտեսական

Շուկան կառավարում է գյուղատնտեսական նշանակության հողերի մշակության տեսակը

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղը նախկինում պտղաբուծական տնտեսություն է եղել՝ բարձր բերքատվությամբ տարբեր տեսակի պտղի այգիներով: Հետագայում այգիները հատվել են, դրանց տարածքը վերածվել է վարելահողերի, որտեղ սկսել են մշակել բանջար-բոստանային, հացահատիկային մշակաբույսեր: Պահպանվել է խաղողի այգիների մի մասը միայն։Վերջին տարիներին գյուղում պտղատու նորատունկ այգիներ են հիմնվում, բայց փոխարենը կրճատվում են խաղողի ու վարելահողերի տարածքները:

Լուկաշինում գրեթե 30 տարի անց վերականգնվում է պտղաբուծությունը: Հնաբնակները հիշում են, որ խորհրդային տարիներին գյուղը շրջապատված էր այգիներով, որտեղ հասունանում էին Արարատյան դաշտի արևահամ մրգերը:

«Լուկաշինի անունը մի՛շտ, մի՛շտ ռադիոյով լսում էինք: Գյուղը 12 բրիգադ ուներ, մեկը՝ մեկից մրցունակ, մեկը՝մեկից շատ լավ բերք էին հանձնում պետությանը. խաղող, հատկապես՝ խնձոր: Հիմա խնձորն ավելի քիչ է, երբ հողերը բաժանեցին, այդ ժամանակ էլ անհատներն ինչ ուզել, դա էլ մշակել են. անասուն ունեցողներն առվույտ են ցանել, նայած, թե ում ինչն է ձեռք տալիս»:

«Մի հատված խաղող է եղել, մի հատված տանձանոց, մի հատված մեծ ծիրանանոց: Կոմունիստների ժամանակ սա եղել է պտղաբուծական կենտրոն: Տեղ չի եղել, որ ծառ չլիներ, նույնիսկ վարդանոց ենք ունեցել, սառնարան, որը հիմա էլ կա, գործում է»:

Հողերի մասնավորեցումից հետո 90-ականներին գյուղացիները հատել են այգիներն ու վարելահողերում հացահատիկ, անասնակեր, բանջարեղեն, կաղամբ մշակել: Հիմա կաղամբի մշակությունը գերակշռող է. 387 հա բանջար-բոտանային մշակաբույսերի մեջ 100 հեկտարը կաղամբ է: Գյուղացիներն ասում են, որ դա Լուկաշինի բրենդն է: Այս տարի առատ բերք են ստացել, շուկայական գնից էլ չեն դժգոհում.

 «Ընդհանրապես այս տարի կաղամբի գինը շատ բարձր է, լավ էլ կաղամբ կա գյուղում, առողջ բերք կա: Լավ է, վատ չի, գյուղացիները գոհ են: Դաշտերից էլ են վաճառում, շուկա էլ են տանում, ովքեր մեքենա ունեն օրվա մեջ կաղամբը նույնիսկ երկու անգամ են բարձում, տանում շուկա, վաճառում, գալիս»:

Անցած տարի կաղմաբի շուկայական գինը 40-60 դրամ էր, հիմա՝ 90-140 դրամ: Կանոնավոր ոռոգման ու լավ մշակման դեպքում բարձրորակ բերք են ստանում, թեև կան հողեր, որտեղ կաղամբը լավ չի աճում:

Սվետլանա Գրիգորյանը առավոտ շուտ գնացել էր դաշտ՝ կաղամբ հավաքելու: Դա դյուրին գործ չէ, ուժ ու ջանք է պահանջում: Հիմա հոգնած տուն է մտնում։ Մի փոքր շունչ առնելով պատմում է.

 «Կաղամբն այս տարի հաջող բերք չունի. փչացած է, բույսը չորանում է և գլուխ չի փաթաթում: Արմատային հիվանդություն է, բույսի ցողունները մեծանում են, բայց մեջը ծակ է, մեծ մասն այդպես էլ սածիլ է մնացել: Մշակված հողատարածքից հազիվ 30 տոկոսը հավաքենք»:

Ենթադրում են, որ կաղամբի ցածր բերքատվությունն ու հիվանդությունը կապված են անորակ բուժանյութերի ու սննդազրկված հողի հետ: Սվետլանայի ընտանիքը կաղամբը մշակում է 3500 քմ վարձակալած տարածքում, քանի որ սեփական հողերում կաղամբի բերքատվությունն ընկել է։ Դրանցում հիմա այգիներ են հիմնել:

 «Կաղամբ դրել ենք, որ տեսել ենք լավ չի աճում՝ ծառ ենք տնկել, մյուս հողում ենք դրել, նորից հողը բերք չի տվել՝ ծառ ենք տնկել, տակն էլ առվույտ ցանել, որպեսզի հողը բերրի լինի: Մեր հողերում խաղողի, դեղձի, սալորի ու ծիրանի այգիներ են, բայց ամենաշատը դեղձի նորատունկ այգիներն են: Ծիրանը 9-10 տարի հետո է բերք տալիս, մյուսներն էլ նոր են սկսել բերք տալ, բայց անցած տարի ցրտահարվեցին»:

Լուկաշինում պտղատու այգիները վերականգնում են, քանի որ բերքի իրացման խնդիր չունեն: Պտուղը հիմնականում արտահանվում է, իրացվում չորանոցներում, մթերվում հյութեր արտադրող գործարաններում: Գյուղում կարգավորվել է նաև ոռոգման խնդիրը: Մայր ջրանցքից բացի ոռոգումը կազմակերպվում է նաև խորքային հորերի միջոցով՝ ասում է գյուղի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանը:

«Ունենք 14 խորքային հոր, որից աշխատում է 11-ը, մեկն էլ վերականգնելու ենք: Երաշտի դեպքում արտեզյան հորերն աշխատում են: Գյուղի բոլոր հատվածներում ունենք հորեր, և խնդրի դեպքում բոլոր հատվածներում կհասնի ջուրը, թեկուզ ամսվա մեջ մի անգամ մարդիկ կարողանան ծառերը ջրել»:

Գյուղացիները վարելահողերը փոխարինում են պտղատու այգիներով, բայց խաղողի այգիներն են սկսել քանդել։ Ասում են՝ դժվար է խաղողի մշակելը, իրացնելը, գինը ցածր է, իսկ հողի հարկը՝ բարձր։ 68 հա խաղողի այգիներից արդեն քանդվել է 18 հեկտարը: Գյուղում հիմնականում խաղողի տեխնիկական սորտեր են մշակում՝ ասում է Ռոբերտ Աղաբեկյանը․

 ««Մեղրաբույր» և «Ռկածիթելի» սորտերն են հիմնականում, մի քիչ էլ «Ներկենի»՝ կարմիր հյութով խաղողներ են: Այգիները քանդում են, որովհետև խաղողի մթերման գինն է ցածր, չեն կարողանում հանձնել. 1 կգը՝ 90 դրամ, 100 դրամ, 120 դրամ, փողերը մաս-մաս՝ 4 կտորով են տալիս, պայմանագիր չեն կապում, մթերման քանակը տարեց-տարի կրճատում են»:

Խաղողի այգեկութն արդեն ավարտվել է, բայց գյուղացիներից շատերը վազերը դեռ չեն թաղել։ Գուցե նրանք է՞լ են մտադիր քանդել իրենց այգին․․․

Back to top button