
Այսօրվանից Արցախից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները։ Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է ՆԳՆ պաշտոնական էջերում։
Կառավարությունն այսօր հայտարարել է նաև, որ անկախ կարգավիճակից Արցախից բռնի տեղահանվածները կստանան իրենց թոշակներն ու նպաստները։ Պարտադիր պայմանը բնակության վայրի հասցեով հաշվառված լինելն է: Գործընթացի մանրամասները գործադիրը կներկայացնի առաջիկայում։ Այս պարզաբանումները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ներկայացրել է նաև այն արցախցիներին, որոնք կեսօրից բողոքի ակցիա էին իրականացնում գերատեսչության շենքի դիմաց։ Վիկտորյա Սարգսյանն է անդրադարձել թեմային։
ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, օրենքի ուժով ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ այսօր տարածած հայտարարությամբ տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Գերատեսչությունը հայտնում է, որ բռնի տեղահանվածների այդ իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը: Առաջիկայում կստեղծվի հարթակ, որը կենսաթոշակի, երեխայի ծննդյան, մայրության, խնամքի նպաստների համար առցանց դիմելու հնարավորություն կտա։ Սակայն նախարարությունը մեկ կարևոր ընդգծում է անում՝ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Հակառակ դեպքում դիմումները կմերժվեն:

Մինչ այս հայտարարությունը կտարածվեր, Արցախից բռնի տեղահանված թոշակառուները, այդ թվում՝ հաշմանդամության և զինվորական թոշակառուները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Պահեստազորի փոխգնդապետ Արա Քամալյանը 5 երեխաների հայր է։ Պատրաստ է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալ, բայց ոչ ոք նրա ընտանիքին չի գրանցում իրենց հասցեում։

«Ես փնտրտուքների մեջ եմ ընկել, ոչ ոք չի գրանցում իր հասցեում։ Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն: Հիմա ո՛չ նպաստս եք տալիս, ո՛չ թոշակս:
Ժամանակին ես 25 տարի հայրենիքս պաշտպանել եմ, ինչպես այստեղ հավաքված բոլորը: Եթե այդքան մեր մասին մտածում են, թող իրենց տան վրա մեզ գրանցեն: Ես էլ կդառնամ ՀՀ քաղաքացի, ոչ թե մտածեմ Իսպանիա կամ Ֆրանսիա գնալու մասին»։

Ակցիայի մասնակիցները հանդիպեցին սոցապ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Նրանց խոսքով՝ բարձրացված հարցերին փոխնախարարը պարզաբանումներ է տվել ու նաև վստահեցրել՝ տեղահանվածները կստանան իրենց թոշակներն ու նպաստները։
«Առաջին հարցը, որ բարձրացրել ենք հետևյալն է՝ արդյո՞ք մենք ՀՀ քաղաքացի համարվում ենք, թե՞ ոչ։ Մեզ պատասխանել են, որ 070 կոդով անձնագրերը համարվում են ճամփորդական փաստաթուղթ, բայց այն կարգավիճակը, որը մեզ տրվել է, ոչ մի բանով չի զիջում ՀՀ քաղաքացու կարգավիճակին։ Խոսակցություններ կան, որ եթե քաղաքացիությունը չընդունեք, թոշակ չեք ստանալու։ Փոխնախարարն ասել է, որ նման հարց չկա, հավաստիացրել է, որ բոլորն իրենց թոշակները ստանալու են, քաղաքացիական անձինք հոկտեմբերի 26-ից սկսած, իսկ զինծառայողները՝ օրենքի փոփոխությունից հետո»։
Փոխնախարարը արցախցիներին պարզաբանել է նաև՝ ինչ է նշանակում պարտադիր հաշվառվել բնակության վայրի հասցեում։
«Ասել են նաև, որ հինգշաբթի օրը հայտարարություն արվելու է, որոշակի պարզաբանումներ են տրվելու, թե ինչ է նշանակում գրանցում ունենալ, քաղաքացիություն ձեռք բերել։ Գրանցում ունենալ չի նշանակում քաղաքացիություն ձեռք բերել։ Հարցրել ենք, թե որտեղ պիտի գրանցվենք, եթե ոչ տուն ունենք, որ տեղ։ Ասել են՝ գրանցումը կարող եք ունենալ տվյալ անձնագրային բաժնում, պարտադիր չէ, որ դուք ունենաք որևէ սեփականություն, կամ ձեր գրանցումը չի դառնալու ոտնձգություն ինչ-որ մեկի սեփականության վրա, հետագայում ավելի պարզվեցված տեսքով ձեզ ներկայացնելու ենք»։

Թեմային ԱԺ-ում անդրադարձել է նաև նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նշել է, որ օրենսդրական կարգավորումները թույլ կտան ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել գործընթացը։
«Առաջիկայում մենք շատ արագ կներկայացնենք այդ օրենսդրական փոփոխությունը, որը կտա ոչ թե անհատապես դիմել, այլ նրանք, ովքեր ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակելու են դրանք ստանալ։ Իսկ նրանք, ովքեր նոր պիտի անցնեն կենսաթոշակային տարիքի, կդիմեն։ Եվ այստեղ տարբեր հարցեր են առաջանալու՝ կապված ստարժի և այլնի հետ։ Հետևապես, մենք պետք է աշխատենք, և համապատասխան կարգավորումները ստանալուց հետո, բոլոր թոշակները և նպաստները կվճարվեն»։
Այսօրվանից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Գործընթացը մաքիսմալ հեշտացված է՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Երևանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ, սակայն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք սպասարկվում են արտահերթ։ Բացի այդ, մենք մեխանիզմներ ենք մշակում քաղաքացիության դիմումների ընդունման և քննարկման արագացված ընթացակարգեր իրականացնելու համար։ Երևանում կգործի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որպեսզի ավելի դյուրացնի գործընթացը և մարդկանց անհարմարություններ չպատճառվեն։ Իսկ մարզերում դիմումները կընդունվեն բոլոր անձնագրային ծառայություններում»։

Ծառայության պետի խոսքով `ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։ Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված են ոչ թե իրավական կարգավիճակի, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ նշեց Ղազարյանը։




