ԿարևորՀասարակություն

15 մլն դրամ՝ զինծառայության փոխարեն․ նոր նախագիծ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այս մեխանիզմը տարիներ շարունակ գործել է՝ և պաշտպաններ, և քննադատներ ունենալով։ Փորձագետները, սակայն, հետպատերազմյան իրավիճակում նման  առաջարկն ընդունելի չեն համարում։

Պաշտպանության նախարարության` մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը, որն առկախվեց բարձրացած աղմուկի պատճառով, փոփոխված տարբերակով կրկին խորհրդարանում է: Գործող օրենսդրությամբ պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Զինծառայության համար սահմանված ժամկետը, այն է՝ 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու նկատմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ առանց զինծառայություն անցնելու, պետական բյուջե վճարել որոշակի գումար և ազատվել քրեական պատասխանատվությունից:  Թեև նախագիծը նորություն է, սակայն նման բովանդակությամբ քննարկումներ և կարգավորումներ եղել են նաև նախկինում։

«Սա Պաշտպանության նախարարության նախագծի հետ որևառնչություն չունի, և այն կարծիքները, որ ՊՆ-ի նախագիծը փոփոխության է ենթարկվել ու ներկայացվում է իմ կողմից, անտեղի է: Շատ հաճախ լրագրողներն ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել ծառայելուց ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերվում է միայն 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին»։

2019-ի դեկտեմբերի 31-ից չի գործում օրենսդրական այն կարգավորումը, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին թույլ էր տալիս պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մինչ այդ տարիներ շարունակ հարցը կարգավորվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով։ Ըստ էության՝ Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը հենց այս օրենքն է վերադարձնում օրակարգ։

«Եթե մենք հիմա չասենք եկեք ծառայեք, կամ այսքան գումար վճարեք, մի ծառայեք, նրանք ուղղակի կսպասեն մինչև 37 տարին լրանալը, ոչ գումար կվճարեն, ոչ էլ կծառայեն։ Այսինքն՝ այս կարգավորումը լրացուցիչ զորակոչ և ֆինանսական մեծ հոսքեր է տալու բանակին։ Այս նախագծով մենք տարեկան կունենանք շուրջ 500 զորակոչ»։

Հայրենիքին ծառայելու հնարավորություն  յուրաքանչյուր ոք պետք է ունենա, նույնիսկ եթե ինչ–ինչ պատճառներով ժամանակին խուսափել է դրանից՝ կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ 

«Սա կարող է նախադեպ ստեղծել, որ 18 տարեկանը չլրացած ՀՀ քաղաքացին  դուրս գա ՀՀ տարածքից, այնուհետև 10 տարի այլ երկրներում բնակվի , հետո ինչ- որ գումար վճարի ու վերադառնա։ Արդյո՞ք սա բանակի հիքերը չի քանդի, արդյո՞ք երկրի պաշտպանունակությունը չի թուլացնի։ Մարդկանց ուղորդում են չծառայել»։

Շրջանառվող նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինծառայություն անցնել 24 ամիս ժամկետով կամ 12 ամսով, բայց պետական բյուջե վճարելով 2 միլիոն 500 հազար դրամ։  Տարբերակներից մյուսը 6 ամիս ժամկետով ծառայելն  է՝ վճարելով 5 միլիոն դրամ կամ  զինծառայություն անցնելը 1 ամիս ժամկետով՝ վճարելով 10 միլիոն դրամ։ Ընդհանրապես ՝չծառայելու փոխարեն  նախագծի հեղինակն առաջարկում է պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։

Հայաստանի համար նման ծանր ժամանակահատվածում նման առաջարկն անընդունելի է համարում  ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

«Արտաքին վտանգները բազմապատկվել են մի քանի անգամ բազմաթիվ ուղղություններով։ ՀՀ միակ հույսը Զինված ուժերն են։ Ուրիշ դաշնակից ՀՀ-ն այսօր չունի։ 44-օրյայից հետո կտրուկ նվազել է ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու ցանկություն ունեցողների թիվը, նվազել է Մոնթե Մելքոնյանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվողների թիվը։ ՀՀ–ն ընդհակառակը պետք է այնպիսի ծրագիր մտածի, որ շահագրգռի սեփական քաղաքացիներին ծառայել ԶՈՒ-ում»։ 

Մինչ օրինագծի հեղինակը կարծում է, որ այս փոփոխությունը կնպաստի հայրենադարձությանը, նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ մուտք կապահովի պետական բյուջե, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը տարակուսում է. հայրենադրաձությունը այդ կերպ չէ, որ պետք է խթանվի։

«Հայրենադարձության խթանման համար հեծանիվ պետք չէ հորինել։ Առնվազն մեկ պետություն կա, որից արժե դասեր քաղել, խոսքը Իսրայելի մասին է։ Հայրենադարձության համար ինչ պայմաններ են ստեղծում, որպեսզի մարդիկ վերադառնան, շենացնեն և պաշտպանեն իրենց հայրենիքը։ Իսկ այս օրենքն ինչով կօգնի հայրենադարձությանը։ Գումար վճարելուց հետո ի՞նչ են անելու։ Ասելու են ես այսքան գումարով իմ պարտքը կատարեցի ու էլի գնալու են։

2010-ին ժամկետային զինծառայողների թիվը եղել է 44365, 2019-ին՝ մինչև պատերազմը, 24 761։ Սա , նախագծի հեղինակի գնահատմամբ, խիստ մտահոգիչ ցուցանիշ է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ  պետք է խրախուսել բանակում ծառայությունը։

«Ինչ պետք է փոխենք, կամ ինչ չենք փոխել, որպեզսի մարդը ոչ թե խուսափի, այլ առանց գումարի և քրեական պատասխանատվության ենթարկվելու ցանկանա ծառայել ԶՈՒ–ում։ Դրա համար  պայմաններ և վերաբերմունք է պետք ապահովել»։

Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը վստահ է՝  ինչ առաջարկ էլ արվեր, քննադատողներ լինելու էին։ Այս նախագծով գոնե հնարավորություն կտրվի մինչև 37 տարեկանը վերադառնալ հայրենիք։ Բացի դա՝ կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական միջոցները։ Ինչ վերաբերում է ծառայության ավելի գրավիչ պայմաններ ստեղծելուն, ապա այդ ուղղությամբ քայլեր, կարծում է,  արվում են։

«Բավականին փոփոխություններ են տեղի ունենում բանակում, ինչը ծառայությունն ավելի գրավիչ է դարձնում՝ կապված համազգեստի, սննդի, պահման վայրերի հետ։ Այսօր մենք չենք տեսնում զորացրված զինծառայող, ով  գնացել է բանակ 50 կգ, վերադարձել՝ 50 կգ։ Հակառակը հաճախ ունենում ենք զինծառայողներ, ովքեր գնացել են 60 կգ են եղել, վերադարձել են 60 կգ և ավելի։

Ըստ պատգամավորի՝ պայմանները բարելավվում են նաև պայմանագրային զինծառայողների համար։ Համոզված է՝ ՊՆ աննախադեպ մեծ բյուջեով թույլ կտա հաջորդ տարի բարձրացնել աշխատավարձերը։ Ու թեև համոզված չէ, որ նախագծով  կպակասի բանակից խուսափողների թիվը, բայց  վստահ է՝ կլուծի գոնե  սոցիալական արդարության խնդիրը ։ 2021 թվականին ԱԺ-ի կողմից համաներում ընդունվեց բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին ծառայել հայոց բանակում։ Նրանց հնարավորություն  տրվեց ներկայանալու և ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։

Back to top button