ԿարևորՀասարակություն

Սյունիքում փորձում են լուծել բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրը

Սյունիքի գյուղական բնակավայրերում բնակություն հաստատած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն աստիճանաբար հարմարվում են նոր պայմաններին ու իրավիճակին։ Շատ կազմակերպություններ շարունակում են նրանց հումանիտար օգնություն տրամադրել։ Օրախնդիր է մարդկանց զբաղվածության խնդիրը։

Սյունիքի մարզում, նախնական հաշվարկներով բնակություն  հաստատված  5257 բռնի տեղահանված արրցախցիներից 4300-ը ապրում է հիմնականում վարձակալությամբ տրված բնակարաններում կամ գյուղական տարբեր բնակավայրերի սեփական տներում։Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղում արցախցի 5 ընտանիք է վերաբնակեցվել։ Նազիկ Պողոսյանի ընտանիքն Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում էր ապրում։ Հիմա ամուսնու հետ Առաջաձորում է բնակություն հաստատել, իսկ 4 երեխաները Գորիսում են։

«Դըմըշնիկած ըմ լյա, վեներս պեց։ Թե Նազո ուզում ես ստըղ քինաս, ասի՝ ձեր ցավը տանեմ, մի շեն տեղ տվեցիք, քինամ երկու հավ պահեմ, կարտոշկա վարիմ, մի լաք անիմ, ապրիմ։ Հին ըմ ապրում, Աստծոն փառք»։

Միքայել Ավագյանը նույնպես  Ասկերանից տեղահանվել։ Արցախում գյուղատնտեսությամբ է զբաղվել, շինարարական կազմակերպությունում է աշխատել։ Սյունիքում նույնպես կարող է նույն գործով զբաղվել։ Դժգոհ չէ, որ Առաջաձորում են տուն հատկացրել։

«Նախ կնոջս ու երեխայիս ուղարկեցի, հետո վերջում ես եկա, մեքենաներում տեղ չկար, կանայք ու երեխաներն էին առաջուց դուրս գալիս։ Դե ստեղ ենք, հիմա էս տունը մի քիչ կարգի բերեմ, նոր մտածեմ գործի մասին»։

Իսկ Գորիսի Վերիշեն գյուղում բնակություն հաստատած Կոլյա Ավանեսյանն ասում է՝ մինչև որդին ու հարսը գործ կգտնեն, ինքը մտածեց սեփական տնտեսության մասին։ Պետության  տրամադրած ֆինանսական միջոցներով ու իր խնայած գումարով երկու խոզ է գնել, 10 ճագար։ Հնարավորության դեպքում՝ հավ է պահելու, խոշոր և մանր եղջերավոր անասուններ է գնելու։

«Ես չեմ կարա ասեմ՝ աշխատեցեք, ես փախստական եմ, նստեմ, ուտեմ, տենց բան չի լինում, քանի որ ձեռքդ սաղ ա, ոտդ սաղ ա, ամեն ինչ վարի, կարտոլ, լոբի ցանի կեր»։

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմն առաջիններից էր, որ Արցախից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրեց։ Այս օրերին էլ կազմակերպությունը Սյունիքի մարզի բնակավայրերում վերաբնակեցված արցախցի ընտանիքներին սնունդ և հիգիենայի պարագաներ է բաշխում։ Կազմակերպության Սյունիքի ծրագրերի պատասխանատուի օգնական Արփինե Մկրտչյանը հիշում է սեպտեմբերյան այն օրերը, երբ Կոռնիձորի հումանիտար կենտրոնում բռնի տեղահանվածներին էին ընդունում։ Ասում է՝ արցախցի տղամարդկանցից մեկն իր տան բանալիներն էր ձեռքում պինդ պահել․ կարծես վախենում էր կորցնել,  հույս ուներ, որ վերադառնալու  է հայրենի օջախ։

«Գիտե՞ք,  հոգու կարոտ ապրող մարդուն քո նյութական աջակցությունն պետք չէ, նրան իր փառավոր անցյալի վերհուշի զրույցդ է պետք ու այնտեղ վերադառնալու հույսը։ Գրպանում իր տան բանալիները չխչխկացնող արցախցի   տղամարդուն եմ հիշում, այդ հզոր մարդու մտքով  երբևէ չէր անցել, որ տունը կթողնի։ 120 000 ճակատագիր՝ մեկը մյուսից տարբեր, ու այդ մարդկանց ապրումակցել է պետք»։

Առաջաձորի վարչական ղեկավար Ալեքսան Առաքելյանն ասում է՝ ընտանիքներ կան, որ եկել են, գնացել, հետո նորից վերադարձել գյուղ։

«Գյուղացիները տրամադրել են իրենց  ազատ տները, բնական է՝  խնդիրներ կլինեն, բայց համայնքի հետ, համայնքի ղեկավարի հետ փորձում ենք լուծում տալ հարցերին»։

Սյունիքում այս պահին օրակարգային է բռնի տեղահանված  արցախցիների զբաղվածության հարցը։ Պետական և մասնավոր շատ ընկերություններ աշխատանքի ընդունման հայտարարություններ են տարածել․ միայն Քաջարանի «Աժդանակ» ՍՊ ընկերությունը 50 նոր աշխատեղ է բացել արցախցիների համար և նրանց տեղավորել աշխատանքի։

Back to top button