ԿարևորՔաղաքական

2024-ի պետական բյուջեն «լռում» է «Խաղաղության խաչմերուկի» մասին

Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը շրջանառության մեջ դրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Հայաստանի իշխանությունները այն համարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բանաձև և հայեցակարգը՝ որպես առաջարկ ներկայացնում ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։

Այս օրերին խորհրդարանի ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում է 2024–ի բյուջեի նախագիծը։ «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե ինչ է հուշում փաստաթուղթը հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին։

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը «լռում» է «Խաղաղության խաչմերուկի» մասին։ 2024–ի առանցքային փաստաթղթում որևէ տող չկա այն ծրագրի մասին, որը Հայաստանը առաջարկում է տարածաշրջանի մյուս երկրներին՝ որպես խաղաղության բանաձև։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանում է՝ դա կապ չունի ծրագրի հանդեպ որևէ թերահավատության հետ․ հստակ թվերը կլինեն հստակ պայմանավորվածություններից հետո․

«Երբ կոնկրետ թղթի վրա կլինեն ծրագրեր, օրինակ, հստակ պայմանավորվածություններ, որ երկաթուղին աշխատելու է, այդ ժամանակ նոր դա տեղ կգտնի մեր բյուջեում, որովհետև հիմա երկաթուղի կառուցել, երբ մենք վստահ չենք, որ մյուս տարի բոլոր քաղաքական և տարածաշրջանային հարցերը կլուծվեն, երևի այդքան էլ արդյունավետ չէր լինի»։

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, որում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, պարբերաբար հանդիպումներ է անցկացնում մասնակիցների միջև։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ իրենք պարբերաբար շփվում են։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա հաստատել է՝ աշխատանքային խումբը պաշտոնապես գոյություն ունի։ Վերջին անգամ խումբը հավաքվել է հունիսի 2-ին։

Հակառակ «միջանցքային» տրամաբանության շրջանակներում շրջանառվող տարբեր շահարկումների և տերմինաբանական «պատերազմների», Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, շեշտում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը․

 «ՀՀ-ն ոչ միայն դեմ չէ, այլև շահագրգիռ է, եթե կուզեք՝ ՀՀ-ն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների՝ տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի։ Այստեղ մենք շատ պարզ և ընկալելի, ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի ամսին։ Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն և օգտագործվեն հարևան երկրների կողմից, այսինքն՝ մենք իրենցը, իրենք մեր ենթակառուցվածքները, բոլոր այսպիսի ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Այստեղ երկիմաստություններ և այլևայլություններ չեն կարող լինել»։



Միրզոյանը հավատում է ծրագրի դրական ընթացքին և ապագային։ Դիտարկում են ճանապարհների բոլոր հնարավոր տարբերակները․

 «Պետք է նախկինում գործած ենթակառուցվածքները վերականգնվեն, նորերը կառուցվեն։ Սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում, այլև առհասարակ՝ ավելի լայն տարածաշրջանում։ Մենք նկատի ունենք նաև Գյումրի-Կարս երկաթուղին, նկատի ունենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և այլ ճանապարհներ և երկաթուղիներ։ Միջազգային մասնակցայնությունը այս ծրագրի նախագծին ԱԳՆ քաղաքական առաջնահերթություններից է լինելու 2024 տարում։ Մի շարք այդպիսի մեգանախագծեր կան։ ՀՀ-ն ուզում է լինել այս նախագծերի մաս»։

Արտգործնախարարի խոսքով՝ թեև «Խաղաղության խաչմերուկի» մասին խոսում են ընդամենը մի քանի օր, միջազգային հետաքրքրությունը նախագծի հանդեպ արդեն տեսնում է։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը պատկերավոր է բացատրում, թե ինչ են առաջարկել աշխարհին և տարածաշրջանին։

 «Ասենք՝ գավառական թանգարանի պատին մի նկար է կախված լինում, որի ռեստավրացիայի ընթացքում մեկ էլ պարզվում է, որ տակը շատ թանկարժեք նկար է իրականում, ներկով ծածկված է եղել։ Այդ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկը մոտավորապես այդ տակի նկարի պես մի բան է։ Չզարմանաք, եթե մի կարճ ժամանակ հետո սարսափելի ակտիվություն սկսի այդ ծրագրի շուրջը»։

Պատգամավորի մտավախությունն այլ է․ ծրագրի հանդեպ միջզգային ուշադրության կանխատեսվող մեծացմանը զուգահետ ինչպե՞ս է լուծվելու ճանապարհաշինարարական մասնագետների խնդիրը։ Հարցը տալիս է աչքի առաջ ունենալով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի տասնամյակներով ձգվող շինարարության փորձը։ Պարզվում է, որ այս դեպքում արտգործնախարարությունը այլ լուծումներ է պատկերացնում․

 «Հյուսիս-Հարավով առաջիկայում կտեսնենք էական շարժ, քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Երկաթուղին, իհարկե, մեծ ներդրումների մասին է, և այստեղ մենք պետք է ունենանք այդ պայմանավորվածությունները, որպեսզի կարողանանք այդ ներդրումները անել։ Որևէ մեկը փակուղի գնացող, երկու ծայրում փակուղի ունեցող երկաթուղի չի կառուցի, այդքան փող ներդնի, առանց իմանալու, որ հետո շարունակվելու է այդ երկաթգիծը այս կամ այն ուղղությամբ։ Եթե կունենանք լուծումներ, մենք նաև երկաթուղիները կկառուցենք։ Փառք Աստծո, աշխարհը այժմ շատ ավելի գլոբալ է։ Եթե հայտարարում ես շինարարության մրցույթ և ինքդ չունես բավարար թվով շինարարական կազմակերպություններ, կան նաև միջազգային շինարարական ընկերություններ կամ երկրներ, ովքեր հետաքրքրված են այդպիսի մեգանախագծերում ներդրումներ անելով և այլն, և այլն։ Այսինքն՝ պայմանների հստակեցումից հետո այդ ռեսուրսները կամ տեղական, կամ անհրաժեշտության դեպքում նաև միջազգային, կներգրավվեն։ Ես չեմ կարծում, որ օրինակ, այսքան տարիներ, Հյուսիս–Հարավը չի կառուցվել մասնագիտական հմտությունների բացակայության պատճառով։ Շատ աղմկոտ պատմություն է, բոլորդ գիտեք՝ ընդհուպ մինչև քրեական գործեր կան»։

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ չկան։ Օտարերկրյա փորձագետների հաշվարկով՝ այդ թևի վերականգման արժեքը մոտ 230 մլն դոլար կլինի, իսկ տևողությունը՝ մինչև 36 ամիս։ Բայց այս ամենն, ըստ արտգործնախարարի, հնարավոր կլինի իրագործել միայն քաղաքական համաձայնություններից և որոշումներից հետո։

Կարդացեք նաև

Back to top button