
«Վանաձորցեմենտ»-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումն է հրավիրել Վանաձորում: Ինչպես օրեր առաջ Կողեսում, Վանաձորում ևս հանրային լսումներն առանց բնակիչների են անցել: Ըստ բնապահպանների՝ տեղական ինքնակառավարման մարմինները պատշաճ չեն ծանուցում: Բնակիչն ի սկզբանե տեղեկացված չի լինում իր համայնքում կազմակերպվող գործունեության մասին, բայց հետո դառնում այդ գործունեության ազդեցության կրողը:
Շրջակա միջավայրին հասցվող նվազագույն վնասներ ու շուրջ 15 աշխատատեղ՝ «Վանաձորցեմենտ»-ի առաջարկն է՝ Վանաձորի արտադրական գոտում նախատեսվող ցեմենտի արտադրության թույլտվության դիմաց: Ընկերության տնօրեն Արեն Աբովյանը սոցիալական պատասխանատվության փաթեթ չի քննարկել Վանաձորի ժամանակավոր իշխանությունների հետ: Թույլտվություն կլինի, կմտածենք՝ասում է. «Կաշխատի՝ կտեսնենք, հենց հիմա հստակ պատասխան չեմ կարող տալ»:
Վանաձորի վարչական սահմաններում գտնվող նախկին «Ուկրշին»-ից վարձակալած տարածքում ցեմենտ են արտադրելու: Նախատեսում են արտադրական հոսքագիծը համալրել 3 աղացներով ու ջարդիչներով: Հումքի հիմնական մատակարարներն են Արարատցեմենտը, Իրանն ու Վրաստանը: Վրաստանից գնելու դեպքում դիտարկում են նաև Թբիլիսի-Երևան երկաթուղային փոխադրումը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը կազմած «Քոնսեկոարդ» ՍՊԸ տնօրեն Վռամ Թևոսյանն ասում է արտադրական տարածքը Վանաձոր խոշորացված համայնքի Դարպաս բնակավայրից հեռու է 690, Փամբակ գետից՝ 100մ։
Վստահեցնում՝ արտանետումներն ու աղմուկի մակարդակը հասցվելու են նվազագույնի՝ շնորհիվ ժամանակակից սարքավորումների. «Բարեբախտաբար, այս գործունեությունը արտադրական արտահոսքեր չի առաջացնելու, աղմուկի տեսակետից, ասեմ, որ ձեռնարկությունում չկան աղմուկի աղբյուրներ, արտադրական թափոններ չեն առաջանալու,սա անթափոն գործունեություն է»:
Ըստ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի 2022-ի տարեկան ամփոփոգրի՝ 2022-ին, ի թիվս ՀՀ խոշոր քաղաքների, Վանաձորում ևս մթնոլորտային օդի որակի դիտարկումներ են արվել: Դրանց արդյունքներով՝ 2022-ին քաղաքների մթնոլորտային օդում հիմնականում բարձր է եղել փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը, ինչը հետևանք է արդյունաբերական ու շինարարական գործունեության, տրանսպորտային միջոցների շահագործման և կանաչապատ տարածքների պակասի: Դատախազությունը ևս ահազանգել էր խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտման՝ սահմանային թույլատրելիից բարձր մակարդակի մասին: Բացի մայրաքաղաք Երևանից, գրեթե նույն պատկերն է Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքներում: Օդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի դիտակայանների արձանագրած տվյալներով՝ անգամ անտառածածկ գոտիներով հարուստ Վանաձորում օդի աղտոտվածությունը շատ հաճախ թույլատրելիից 1.5 անգամ ավելի է լինում՝ գերազանցելով նույնիսկ ցեմենտի արտադրությամբ հայտնի Արարատ և Հրազդան քաղաքները։
Դատախազությունն առաջարկել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ավելի գործուն դարձնել վերահսկողական գործառույթները՝ ընդհուպ պատասխանատվության միջոցներ: Վռամ Թևոսյանը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի դիտակայանների արձանագրած տվյալների հետ համաձայն չէ: Դրանք, ասում է, սերտիֆիկացված սարքերով դիտակետեր չեն և միայն մոտավոր պատկերացում են տալիս օդի աղտոտվածության մասին:
Հանրապետության 6 սերտիֆիկացված դիտակետերից որևէ մեկը մարզում չէ: Արձագանքելով օդի աղտոտման ներկա ֆոնին, Վանաձորցեմենտի կողմից հնարավոր աղտոտմանը, ասում է՝ այն էական չի լինելու, որովհետև ցեմենտի արտադրության լրիվ ցիկլ չի ենթադրում: Փամբակ գետին չեն վնասելու, որովհետև ընկերության գործունեությունը ջրային ավազանին չի առնչվելու:
Հիմնական ռիսկը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է աշխատավայրում. «Վանաձորն ունի տարբեր սարքավորումներ, բայց դրանցից ոչ բոլորն են սերտիֆիկացված, օրինակ՝Վանաձորում չափում են ազոտի և ծծմբի երկօքսիդը, բայց դա արվում է շատ կոպիտ եղանակով, որը կոչվում է պասիվ նմուշառում և տալիս շատ մոտավոր պատկերացում։ Դա չի կարող պաշտոնական լինել, բայց միջին տվյալներ տալիս է: Սա շատ բարձր ռիսկային գործունեություն չի, սրա ռիսկերը ավելի շատ կազմված են մարդկային գործոնի հետ: Ռիսկ այնունամենայնիվ կա, քանի որ ջարդիչներ են, կլինկեր են մանրացնելու, թեև իրանք արդեն 2 տեսակավորող ջարդիչ սարք են առել, մաղ են առել»:
«Պարբերաբար հանրային լսումների մասին տեղեկություններ ենք ստանում: Սա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումն է: Առաջինի մասին անգամ տեղյակ չենք եղել: Ինչպես օրեր առաջ Կողեսում, այնպես էլ Վանաձորում լսումներին դարձյալ բնակիչներ չկային»,-ասում է բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:
Վատ իրազեկման հետևանք է: Ի սկզբանե տեղյակ չլինելով իր համայնքում կազմակերպվող այս կամ այն գործունեությանը՝ բնակիչը հետո դառնում դրա ազդեցության կրողը: Դուլգարյանն առանձնակի ուշադիր է հետևել գրանցման թերթիկի գրառումներին. «Գրում էին ոչ թե իրենց պաշտոնը՝ ասենք ՏԻՄ ներկայացուցիչ, այլ գրում էին համայնքի բնակիչ, և դա խնդիր ա բոլոր համայնքներում՝ ծանուցման կարգի հետ կապված: Կարելի է ասել, որ մարդիկ անտարբեր են, բայց իրազեկումը պատշաճ չի կատարվում: Սա 2-րդ հանրային լսումն էր: Ես՝ որպես շահագրգիռ անձ, 1-ին լսումների մասին ընդհանրապես տեղյակ չէի և հենց այդ հետաքրքրությունն էր, որ բերեց այստեղ, տեսնեմ՝բնակիչ կա՞, թե՞ չկա: Չկար: Առանց ազդակիր համայնքների բնակիչների իմացության՝ լսումներն անթույլատրելի են, սա հակասում է սոցիալական արդարությանը»:
Դուլգարյանի ղեկավարած «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-նպատրաստվում է Կառավարությանն առաջարկել մեխանիզմների նոր փաթեթ: Այժմ աշխատում են հանրային լսումներին բնակիչների ներգրավման ՏԻՄ-ի և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենքի շրջանակում գործող կարգավորումներում նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ:









