ԿարևորՀասարակություն

Արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Երևանում դիմումները պետք է ներկայացնել Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումները կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,
– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,
– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).
– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,
– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշել է փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։

Կարդացեք նաև

Back to top button