ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երբ աշխատավայրը տուն է, այնտեղ գտնվողները՝ ընտանիք

Սրբուհի Վանյան
Ռադիոլուր

Ստեփանակերտում բոլորը գիտեին՝ երեխաների խնամքի ու պաշտպանության «Զանգակ» գիշերօթիկ հաստատության նկատմամբ վերաբերմունքը Համեստ Սուլեյմանյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո փոխվել է։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ոչնչի, առավել ևս՝ սիրո կարիք չպիտի ունենան․ սա տիկին Համեստի սկզբունքն էր։ Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմը տիկին Համեստին բաժանեց իր սիրելի սաներից։ Բայց ամեն շաբաթ այցելում է նրանց՝ հույսով, որ մի օր կարողանալու է մեկ հարկի տակ հավաքել երեխաներին ու աշխատակիցներին։ 

«Ռոբա,- Ընկեր Համեստ, ո՞նց եք, լա՞վ եք։  Կարո՞ղ եք զանգել, ուզում եմ Ձեզ հետ խոսել, շատ եմ կարոտել։ Կամ մի բան գրեք։
Զիտա,- Կարո՞ղ եք Դուք զանգել»;

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության «Զանգակ»  գիշերօթիկ հաստատության կամ ինչպես ընդունված է ասել՝  մանկատան սաներն են, որոնք Արցախից տարհանվելուց հետո ևս 9 բախտակիցների հետ հիմա գտնվում են Կապանի «Երեխաների և ընտանիքի միավորման ճգնաժամային կենտրոնում»։ Օրը մի քանի անգամ զանգահարում են  Համեստ Սուլեյմանյանին՝ Ստեփանակերտի իրենց  կենտրոնի տնօրենին։ 

Տիկին Համեստին հաստատության սաները վերաբերվում էին ոչ որպես տնօրենի. ավելի շատ խստապահանջ ծնող էր։ Իսկ կենտրոնը, մանկատուն  չէր, այլ տուն, որտեղ ապրում էին մեծ ընտանիքով։

Տիկին Համեստը լցված աչքերով է թերթում ու ցույց տալիս երեխաների՝ իրեն ուղարկած մեսիջները, պատմում, որ հաճախ է այցելում նրանց, նվերներ  տանում, նաև  աշխատում՝  իր մեծ  «ընտանիքը» նորից իրար կողք հավաքելու ուղղությամբ։

«Մեր հաստատությունում մանկատուն բառը չէր օգտագործվում։ Մենք մեծ ընտանիք ենք եղել։ Եվ սաները, և աշխատողները, և տնօրինությունը  այստեղ եկել են իրենց տուն, ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր պարտականությունները»։

Սառան հաստատության ամենափոքր բնակիչն էր: Վեց ամսական էր, երբ բերեցին այնտեղ։ Ինչպես տնօրենը, այնպես էլ աշխատողներն ու սաները հատուկ վերաբերմունք ունեին Սառայի նկատմամբ։ Հիմա աղջնակը երկու տարեկան է։ Տիկին Համեստը հեռախոսում թերթում է Սառայի նկարները, պատմում, թե ինչպես է քայլել, ինչ է սիրում, ինչով ուրախանում։ Հիմա սկսել է խոսել՝ ասում է տիկին Համեստը հուզմունքով, ինձ մամա է ասում։

«Երկու տարեկան Սառաս է։ Ամենափոքրն այնտեղ մեկ տարեկան է, ամենամեծերը՝ Հովսեփս ու Վարդուհիս,  ապրիլին կլինեն 18։  Հովսեփի ճակատագիրը հայտնի է, մայրը կտանի, բայց Վարդուհիս ծնողազուրկ է։ Նա եղբայր էլ ունի կողքին, բայց եղբայրը հայր ունի։ Վարդուհին թերզարգացած երեխա է ու հատուկ խնամքի կարիք ունի։ Այդ երեխայի ճակատագիրն ինձ մտահոգում է»։

Իր տնօրինության երեք տարիների ընթացքում Ստեփանակերտի գիշերօթիկում երկու հարսանիք են արել՝ մեծ կյանք ճանապարհելով երկու օրիորդների, նաև օժիտ տվել, ինչպես որ կարգն է։ 

Կենտրոնը, որտեղ հիմա գտնվում են երեխաները, անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել է, բայց տիկին Համեստը, մի քանի պատճառով չի ուզում, որ իր սաներն այնտեղ մնան։

«Հարցն այն է, որ այս երեխաներն արդեն երկու պատերազմ են ապրել և մի սթրեսը դեռ չանցած՝ նոր սթրեսի են ենթարկվել։ Նրանք դեռ վախեր ունեն, իսկ Կապանում, ճանապարհին  շատ մոտիկ, օդանավակայանի մոտ երևում է ադրբեջանական դրոշը։ Ամեն ձայնից, լացից իրենք վախենում են։ Սառաս, երբ այնտեղ պահում էի, շտապօգնության մեքենայի ձայնից պինդ գրկել էր ինձ ու բաց չէր թողնում»։

Արցախում գտնվելու վերջին ամիսներին Ստեփանակերտի գիշերօթիկի աշխատակիցներն այնպես են արել, որ երեխաները չզգան շրջափակման դաժանությունը։ Տնօրենն ինքն անհրաժեշտության դեպքում շրջել է գյուղերով՝ անհրաժեշտ մթերք հայթայթելու  համար, ներգրավել է բարեգործների, օգտագործել ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կոմիտեի հնարավորությունները։ Հիմա մի տեսակ անզորութան  զգացողություն ունի, և չի իմանում՝ ինչ պատասխանի  երեխաների հարցադրումներին։

«Ամեն օր զանգում են, հարցնում՝ երբ եմ գնալու, ինչու իրենց Երևան չեն թողնում, երբ եմ տանելու։ Մեծ երեխաները հարց են տալիս, թե կարող է Ադրբեջանը նորից հարձակվի, բա Դուք մեր մոտ չեք, ինչ ենք անելու։ Ասում եմ, որ լավ է լինելու, ամեն ինչ անելու եմ, որ իրենց սահմանամերձ գոտուց ավելի անվտանգ տեղ տեղափոխեմ»։

Տիկին Համեստը երեխաներին, եթե ոչ Երևանում, ապա գոնե Երևանին մոտ ինչ–որ տեղ  տեղափոխելու կամ առանձին  հաստատություն բացելու առաջարկով տարբեր դռներ է ծեծել․ եղել է պետական կառույցներում, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների  հետ է հանդիպել։ Առայժմ խնդիրը չլուծված է մնում, սակայն  ինչպես տիկին Համեստը, այնպես էլ ծնողական խնամքից զրկված և ընտանեկան ջերմությունը Ստեփանակերտի գիշերօթիկում գտած  երեխաները հույսը չեն կորցնում, որ մի օր, թեկուզ ոչ Ստեփանակերտում, բայց մի հարկի տակ նորից հավաքվելու են իրենց մեծ ընտանիքով։ 

Back to top button