ԿարևորՄշակույթ

Երևանյան հյուրախաղեր՝ 40 տարի անց․Հայաստանում է Ալեքսանդրինյան թատրոնը

Վիկտորյա Սարգսյան
Ռադիոլուր

Այս տարվա սեպտեմբերին հյուրախաղերով Սանկտ Պետերբուրգում էր Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ​​ակադեմիական թատրոնը։ Իսկ նոյեմբերի 6-ին Երևանում կսկսվի Ռուսաստանի Ազգային դրամատիկական կամ հանրության առավել հայտնի՝ Ալեքսանդրինյան թատրոնի պատասխան հյուրախաղը։ Առաջիկա օրերին սպասվող մշակութային այդ իրադարձության և ավելի վաղ ռուսական թատրոնի լեգենդար բեմերից մեկում սունդուկյանցիների ելույթի մասին են պատմել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը։

Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական և Ռուսաստանի Ազգային դրամատիկական թատրոնների միջև համագործակցությունը սկսել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, օրինակ՝ Ազգային դպրոցը, վարպետության տարբեր դասընթացներ ու տեխնիկական վերապատրաստումներ։ Իսկ այսօր Ալեքսանդրինյան թատրոնը տասնամյակների դադարից հետո առաջին անգամ Հայաստանում է։ Տարվա գլխավոր թատերական իրադարձությունն է սա՝ ասում է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Ալեքսանդրինյան թատրոնը այստեղ կներկայացնի երկու՝ «Ամուսնությունը» և «Արարածը» ներկայացումները։ Առաջինը բեմադրել է Վալերի Ֆոկինը, իսկ երկրորդը՝ Նիկիտա Կոբելևը։ Այսօր մենք հավաքվել ենք տարվա գլխավոր թատերական երևույթը ազդարարելու համար։ Որովհետև Ալեքսանդրինյան թատրոնը վերջին անգամ Երևանում եղել է 80-ականներին։ Եվ այս շքեղությամբ, այս ծավալով թատրոնն առաջին անգամ է Հայաստանում»։

Ելույթ ունենալ հայաստանյան բեմում՝ մեզ համար նույնպես պատմական իրադարձություն է՝ ասում է Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը։ Սա թատրոնի առաջին ստեղծագործական քայլն է Հայաստանում։

«Ես մեծ հույսեր ունեմ ու հավատում եմ, որ հայ հանդիսատեսը շատ ինտելեկտուալ և թատերասեր է։ Ընդհանրապես, Հայաստանը շատ թատերասեր երկիր է, և միշտ հայտնի էր իր թատերական ավանդույթներով։ Եվ, իհարկե, մենք հույս ունենք, որ Ալեքսանդրինյան թատրոնը այս «քննությունը»  գերազանց կհանձնի»։

Այս տարվա սեպտեմբերին էլ սունդուկյանցիներն են ելույթ ունեցել Ալեքսանդրինյան թատրոնի բեմում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ու «Դեկամերոն» ներկայացումներով է հանդես եկել թատրոնը։ Պատմական այդ բեմի ընդունելությունն ու էներգետիական անբացատրելի է՝ ասում է Վարդան Մկրտչյանը։ Լեփ լեցուն դահլիճը շուրջ 10 րոպե հոտնկայս ծափահարել է հայ դերասաններին։

«Պարզապես, հրաշալի ներկայացում էր դա։ Փառահեղ ընդունելություն էր։ Դահլիճը լեփ-լեցուն էր ինչպես պատմական բեմում, այնպես էլ Մեյերխոլդի անվան նոր բեմում»։

Ալեքսանդրինյան թատրոնը հայ հանդիսատեսի համար յուրահատուկ ներկայացումեր է ընտրել։ Բերել են այն նեկայացումները, որոնք, Սերգեյ Եմելյանովի համոզմամբ՝ իրենց հետքը կթողնեն երևանյան բեմում։

«Ոչ պարզ ու թատերական։ Ծիծաղելի է չէ՞ հնչում թատերական։ Պարզ է, որ ներկայացումը թատերական կլինի։ Բայց մենք գիտենք, որ կան շատ պարզ, կատակերգական ներկայացումներ, որտեղ գալիս ես, ուրախանում ես ու գնում։ Բայց մենք բերել ենք այն ներկայացումները, որոնք անկասկած, ինչ որ հետք կթողնեն մարդկանց հոգիներում»։

«Ամուսնություն» ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 9-ին և 10-ին, իսկ «Արարածը»՝ նոյեմբերի 12-ին։

Back to top button