
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտնել է, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:
«Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը բացելուն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ-ի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն, և նաև երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք տարբեր նպատակներով մի երկրից կցանկանան անցնել մյուսը, ասենք՝ զբոսաշրջության համար, ահա այս մարդկանց համար նպատակ կա բացել սահմանը»,- ասել է նախարարը:
«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը»,-ասել է Միրզոյանը:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում:




