
«Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի» հայտարարությունը՝ առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին, բազմաթիվ վերլուծությունների տեղիք է տվել։ Այդ հարցին նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն է անդրադարձել։ Այս թեմայով «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան՝ պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, վերահաստատելով, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կառաջացնի։
Երկարաժամկետ հեռանկարում հայ փորձագետները չեն բացառում Ադրբեջանի հերթական ագրեսիայի հավանականությունը, սակայն օրերի ու շաբաթների մասին խոսելը քարոզչական բնույթի հայտարարություն են համարում։
Շատ հաճախ տվյալ երկրում տրամադրությունները ճշտելու նպատակով են որոշակի հայտարարություններ տարածվում, ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հավանականության մասին «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի» կողմից կարմիր (ամենաբարձր) նախազգուշացում պարունակող հայտարարությանը։
Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շտապում է արձագանքել․ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»։
«ֆորմալ առումով ճիշտ հայտարարություն է, բայց հարց է, որքա՞ն և ի՞նչ գործիք կա պետդեպի ձեռքում, որ թույլ չտա Ադրբեջանիր հարձակումը։ Ես համոզված չեմ, որ նման գործիքներ կան, կամ եթե կան էլ, չեմ կարծում թե ողջ ծավալով կկիրառվեն։ Այնպես որ լավ ֆոն է ստեղծում այս հայտարարությունը, բայց բովանդակության առումով խնդրահարույց է»։
Պետքարտուղարության արձագանքում նաև նշվում է, որ ակնկալիք ունեն, թե ուժի կիրառման դեմ իրենց հորդորը չի անտեսվի, քանի որ իրենք շարունակաբար հետևում են իրավիճակին։ Շեշտվում է, նաև, որ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և որ իրենք Հայաստանի իշխանությունների հետ կփորձեն աշխատել՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը ամերիկյան այս հռետորաբանության մեջ հստակ փոփոխություն է նկատում, ինչ նկատի ունի․
«Սա հռետորաբանության որոշակի փոփոխություն է, եթե համադրենք նախկին զգուշացումների հետ։ Նախկին բոլոր արձագանքները եղել են կողմերին հավասարության նշան դնելու սկզբունքով կամ ենթատեքստը գոնե այդպիսին էր։ Հիմա մենք տեսնում ենք հասցեական գնահատական։ Որքանով դա հեռուն կգնա, դժվար է ասել, բայց, հաշվի առնելով վերջին շրջանի իրողությունները և Իրանի հայտարարությունը, որ իսլամական աշխարհը պետք է համախմբվի ընդդեմ Իսրայելի Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, կարծում եմ սա նաև այլ ենթատեքստ ունի, այն իմաստով, որ զգուշացում է Ադրբեջանին, որ այդ երկիրը չի կարող լինել նման կոալիցիայի անդամ»։
Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանի հավանական ներխուժումը ցեղասպանության վերածվելու մեծ ռիսկ է տեսնում։ Ընդգծում է հանգամանքը, որ Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզի, ուղղությամբ ունեցած որոշակի նկրտումներ իրականություն դարձնել։
Քաղաքագետ Արա Պողոսյանը ներխուժման ռիսկ տեսնում է, բայց նաև չի բացառում, որ Իրանի ճնշման ներքո Ադրբեջանը մնա համաիսլամականացման տիրույթում և գնա ընդդեմ Իսրայելի, ինչը Բաքվին զսպող քայլ է, որպեսզի վերջինը այլ արտատարածքային գործընթացների չմասնակցի։ Ամեն դեպքում, եթե հարձակում լինի Հայաստանի դեմ, հարց է, թե ինչ գին կվճարի դրա համար Բաքուն և որքան հեռուն կգնա ԱՄՆ իր գործողություններում՝ կանխելու ադրբեջանական ոտնձգությունները։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով Լեմկինի ինստիտուտի կողմից Հայաստանի վրա օրերի կամ շաբաթների ընթացքում հարձակման հավանականության մասին, նշում է, որ երկարաժամկետ հեռանկարում չպետք է բացառել նման սցենարի իրականացումը, սակայն այսօր կամ վաղվա հարձակման մասին, դժվար թե, հնարավոր լինի հստակ կանխատեսում անել։ Սակայն, հաշվի առնելով, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական պատերազմներ վրա, հնարավոր է, որ Բաքուն օգտվի առիթից ու հարձակում ձեռնարկի։ Իսկ նման դեպքում հույս ունենալ, որ միջազգային հանրությունը կշտապի օգնության, ճիշտ չէ․
«Պատերազմի հավանականության մեթոդաբանությունը շատ հաճախ ստույգ բան չէ, այսինքն դժվար է հաշվարկել, բայց սա չի նշանակում, որ պատերազմի վտանգ չկա։ Իմ ասածն այն է, որ պատերազմի վտանգը կարող է կա, կարող է և չկա մոտակա շաբաթների ընթացքում։ Այսպիսով անկախ նրանից հարձակումը կարող է լինել շաբաթների, ամիսների, թե տարիների ընթացքում՝ Հայաստանի հիմնական ռազմավարությունը արտաքին քաղաքականության դաշտում պետք է լինի այդ հարձակումը թույլ չտալը և այո, պետք է ուշադրության կենտրոնում պահել միջազգային հանրությանը, ուղղակի ես այդ միջազգային հանրության գործողություններին այս պարագայում ուղղակի չեմ հավատում»։
Քաղաքագետը հարձակման համար շատ կարևորում է նաև եղանակային նպաստավոր պայմանների առկայությունը։ Սովորաբար գարնանը, կամ աշնան սկզբին են նման գործողություններ ձեռնարկվում ասում է զրուցակիցս կարծելով, որ այժմ դեռ Ադրբեջանը պետք է զբաղվի Արցախում տեղի ունեցածը մարսելու գործընթացով։




