
ՀՀ առողջապահության նախարարությունից պարզաբանում են, թե ինչ է «առողջության համապարփակ ապահովագրությունը», ինչ ծառայություններ են ներառվում փաթեթում և ինչ կտա համակարգի ներդրումը քաղաքացիներին։
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում չի բախվի ֆինանսական խոչընդոտների։
Փաթեթը ներառելու է`
հիվանդացության, մահացության, հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ ծառայությունները,
զգալի ծախսեր պահանջող ծառայություններ, այդ թվում` չարորակ նորագոյացությունների դեղորայքային բուժումը, սրտանոթային վիրաբուժությունը և այլն,
դեղորայքի ընդգրկուն ծավալ` քրոնիկ հիվանդությունների դեպքում:
Համակարգի ներդրումը կնվազեցնի այն քաղաքացիների թիվը, որոնք, հիվանդության հայտնաբերման դեպքում, խուսափում են բուժման և շարունակական հսկողության ծախսերը միայնակ կրելուց` հրաժարվելով բուժօգնությունից:





