ԿարևորՀասարակություն

Հայաստանի դեմ լայնամասշտաբ լրտեսական պատերազմ է իրականացվում․ մեդիափորձագետները՝ «Պեգասուսի» մասին

Մեդափորձագետներն ահազանգում են «Պեգասուս» լրտեսական ծրագրով հերթական վարակումների, կամ վարակումների ակտիվացման մասին։ Լրտեսական կիբերզենքը Հայաստանի ու հայ հասարակության դեմ կիրառում է Ադրբեջանը․ այս մասին փաստում են միջազգային հետազոտական խմբերի ուսումնասիրությունները։ Տեղեկատվական անվտանգության փորձագետները նկատել են՝ որպես կանոն վարակումների ակտիվացումները համընկնում են աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական իրադարձությունների կամ սրացումների հետ։ Մոտավոր հաշվարկներով Հայաստանում լրտեսական ծրագրի թիրախ են դարձել 100-ի հասնող օգտատերեր, այդ թվում՝ հասարակական ու քաղաքական գործիչներ, լրագրողներ։

Հայաստանի դեմ լայնամասշտաբ լրտեսական պատերազմ է իրականացվում․ մեդիափորձագետներն ահազանգում են՝ հարձակման թիկունքում Ադրբեջանն է, կիրառվող զենքն էլ հայտնի լրտեսական ծրագիրը՝ «Պեգասուսը»։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը օրեր առաջ էր սոցցանցում հայտնել, որ հերթական անգամ հայաստացնի օգտատերեր Apple ընկերության կողմից հաղորդագրություն են ստացել՝ հնարավոր վարակման մասին։ Մեդիափորձագետը մանրամասնում է՝ ուսումնասիրել ու պարզել են՝ խոսքը հենց իսրայելական «Պեգասուսի» մասին է։

«Պեգասուսը» իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որը իրենք վաճառում են մի շարք երկրների պետական կառույցների։ Իհարկե, իրենք դա վաճառում են «բարի նպատակներով», օրինակ՝ հանցագործներին գաղտնալսելու համար, բայց իրականությունը ցույց է տալիս, որ տարբեր բռնապետական ռեժիմներ «Պեգասուսը» օգտագործում են քաղհասարակության դեմ։ Ակտիվ օգտագործողներից մեկն էլ հենց Ադրբեջանն է, որը միայն իր ներսում 1000–ից ավելի թիրախ ունի։ Բացի այդ կան նաև միջազգային հետազոտություններ, որ Ադրբեջանը «Պեգասուսն» օգտագործում է նաև Հայաստանի դեմ, որպես կիբերզենք»,– մանրամասնում է մասնագետը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Չնայած՝ «Պեգասուսն» արտադրող ընկերությունը մասնավոր կազմակերպություն է, Իսրայելը պետական մակարդակում վաճառքի թույլտվություն է տալիս, շեշտում է Սամվել Մարտիրոսյանը։ Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը թույլ է տվել Ադրբեջանին կիբերզենք կիրառել Հայաստանի դեմ։ «Պեգասուսով» մեկ վարակումը մինչև անգամ տասնյակ հազարավոր դոլարներ արժի, հետևաբար այն կիրառողը հատուկ թիրախներ է ընտրում՝ ընդգծում է մեդիափորձագետը։

«Վարակումները եղել են միշտ․ կան մարդիկ որոնց, այսպես ասած, ռեժիմով վարակում են, բայց կան նաև վարակումների խտացումներ՝ ինչպես օրինակ՝ պատերազմը, ռազմական գործողությունները, հետպատերազմյան իրողությունները, նախընտրական իրողությունները, արցախյան շրջափակումը և հիմա էլ նորից ակտիվություն ենք նկատում։ Երբ այսպես ուսումնասիրում ենք, առհասարակ վարակում են բոլոր նրանց, ովքեր հասարակության մեջ ինչ–որ դիրք կամ ազդեցություն ունեն և, որ ամենակարևորն է, վարակում են ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքի անդամներին»։

«Պեգասուսով» վարակումների թիվը կարող է մինչև անգամ մի քանի 100-ի հասնել՝ ասում են փորձագետները։ Դեռ ամիսներ առաջ էին հասարակական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, անգամ լրագրողներ հայտնում, որ իրենք հնարավոր վարակման մասին հաղորդագրություններ են ստացել։ Սամվել Մարտիրոսյանն բացատրում է՝ լրտեսական ծրագիրը գրեթե աննկատ է աշխատում։ Հաճախ նույնիսկ հնարավոր չէ գլխի ընկնել, որ ինչ– որ օտար ներգործություն կա․ այլ հայտնի ծրագրերի նման այս դեպքում նույնիսկ որևէ լինքով անցնել կամ ինչ– որ հրահանգեր անել պետք չէ՝ ծրագիրը սեփական հեռախոս ներս թողելու համար։ Ընդ որում, կախված օպերացիոն համակարգերից, վարակումը բացահայտելը կարող է նույնիսկ անհնար լինել․ այս իմաստով IOS համակարգի օգտատերերն ավելի պաշտպանված են քան, օրինակ, Android օպերացիոն համակարգ օգտագործողները՝ մանրամասնում է«CyberHUB-AM»-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

«Android հեռախոս օգտագործողները երբեք չեն էլ իմանում, որ իրենց դեմ հարձակումներ եղել են, բայց Պեգասուսը այդ ծրագիրն արտադրում է բոլոր տեսակի օպերացիոն համակարգերի համար։ Եվ եթե դուք ծանուցում չեք ստացել, որովհետև դուք Android օգտոգործող եք, դա բացարձակապես չի նշանակում, որ վարակված չէք․ ճիշտ հակառակը․ դա կարող է նշանակել, որ վարակված եք և ձեր բջջայինից տվյալներ են տանում, բայց դուք դրա մասին չգիտեք»,– ասում է Արթուր Պապյանը։

Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ «Պեգասուսն» արտադրող իսրայելական ընկերությունը պարբերաբար «լրամշակումներ» է անում՝ այդպիսով գրեթե անհնար դարձնելով վարակվելու մեխանիզմը բացահայտելը։ Հետևաբար պետք է պարզապես ավելի ուշադիր լինել ու միշտ հիշել, որ բջջայինում պահվող տեղեկությունը ցանկացած պահի կարող է հակառակորդի ձեռքում հայտնվել։

«Հայաստանի դեմ լրտեսական գործունեություն վարում է ոչ միայն Ադրբեջանը․ կան երկրներ, որոնք նույնպես ներգրավված են, և իրենք շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն․ վառ օրինակ է Թուրքիան»։

Պեգասուսը միակ կիբերվտանգը չէ․ գաղտնալսող, լրտեսական ու հաքերային ծրագրերը շատ են, և որպես կանոն, դրանց դեմ 100 տոկոսանոց արդյունք ունեցող հակաքայլեր չկան։ Պայքարի միակ հայտնի ու երբեք չհնացող, արդյունավետ ձևը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է․ այստեղ վստահաբար անելիքները շատ են՝ պնդում են մասնագետները։

Back to top button