ԿարևորՀասարակություն

Արցախի հայաթափումից մինչև կոռուպցիա․ քննչական մարմիններին հետաքրքրող գործերը

Խորհրդարանի ոլորտային հանձնաժողովները շարունակում են քննարկել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Այսօր հերթը գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներինն էր և վերահսկող ու քննիչ ծառայություններինը։

Քննարկումից առանձնացված ուշագրավ թվերից է, օրինակ, այն, որ վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է՝ 70-ից դառնալով 40։ Ցուցանիշը ներկայացվում է միջոցների խնայողություն և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Ի դեպ, նույն համատեքստում առողջապահության ոլորտում ծախսված միջոցներից պետությանն արդեն վերադարձվել է շուրջ 600 միլիոն դրամ, որը պետպատվերի շրջանակում տրամադրվել էր տարբեր բուժհաստատություններին։

Քննչական մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն, ոչ միայն կոռուպցիոն, այլև քաղաքական հնչեղություն ունեցող գործերն են, որոնք առնչվում են, օրինակ, Արցախի հայաթափմանը։   

Հարցաքննվե՞լ են, արդյոք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը. հարցը ոչ հաստատում, ոչ հերքում է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Այն մասին, որ իրավապահ մարմինները բազմաթիվ հարցեր կարող են ունենալ այդ գործիչներին նրանց հրապարակային հայտարարությունների և Արցախի հայաթափումից առաջ ծավալած գործունեության առնչությամբ, վերջին շրջանում մամուլը բազմիցս գրել է։   

«Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ»։  

Փոխարենը Քյարամյանը հաստատում է Արցախին առնչվող մեկ այլ վարույթի հարուցումը։ Թեև Քննչական կոմիտեն ԼՂ-ում քննություն իրականացնելու իրավասություն չունի, ասում է, բայց այն աշխատանքը, որը կատարում են, վերաբերում է բացառապես էթնիկ զտման տարրերին։

«Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, օրինակ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ, դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ։ Դա վերաբերում է ինչպես մինչև ռազմական գործողությունները տեղի ունեցած իրողություններին, խոսքը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և այդ կերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելու մասին է, այնպես էլ դրանից հետո ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը՝ ստիպված լինելով, մահվան սպառնալիքի տակ»։

Քննչական կոմիտեն թվեր է հրապարկել։ Մասնավորապես, Արցախից Հայաստան գաղթի ժամանակ 16 անձի ապօրինի գերեվարման դեպք է եղել, մինչդեռ Ադրբեջանը հաստատել է միայն 9 դեպք։ Այս հարցում փակագծերը դեռ բացման ենթակա չեն։

«Պետք է քննություն անենք։ Կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է։ Մենք ինտենսիվ զբաղվում ենք, եւ բարձրաստիճան պաշտոնյաների, եւ՛ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարման, խոշտանգման եւ ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին»։

Այլ բնույթի հանցակազմեր է որոնում նաև Պետական վերահսկողական ծառայությունը։ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ չարաշահումներ են բացահայտվել պաշտպանության ոլորտում։

«Մի քանի ուղղությամբ ՊՆ-ում մեր վերահսկողական գործառույթները վարչապետի հանձնարարությամբ իրականացվում են պերմանենտ ռեժիմով։ Երևի երկու շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասով, որ մեր ուսումնասիրությունների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նույնիսկ 6 ձերբակալվածներ կան, այդ թվում և՛ մասնավոր տնտեսվարող, և՛ զինվորականներ, ցավոք սրտի։ Այս պահին ևս մի քանի ուղղություններով ուսումնասիրությունները շարունակվում են, որոնց մասին, բնականաբար, ոչինչ չեմ կարող հանրային ներկայացնել»։  

Թվային արտահայտությամբ պատկերը հետևյալն է․ ՊՎԾ-ն 77 վարույթ հարուցել է  2022-ին, իսկ 2023-ի 10 ամիսներին արդեն 65 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախորդ տարվա ընթացքում հարուցված  վարույթների մի մասը փոխանցվել է Քննչական կոմիտեին, մյուս մասը բաժին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեին։ Այս կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանն իր հերթին պատգամավորներին տեղեկացրել է․ կոռուպցիոն բացահայտումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52 մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9 կաշառքի միջնորդության համար։ 14-ը մեղադրվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը մեղադրվել են պաշտոնեական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար։ Այս ցուցանիշներն, իրոք, աննախադեպ են։ Կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երևույթ։ Տվյալ դեպքում՝ մենք ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճ, այլ ունենք կոռուպցիոն դեպքերի բացահայտման աճ»։

Թե որ պաշտոնյաների անուններն են շրջանառվում այս քրեական գործերի մեջ, Սասուն Խաչատրյանը չի բացահայտում, քանի դեռ  դատարանում այդ մարդկանց մեղքը չի ապացուցվել։ Փոխարենը՝ խոսում է նախկին պաշտոնյաների մասին, որոնք քրեական հետապնդումից խուսափելու համար փախուստի են դիմել և հետախուզման մեջ են։ Խոսքն, օրինակ, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կամ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է։

Բնապահպանության նախկին նախարարի մեղադրական եզրակացությունն արդեն կա, գործը դատարանում է, հեռակա վարույթով իրականացվելու է դատաքննություն։

«Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով հիմա հնարավորություն է ընձեռնված անձի բացակայությամբ իրականացնել դատաքննություն և հեռակա կարգով նրան դատապարտել բոլոր իրավական հետևանքներով։ Այդ անձի ամբողջ գույքի վրա մեղադրանքի ողջ ծավալով դրված է արգելանք։ Խոսքը, եթե չեմ սխալվում, մոտ 14 միլիոն դոլար կաշառքի մասին էր։ Այնտեղ փողերի լվացում էլ կար։ Գոնե այդ գույքը, մեղադրական դատավճռի դեպքում, կվերադարձվի պետությանը»։      

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ պնդում է՝ Հայաստանում ընտրովի արդարադատություն չի իրականացվում։ Պաշտոնյան, սակայն,  հաստատում է, որ կոռուպցիայի կամ զանգվածային անկարգության մեջ մեղադրվող անձինք հաճախ փորձում են ենթադրյալ հանցագործությունը փաթեթավորել քաղաքական մոտիվներով։  

Կարդացեք նաև

Back to top button