ԿարևորՏնտեսական

Հայաստանի կառավարությունը Արցախի բյուջեին հասանելիություն չունի․ ֆինանսների նախարար

Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում այսօր շարունակվել են բյուջետային քննարկումները։ 2024-ի ֆինանսական հատկացումներն են ներկայացրել տնտեսական հատվածի գրեթե բոլոր կառույցները։ Գումարներ ստանալու համար գերատեսչությունները հիմնավորել են իրենց ծախսերն ու դրանց կարևորությունը։ Քննարկումներում  չեն շրջանցվել նաև Արցախի բյուջեին վերաբերող հարցերը։

Հայաստանն Արցախի բյուջեն չի սառեցրել՝ վստահեցնում է ֆինանսների նախարարը։ Արցախի տեղեկատվական շտաբը հոկտեմբերի 11–ին էր հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում: Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է.

«Ինձ համար մի քիչ հասկանալի չէ բյուջեն սառեցնելը, որովհետև ֆինանսների նախարարությունը  հասանելիություն չունի ԼՂ բյուջեին։ Դա իրենց բյուջեն է, իրենք են կառավարում այն։ ՀՀ–ն տրամադրել է վարկային միջոցներ»։

Վարկային միջոցների տեսքով ֆինանսական հատկացումները Հայաստանը տրամադրել է փուլերով։ Վերջին հատկացումն,  ըստ նախարարի, եղել է սեպտեմբերին։ Վահե Հովհաննիսյանը հստակեցնում է՝ ամեն ամիս տարբեր չափաբաժիններով գումարը տրամադրել է Արցախի կառավարությանը, վերջինն էլ որոշել է, թե ինչպես ծախսի այն ։

«Համարյա ամբողջ գումարը տրամադրված է։ Շատ փոքր գումար է մնացել։ Կարծեմ 6 մլրդ մնացորդ ունենք, այս տարվա համար նախատեսված տրամադրվել է։ Մենք տարվա ընթացքում  որոշումներ ենք կայացրել, գումարը ավելացրել ենք։ Հիմա այդ գումարները տրամադրում ենք Հայաստանում գտնվողներին»։

Նախարարը հստակեցնում է՝ կենսաթոշակի, նպաստների  հարցը կլուծվի Հայաստանում հաշվառվելուց, էլեկտրոնային համակարգերում գրանցվելուց հետո։ Այս պահին գումարները վճարվում են՝ ըստ առաջնային կարիքների՝ ասում է Վահե Հովհաննիսյանը։

«Զբաղվածության ծրագրեր ենք իրականացնելու, բնակարանաշինության ծրագրեր,  որպեսզի մարդիկ մշտական բնակության վայր ունենան։ Սա վերլուծելուց հետո սա կներառենք 2024թվականի բյուջեում»։

Նախնական գնահատումներով՝ Արցախին որպես վարկային միջոցներ տրամադրվող գումարները պետք է որ բավարար լինեն այս ծրագրերն իրականացնելու համար՝ ասում է  նախարարը։ Նախօրեին խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարել էր,որ Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու նպատակով հատկացվել է շուրջ 54 մլրդ դրամ, առայժմ  ծախսվել է մոտ 16 մլրդ դրամը։ Նախատեսված գումարի մի մասն էլ  կծախսվի 2024–ին։

Կառավարությունը նախատեսում է, որ հաջորդ տարվա ընթացքում  հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ։ Ըստ բյուջեի նախագծի՝ հարկեր/ՀՆԱ  ցուցանիշը 0․75 տոկոսային կետով կբարելավվի։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը սա կարևոր ցուցանիշ է համարում։

«Եթե հարկային եկամուտները լինեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամի շրջակայքում, դա կնշանակի, որ 1 տոկոսային կետով  կբարելավի հարկեր հնա ցուցանիշը։ Սա բացառիկ երևույթ է, քանի որ մեր լավագույն ցուցանիշը եղել է 2019 թվականին, երբ հարկեր /ՀՆԱ հարաբերակցությունը1․5 կետով է բարձրացել»։

ՊԵԿ–ը նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից՝ հուլիսի 1-ից հետո  միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ, այսպես ասենք,  «կորել է»: Այսինքն, Բադասյանի  խոսքով,  2000 աշխատողի համար  ոչ թե ընդհանուր դրույքաչափով հարկեր են վճարվել, այլ նրանք  աշխատանքից ազատվել են կամ ընկերություններն են ցույց տվել, թե ազատել են: Կառույցն այս ուղղությամբ վարչարարություն է սկսել։

2024 թվականի պետական բյուջեով շուրջ 120 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել Հայաստանի ճանապարհային ցանցերի բարելավմանը` տեղեկացնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 103,8 միլիարդ դրամը, հատկացվելու է կապիտալ ծախսերին։

Այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը 5.5 տոկոս է գնահատվում։ Նախարարը հույս ունի, որ տնտեսական ակտիվությանը կնպաստի նաև տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Գնել Սանոսյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը 2020 թվականից հետո ուսումնասիրություններ է սկսել Մեղրիի հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ։

«Նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի։ Բայց այդ ամենը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոնները։ Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում և սպասում ենք»,

Մինչ ճանապարհները կապաշրջափակվեն, Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները։ Էկոնոմիկայի նախարարը կարևորում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, բայց  միաժամանակ ջանքեր է գործադրում արտաքին տնտեսական հարաբերությունները նաև այլ ուղղություններով զարգացնելու ուղղությամբ: Գործադիրում հուսադրող են համարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վերջին 2-3 տարում փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Այս ուղղությամբ  շրջանառությունն արդեն  գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ Գերմանիայի և ԱՄՆ-ի դեպքում մոտենում է 1 միլիարդին։

Back to top button