ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Սատանան մանրուքների մեջ է»․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են 3 սկզբունք

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «Խաղաղության պայմանագրի» մասին մինչ օրս տարբեր հայտարարություններ են եղել։ Դրանցից վերջինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց խորհրդարանում։ Նախօրեին նա հայտարարեց, որ Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված են 3 սկզբունքները։ Իսկ օրեր առաջ Երևանին ու Բաքվին խաղաղության գործընթացը մինչև տարեվերջ ավարտին հասցնելու կոչ էին հղել ԵՄ առաջնորդները՝ Եվրամիության Վեհաժողովի արդյունքում արված հայտարարությունում: Ի տարբերություն Հայաստանի, խաղաղության պայմանագրի որևէ սկզբունքի մասին Ադրբեջանը չի խոսում։ Նախընտրում է հիշեցնել և պնդել, որ իր առաջին 5 կետանոց առաջարկները ուժի մեջ են, բայց չի խոսում 29,8 և 86,6 «թվաբանությամբ»։ Ադրբեջանը, սակայն, խոսել է այլ թվերի մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, իսկ թե չհամաձայնեցված 30 տոկոսը ինչ հարցեր են՝ դեռևս հայտնի չէ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված 3 սկզբունքների մասին հայտարարությունը Աժ–ում իրականում ոչ մի արտառոց նորություն իր մեջ չի պարունակում, համոզված է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունից ո՛չ մոտենում են «Խաղաղության պայմանագրի» կնքման ժամկետները, ո՛չ էլ փոխվում է բանակցությունների որակը։ Թերահավատությունը հիմնվում է նախադեպի վրա։ Հայտնի ասացվածքի պես․ «Սատանան մանրուքների մեջ է», ասում է Բադալյանը․

 «Մանրամասներում հավասարակշռվածությունն է, որ ապահովելու է այդ խաղաղությունը։ Այսինքն՝ սկզբունքներն ինքնին ոչինչ են։ Մենք ունեցել ենք 10 տարի և ավելի համաձայնեցված սկզբունքներ արցախյան կարգավորման առնչությամբ։ Ես նկատի ունեմ, օրինակ, «Մադրիդյան սկզբունքները», որ համաձայնեցվեցին և ընդունվեցին 2007–2008 թվականներին, բայց հետո, մեկ էլ 2019 թվականին հենց նույն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարեց և դիմեց ՄԽ համանախագահներին, որ պարզաբանեն այդ սկզբունքները, որովհետև Հայաստանը մի պատկերացում և մեկնաբանություն ունի դրանց վերաբերյալ, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Հետևաբար՝ այդ պարզաբանումը պետք է լինի, որ տարբեր մեկնաբանություններ չլինեն»։

Նույն պատկերը կարելի ասել ստեղծվել է նաև այսօր։ «Խաղաղության պայմանագիրը» տարբեր կերպ են պատկերացնում պաշտոնական Երևանն ու Բաքուն, և անգամ թվային արտացոլմամբ տարածքային ամբողջականության ճանաչումն է հարցականի տակ։ Ո՞ր տարածքներով է Ադրբեջանը պատկերացնում Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը՝ սա էլ է հարց ասում է Բադալյանը՝ հավելելով․ անգամ այս տարածքի հաստատումը Ալիևի կողմից դեռ չի հնչել։ Սրան գումարվում են նաև բարդությունները, որ առաջացել են Փաշինյան–Ալիև շփումներում․ Ալիևը վերջերս երկու անգամ մերժեց բանակցային արևմտյան հարթակը, իսկ Փաշինյանը մեկ անգամ բաց թողեց ԱՊՀ տիրույթը։ Այսքանով հանդերձ Հայաստանի անդադար պնդումները «խաղաղության պայմանագրի» մասին, ըստ վերլուծաբանի կարող են հստակ նպատակ ունենալ։

 «Որպեսզի առավելագույնը արվի անկայուն և բավական անկանխատեսելի միջազգային անվտանգային միջավայրում նոր պատերազմի կամ Հայաստանի դեմ տարբեր ծավալի արկածախնդրությունների առիթ չտալու համար։ Սա է, կարծում եմ, հայտարարությունների բուն նպատակը և բուն իմաստը, որովհետև ես կարծում եմ, անզեն աչքով անգամ տեսանելի է, որ Ադրբեջանը չունի խաղաղության ձգտում»։

Սա է փաստում նաև ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի կողմից ադրբեջանական լրատվամիջոցների մոնիտորինգը։ Օրինակ, Ադրբեջանի պետական հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկման մեջ հաղորդավարը վերլուծել է Հայաստանի վարչապետի՝ Թբիլիսիում ունեցած ելույթը ու եզրահանգել՝ դա նշանակում է, որ Փաշինյանն ութ գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մտադրություն չունի։ Բայց հետաքրքիրը հաջորդիվ արտահայտվող մտքերն են և համեմատությունները Արցախի դեմ սեպտեմբերի 19–ի ագրեսիայի հետ։ Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում ուղիղ տեքստով հայտարարվում է, թե «ութ գյուղերը ազատելու համար Ադրբեջանին մեկ կամ երկու ժամն էլ բավարար է»։

 «Եթե մեզ թվում է, որ Ադրբեջանը միայն մի բան է ուզում, այն մյուս բանը չի ուզում կամ այն մյուս բանը դնում է շրջանառության մեջ, որ այն մյուս բանը «պոկի», դա թյուր կարծիք է։ Մի բանը զիջելով այն մյուս բանը պահելու տրամաբանությունը Ադրբեջանի դեպքում չի աշխատում։ Ադրբեջանը հետաքրքրված չէ պայմանագրի ստորագրմամբ։ Եթե ուսումնասիրում ես, հասկանում ես, որ Ադրբեջանը շատ ավելին է ուզում, քան զուտ ԼՂ–ն»։

Ադրբեջանագետը նշում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հստակ կիլոմետրերով ճանաչելը այժմ դարձել է նոր գործիք Ադրբեջանի ձեռքին` Հայաստանի դեմ շարունակական ագրեսիաների գնալու համար։ Խոսքը «անկլավ» կոչվածների մասին է, որոնք ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող ուղիների վրա են։ Հայրապետյանը դրանք «ստրատեգիական կետեր» է անվանում և ռիսկեր է համարում Հայաստանի համար ոչ միայն հավանական ագրեսիայի, այլև բլոկադայի մեջ հայտնվելու տեսանկյունից։

Ամեն դեպքում, ադրբեջանագետը այս փուլում վատ քայլ չի համարում «Խաղաղության խաչմերուկ»–ին առնչվող նախաձեռնությունը։

Հակոբ Բադալյանի վերլուծություններով՝ չի բացառվում, որ սա նույնպես կանխարգելիչ քայլ է։

 «Այստեղ, կարծում եմ, ևս Երևանը փորձում է այդ հայտարարություններով, այդ նախաձեռնություններով փաստարկել այն, որ ինքը պատրաստ է խաղաղության և չտալ որևէ լարվածության կամ ապակայունացման որևէ նոր առիթ։ Միևնույն ժամանակ, իհարկե, այդ խաչմերուկի գաղափարը, ես կարծում եմ, Երևանը փորձում է շրջանառել նաև ռեգիոնալ կոմունիկացիաների հարցում աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների դիմակայությունից և իրարամերժ ռազմավարություններից բխող ռիսկերը շատ, թե քիչ չեզոքացնելու կամ շատ, թե քիչ կառավարելի դարձնելու համար։ Եվ ցույց տալու համար, որ Հայաստանը պատրաստ է աշխատել բոլորի հետ, ոչ թե դառնալ այս կամ այն ռազմավարության իրագործման միջոց կամ գործիք։ Որքանով է սա էֆեկտիվ որպես այս «խաղը» տանելու նախաձեռնություն՝ այլ հարց է։ Բայց ես կարծում եմ՝ այդ առաջ քաշված գաղափարի տակ ավելի շատ հենց այս տրամաբանությունն է»։

Իսկ թե ինչո՞ւ, ըստ վերլուծաբանների՝ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություն, պատճառը աշխարհաքաղաքական զարգացումներում է։ Ադրբեջանը տեսնում է, որ միջազգային իրավիճակը ամենևին միտված չէ դեպի խաղաղության, տեսնում են, որ միջազգային ուժային դերակատարները շարունակում են և նույնիսկ ավելի թեժացնում դիմակայությունը նոր աշխարհակարգի ձևավորման, այդ աշխարհակարգում ազդեցության գոտիների համար։ Հետևաբար Ադրբեջանն այս միջավայրում տեսնում է իր ուժային առավելությունը իրացնելու առնվազն հնարավորություն և մթնոլորտ։ Քանի դեռ այս իրավիճակը կա միջազգային մակարդակում, Բադալյանը համոզված է՝ Ադրբեջանը չի ունենալու խաղաղությամբ իր «ուժային առավելության» իրացումը արգելակելու որևէ մոտիվ։

Այնպես որ «Խաղաղության պայմանագրի» կնքման հնարավոր ժամկետներին վերլուծաբանները ընդհանրապես չեն անդրադառնում։

Back to top button