ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գեղարվեստ ու վավերագրություն` նույն գրքի էջերում․ լույս է տեսել «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուն

Վիկտորյա Սարգասյան
Ռադիոլուր

Օրերս «Ծիծեռնակ» հրատարկչությունը լուս է ընծայել «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուն։ Այն ընգրկում է արցախցի 20 հեղինակների ստեղծագործություններ։ Պաշարման օրերի դժվարությունների, ցավի ու նաև ուրախության մասին են պատմում ժողովածուում տեղ գտած ստեղծագրծությունները։ Լսե՛նք Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը գրքի մասին։

Ժողովածուն, որ պիտի կոչվեր «Պաշարված Արցախ» ու պատմեր չդադարող ու ավելի խորացող դժվարությունների մասին, արդեն անցյալ ժամանակով է խոսում։ Մինչ գիրքը պատրաստվում էր տպագրության, ամբողջ աշխարհի աչքի առաջ եղավ այն, ինչը կոչվեց Արցախի բռնի տեղահանություն։ «Երբ Արցախը պաշարված էր»՝ ի վերջո գիրքն այսպես վերնագրվեց։

Ժողովածուն ամփոփում է տասն ամիս պաշարված Արցախի գրողների ստեղծագործությունները։ Լինելով գեղարվեստական գրականություն, այս գիրքը նաև փաստերի ժողովածու է՝ ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը․

«Այսպիսի գրքերը հավաստում են, թե ինչ ճնշումների և մարդկային ահավոր վիճակներում է ապրել արցախցի մարդը, գրողը։ Ես սա համարում եմ փաստ։ Եթե մենք կարողանանք այս գիքը թարգմանել տարբեր լեզուներով, իսկապես սա ռեալ խոսք է, թե ինչ վիճակում էին ապրում արցախցիները»։

Գրքում ինչպես չափածո, այնպես էլ արձակ ստեղծագործություններ են։ Յուրաքանչյուր հեղինակ իր հիշողություններով ու ցավով է կիսվել։ Պաշարման օրերին է ծնվել Հերմինե Ավագյանի «Նամակներ մորս» շարքը։ Հեղինակը մնացել էր Հակարիի կամուրջի մի կողմում՝ Հայաստանում, մայրը՝ մյուս՝ Արցախում։

«Կանչիր խաղաղությունը մեր տուն, մամ, շոյիր գլուխը ու վառարանի տաք լույսի տակ չորացրու շորերը, տաք թեյ տուր, թող ձայնը բացվի, խոսելու շատ բան ունենք»,- գրում է Հերմինե Ավագյանը։

«Երբ պաշարված էր Արցախը» գրքի լույս ընծայումը կենսական նոր լիցքեր հաղորդեց Արցախի գրական ընտանիքի անդամներին։ Զարինե Սառաջյանը նույնպես ընդգծում է գրքի կարևորությունն այն առումով, որ այն գեղարվեստ լինելուց բացի, նաև վավերագրություն է։

«Ընթերցելով 9 ամիս առաջ գրված իմ ստեղծագործությունները, կարծես վերապրում եմ այդ նույն հույզերն ու զգացումները։ Այդ օրերին թվում էր, թե ամենածանր իրավիճակում ենք մենք գտնվում, բայց փաստորեն այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ երանի ենք տալիս այդ օրերին։ Փաստորեն դրանք ծանր օրեր չէին, բայց ստեղծագործությունները գրվել են այդպիսի հույզերով»։

«Համեցեք Արցախ՝ նոր կհասկանաք՝ ինչ ասել է ցավ․․․»,- գրում է Նվարդ Բաբայանը շրջափակման օրերի մասին։ Գրել եմ այնպես, ինչպես եղել է՝ ասում է հեղինակը․

«Իսկ եղել է շատ լարված ու ծանր։ 200 գրամ հացով երեխաներ էինք պահում, էլ չեմ խոսում մեծերի մասին։ Մտածում էինք դիրքերում գտնվողների մասին։ Հիմնականում մեր տառապանքն ու դժգոհությունն եմ ներկայացրել միջազգային կազմակերպություններին ու առհասարակ ամբողջ աշխարհին, որը քար լռությամբ էր հետևում մեր պայքարին»։

Այսօր էլ ամեն օր պետք է մտածել վերադարձի մասին։ Եթե մեկ օր անգամ չմտածենք վերադարձի մասին, մենք կկորցնենք Արցախը նաև մեր ներսում՝ ասում է Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը։

«Համոզված եմ, որ դեռ ստեղծվելու է իսկական գրականություն պաշարման, ողբերգության, ցավի, երեխաների կորստի, երկրի կորստի նաև արժանապատվության կորստի մասին»։

Այս գրքի էջերում ցավն է, դժվարությունները և, միևնույն ժամանակ, պայքարն ու անկոտրում կամքը։ Այն Արցախի ժողովրդի և գրողների ճակատագրերի ցավալի միատեղումն է։

Back to top button