
Հունգարիան ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ, սակայն ակնկալում ենք, որ մեր հունգարացի գործընկերները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի հետ Հունգարիայի հարաբերությունները չպետք է անդրադառնան Հայաստան-Հունգարիա համագործակցության զարգացման վրա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Վրաստանում և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
«Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Պետք չէ նաև մոռանալ հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, որը լավագույն հիմնասյուներից մեկն է հանդիսանում երկկողմ հարաբերությունների կառուցման համար», – նշել է դեսպանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․
—Լրացավ Ձեր՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու մեկ տարին։ Ամփոփելով տարին՝ կցանկանայի հարցնել, թե որոնք էին այս ընթացքում առաջնահերթ ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատել եք:
Նախ ցանկանում են շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։
Ինչպես գիտեք Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը ներառում է հնարավոր գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքական երկխոսությունից և անվտանգության ոլորտից մինչև տնտեսություն, մշակույթ, կրթություն և այլն։ Այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների մի քանի հանդիպումներ, ակտիվ շփումներ են եղել ԱԳ նախարարությունների միջև՝ ինչպես նախարարների մակարդակում, այնպես էլ քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, ունեցել ենք բարձրաստիճան պաշտոնյաների այցեր՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, Անվտանգության ծառայության ղեկավարի և այլն, որոնք նույնպես հնարավորություն են ընձեռել ապահովել կողմերի միջև տեսակետների և դիրքորոշումների փոխանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։
Տնտեսական համագործակցության առումով կարող ենք հիշատակել տարեսկզբին վարչապետների նախագահությամբ ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, գարնանը Թբիլիսիում հայ-վրացական գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցում էին հարյուրից ավել գործարարներ Հայաստանից և Վրաստանից։ Կարծում եմ նման նախաձեռնությունները հանդիսանում են լավագույն հարթակը, որը հնարավորություն է ստեղծում երկու պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար։ Ակտիվ շփումներ են եղել նաև տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների միջև՝ էկոնոմիկա, տարածքային կառավարում և ենթակառուցվածքներ, բարձր տեխնոլոգիաներ և այլն։
Միջխորհրդարանական կապերի ամրապնդման առումով կարելի է առանձնացնել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների կատարած փոխադարձ այցերը, խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագրերի ստորագրումը։ Թբիլիսիում գարնանը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ, որն այս ձևաչափով առաջինն էր։
Հաճույքով ցանկանում եմ անդրադառնալ կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը։ Մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցի շրջանակներում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ինչպես երկու երկրների ոլորտային նախարարությունների, այնպես էլ Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների ու մայրաքաղաքների երկու դպրոցների միջև։ Եվ այս հուշագրերի առաջին արդյունքներն արդեն իսկ տեսանելի են. վերջերս ունեցանք դպրոցների միջև աշակերտների փոխանակման առաջին հաջողված փորձը, շուտով ԵՊՀ-ում տեղի կունենա Վրացագիտության կենտրոնի պաշտոնական բացումը և այլն։
Բազմաթիվ են նաև մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Չի եղել գրեթե մեկ ամիս, որ Վրաստանում որևէ հայկական մշակութային միջոցառում կազմակերպված չլինի, և վստահեցնում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, քննարկման և ժամկետների հստակեցման փուլում է երկու երկրներում փոխադարձ մշակութային օրերի անցկացման հնարավորությունը։
Այս ամենը տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մի մասն է, շատ ծրագրեր էլ դեռևս ընթացքի մեջ։ Կարող ենք արձանագրել, որ հայ-վրացական հարաբերությունների առումով ունեցել ենք բավական ակտիվ տարի և մտադիր ենք այս տեմպերով շարունակել։ Իհարկե, եթե տարածաշրջանում առկա իրավիճակը դա թույլ տա, և չլինեն անվտանգությունը և կայունությունը խաթարող նոր գործընթացներ, որոնց, ցավոք, մենք բախվում ենք։
—Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերությունները ակտիվ համագործակցության փուլ են թևակոխել: Ինչպես են դրանք փոխվել, ինչպես եք գնահատում։
Իսկապես վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի է Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացում, ինչը կարծում եմ բնական է. որպես երկու դարավոր հարևաններ՝ Հայաստանն ու Վրաստանը ունեն համագործակցության մեծ ներուժ, և մեր առաքելությունն է փորձել առավելագույնս օգտագործել այդ պոտենցիալը։ Բացի այդ, ներկայիս արագ փոփոխվող աշխարհում բնական է երկու հարևաններ և բարեկամ պետությունների միջև շփումների առավել ակտիվացումը՝ հաշվի առնելով մեր երկրների սերտ փոխկապակցվածությունը, մարտահրավերները և ընդհանուր շահերը։
Պատահական չէ, որ հուլիսին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ներգրավվել ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսության մեջ, որը առաջին քայլն է երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու ուղղությամբ։ Վստահ ենք, որ սա հավելյալ խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
—Արցախի հայ բնակչությունը մեկ ամիս առաջ բռնի տեղահանութան ենթարկվեց, տեղի ունեցավ էթնիկ զտում։ Թբիլիսին ինչպես է նայում այս իրադարձությանը եւ ինչպես է պատկերացնում տարածաշրջանում խաղաղության հեռանկարներն այս համատեքստում։
Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ ենթարկվեց բռնի տեղահանության և ստիպված եղավ ապաստան գտնել Հայաստանում։
Հայաստանը պարբերաբար միջազգային բոլոր գործընկերներին հայտնում է իր հստակ դիրքորոշումը Ադրբեջանի կողմից կատարված հանցավոր գործողությունների, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի, Հայաստանի նկատմամբ ներկայացվող նոր տարածքային հավակնությունների և սպառնալիքների մասին՝ ընդգծելով, որ այս գործողություններով Ադրբեջանը բացահայտ խաթարում է բանակցային գործընթացը և նոր ռիսկեր է ստեղծում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման և խաղաղության համար։ Ուստի մենք ակնկալում ենք տարածաշրջանում տևական խաղաղությամբ և կայունությամբ շահագրգռված բոլոր դերակատարների համապատասխան արձագանքը և գործուն քայլերը։
—Ոչ վաղ անցյալում Վրաստանը որպես միջնորդ կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսօր էլ շարունակում է պատրասկամություն հայտնել միջնորդությունը շարունակելու։ Արդյոք այս հարցը քննարկվում է Վրաստանի կառավարության հետ։
Իսկապես Վրաստանն ամենաբարձր մակարդակում հայտնել է իր պատրաստակամությունը հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության առաջ մղման համար։ Եվ այս առումով ունենք նաև գրանցված արդյունքներ. 2021թ. Վրաստանի ներգրավմամբ հնարավոր եղավ կազմակերպել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից 15–ի վերադարձը Հայաստան, իսկ 2022թ. ամռանն էլ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Մենք, իհարկե, գնահատում ենք բարեկամ Վրաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս նպաստելու տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը և դրա համար բանակցային հարթակ տրամադրելուն։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այսօր արդեն իսկ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար գործող ձևաչափեր, որոնց շրջանակներում ձեռք են բերվել գործընթացի վերաբերյալ որոշակի ընդհանուր պատկերացումներ։
—Դուք համատեղության կարգով նշանակվել եք նաև Հունգարիայում Հայաստանի դեսպան, որի հետ Երևանը հարաբերությունները խզել էր Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու պատճառով։ Ինչպես եք պատկերացնում Հունգարիայի հետ հարաբերությունների ապագան։ Հնարավո՞ր է վստահել Հունգարիային այս հարաբերություններում։
Իսկապես, ավելի քան տաս տարի առաջ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը ևս մեկ անգամ բացահայտեց Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյաց քաղաքականության ողջ էությունը, և այս փաստը պատճառ դարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցման համար։ Այս իրադարձությունների վերաիմաստավորման և հարցին նորից անդրադառնալու համար ժամանակ էր անհրաժեշտ:
Այսօր Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների մոտ կա ընկալում և պատրաստակամություն՝ համատեղ աշխատելու դիվանագիտական հարաբերությունների կասեցման տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում առաջացած բացը լրացնելու և երկկողմ օրակարգը համագործակցության նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ։ Նախանշված են համագործակցության հիմնական ուղղությունները՝ քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, կրթության և մշակույթի ոլորտներ, միջհասարակական կապերի ընդլայնում և այլն։ Այս բոլոր ուղղություններով արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են, և հույս ունեմ, որ աստիճանաբար կկարողանանք տեսնել այս համագործակցության արդյունքները։
Հունգարիան նաև հանդիսանում է ԵՄ անդամ, և վերջինիս հետ հարաբերությունների զարգացումը կարելի է դիտարկել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման տեսանկյունից։ Ուստի լիահույս ենք, որ մեր հունգարացի գործընկերները ԵՄ բոլոր հարթակներում հանդես կգան Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը աջակցելու դիրքերից։
—Հունգարիան ցանկանում էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ ԵՄ-ում իր դիրքի և երբեմն Եվրահանձնաժողովի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Արդյոք նշանակվելուց հետո տրվել են հանձնարարականներ, համաձայն որոնց Հայաստանն ունի կոնկրետ պատկերացումներ Բուդապեշտի հետ հարաբերություններում։
Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Պետք չէ նաև մոռանալ հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, որը լավագույն հիմնասյուներից մեկն է հանդիսանում երկկողմ հարաբերությունների կառուցման համար։ Այս համատեքստում չպետք է մոռանալ, որ պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն Հունգարիայում հայերը ճանաչված ինքնավարություն ունեն, որը պետք է յուրովի կամուրջ հանդիսանա հայ և հունգարացի հասարակությունների միջև կապերի ամրապնդման և զարգացման տեսանկյունից։
Գաղտնիք չէ, որ Հունգարիան ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Սակայն մենք ակնկալում ենք, որ մեր հունգարացի գործընկերները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի հետ Հունգարիայի հարաբերությունները չպետք է անդրադառնան Հայաստան-Հունգարիա համագործակցության զարգացման վրա։




