
Արդեն երեք տարի Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ձևավորվում և քննարկվում է տարածաշրջանային լարվածության ու անվտանգային լուրջ խնդիրների առկայության պայմաններում։ Թերևս հենց այդ պատճառով էլ գործադիրն ու վարչապետը ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ նախ և առաջ նախանշում են Հայաստանի առաջնահերթ անելիքներն արտաքին քաղաքականությանԱ և անվտանգային բնագավառներում։ «Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը», — այսօր Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետը՝ շեշտելով՝ կառավարությունը գիտակցում են, որ դա հեշտ չի լինելու։
Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք Հայաստան–Թուրքիա հարաբերություններին առնչվող բանակցություններում հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների իրականացմանը։ Թեմայի մասին ԱԺ–ում խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքը հետևյալի մասին է․ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Բացի քաղաքական պայմանավորվածությունից՝ նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, և այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։ Հույս ունենք, այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»։
Սա պետական հայեցակարգի ուղղություններից մեկն է։ Այդ հայեցակարգով Հայաստանը նպատակադրվել է 4 հարևանների հետ ամուր հարաբերություններ կառուցել։ Սա թելադրում է միջազգային լարված իրավիճակը, որը Հայաստանի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց, Փաշինյանի համոզմամբ, այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։
«Հարավկովկասյան տարածաշրջանում ունենք 4 հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ։ Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու։ Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է ՀՀ պետական շահերից»։
Ընդդիմադիրներ գործիչները թերահավատ են հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում ձեռնարկվող քայլերի հարցում ։ Նույն համաշխարհային վտանգները վկայակոչելով, օրինակ, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը բացատրություն չի գտնում, թե ինչու է Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում վեկտորի փոփոխության տարրեր մտցրել։
«Այն պայթյունավտանգ իրավիճակում, որում արդեն լայն իմաստով գտնվում է տարածաշրջանը, ինչերով անցանք այս վերջին շրջանում և այլն, իհարկե, նման քայլի գնալը որևէ կերպ արդարացված չէ։ Սա մի հարց է, բայց եթե անգամ դա (քաղաքական վեկտորի փոփոխություն – խմբ․ ) է, իսկ մենք դրա էլեմենտները շատ հստակ արձանագրում ենք, անգամ դա է կատարվում աննկարագրելի ապիկար և անշնորհք։ Գործող իշխանությունները արտաքին գործընկերների հետ հարաբերությունները ավիրել են այս տարիների ընթացքում»։
Անկախ գնահատականներից՝ կառավարության և անձամբ իր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը Փաշինյանը համարում է պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելը՝ փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունը ապահովելու համար։
«Իմ վարչապետության հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե, գիտակցումից կամ ընկալումից, որ անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության՝ երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի»։
Փաշինյանը սա հասունացման ճանապարհ է համարում, որն անցնում են կառավարությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը և ժողովուրդը: Նա այդ հասունացման առանցքային խորհրդանշական պահերից մեկն է համարում ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ. կմ լինելու մասին ԱԺ ամբիոնից իր արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցը:
«Դրանից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք»։
Փաշինյանը սա համարում է կրած անհաջողությունների ու ձախողումների անկյունաքարային պատճառ:
«Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ»:
Ըստ էության՝ այս մոտեցման վրա են հիմնվում Ադրբեջանի հետ համաձայնեցված 3 սկզբունքները՝ թվային արտացոլմամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում՝ ըստ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ու ԽՍՀՄ վերջին քարտեզների և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում երկրների ինքնիշխանության և կողմերի իրավազորության հիման վրա։
«Պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
Այս համատեքստում է կարևորվում «Խաղաղության խաչմերուկ» նախագծով հայկական նախաձեռնողականությունը, որը, ըստ էության, հստակ ճանապարհներով, լուծումներով և առաջարկներով տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման նախագիծ է։
«Տարընթերցումների խուսափելու համար արձանագրում ենք հետևյալը, որ կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն և բացի այդ, կողմերից յուրաքնաչյուրն իր տարածքում ապահովում է ընդհանուր առմամբ կոմունիկացիաների անվտանգությունը։ Խոսքը վերաբերվում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին, ավիահաղորդակցության ուղիներին, խողովակաշարերին, մալուխներին, էլեկտրահաղորդման գծերին»։
Հայաստանի անվտանգային ուժերի կառուցվածքում այս գործառույթը պետք է տրվի ԱԱԾ–ին։ Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու։ Ըստ Փաշինյանի՝ աշխատանքներն ընթացքի մեջ են։




