
Երևանի պետական համալսարանն այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ուսանողներից ավելի քան 1000 դիմում հայտ է ստացել։ Մայր բուհից հայտնում են, որ ստիպված են դադարեցնել մի քանի ֆակուլտետների ու մասնագիտությունների գծով դիմումների ընդունումը, քանի որ տեղերը սահմանափակ են և արդեն իսկ ուսանողներին ֆիզիկապես տեղավորելու խնդիրներ են առաջացել։ Դիմումների ընդունմանը զուգահեռ պետհամալսարանում շուտով կմեկնարկի հատուկ արցախցի ուսանողների համար նախատեսված առարկայական քննությունները․ բանն այն է, որ Արցախի բուհերից տեղափոխված ուսանողները պետք է կրթական ծրագրերի տարբերությունները լրացնեն, հետո միայն շարունակեն կրթությունը։
ԵՊՀ–ում մեկնարկել է առաջին քննաշրջանը, որին մասնակցում են նաև Արցախի համալսարաններից տեղափոխված ուսանողները։ Կրթությունը իրավագիտության ֆակուլտետում շարունակող Անի Աբրահամյանն ասում է՝ հեշտ չէ, ոչ միայն դասախոսների մոտեցումներն են տարբեր, այլև քննական կարգը։
«Իհարկե դժվարություններ կան, քանի որ այստեղի ու Արցախի քննական կարգերը բավականին տարբեր են։ Այստեղ, օրինակ, մեր մասնագիտության մեջ իրավաբանական խնդիրներ են լուծում, իսկ մենք նման բաներ երբեք չենք արել։ Այլ կերպ ասած, գալ ու այսպես միանգամից մտնել քննաշրջանի մեջ, իհարկե, շատ բարդ էր, բայց դե փորձում ենք»,– ասում է Անին։
Արցախցի ուսանողները բացի հերթական կիսամյակային քննություններից մինչև կիսամյակի ավարտը նաև առարկայական տարբերություններ կհանձնեն՝ Արցախում ընդհատված կրթությունն այստեղ առանց խնդիրների շարունակելու համար։
«Ես, օրինակ, հիմա 3-րդ կուրսում եմ սովորում, կան առարկաներ, որ Արցախում չեմ անցել, բայց այստեղի ուսանողներն արդեն ուսումնասիրել են, ու մենք ստիպված այդ տարբերությունները պետք է հանձնենք, որ «հավասարվենք» իրենց»։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն որոշել էր, որ արցախցի ուսանողները, անկախ այդ տարբերություններից պետք է Հայաստանում իրենց կրթությունը շարունակեն այն պահից, որ պահից, որ ընդհատել են Արցախում։ Մայր բուհն այս ուսանողների համար մինչև տարեվերջ երկու փուլով ժամկետներ է սահմանել․ ուսանողները պետք է պատրաստվեն ու քննություններ հանձնեն, հավաքեն համապատասխան կրեդիտները՝ մանրամասնում է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը։
«Առարկայական տարբերությունների հանձնումը կազմակերպվում է առաջին հերթին այն պատճառով, որ հետագայում ավարտական դիպլոմ ստանալիս, դիպլոմի հավելվածում հստակ արտացոլված լինի իրենց անցած բոլոր առարկաները՝ համապատասխան կրեդիտներով, այսինքն իրենց դիպլոմի հավելվածը համապատասխանեցվի ԵՊՀ յուրաքանչյուր կրթական ծրագրի ուսումնական պլանին»։
Ուսանողներին օգնելու համար բուհում նաև լրացուցիչ դասաժամեր ու արտաժամյա պարապունքներ են կազմակերպել։ Ներսիսյանն ասում է՝ դժվարություններ իհարկե կան, բայց նաև վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի հօգուտ ուսանողների։ Իրավագիտության ֆակուլտետի ստեփանակերտցի ուսանողուհին, սակայն ասում է՝ չնայած քննությունները մի քանի օրից են սակայն անորոշությունը դեռ շատ է։
«Առարկաներ կան, որոնց համար դեռ հարցաշարեր էլ չունենք, պիտի ճշտումներ անենք, բայց վստահ եմ, որ դասախոսներն էլ մեղմ կվերաբերեն, քանի որ բնական է, որ մենք այդ մեկ տարվա կուրսը մի քանի օրվա մեջ սովորելու ու քննություն հանձնելու շանսեր չունենք»,– պատմում է արցախցի ուսանողուհին։

ԵՊՀ–ում դեռ շարունակում են արցախցի ուսանողների հայտերն ընդունել, չնայած մեկ ամիս անց ստիպված են եղել կասեցնել մի քանի ֆակուլտետների ու մասնագիտությունների համար դիմումների ընդունումը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը։
«Ֆակուլտետներ ունենք, որտեղ պարզապես ուսանողներին ֆիզիկապես տեղավորելու լսարանային խնդիրներ են առաջացել, հետևաբար ընդունելությունը շարունակվում է միայն այն ֆակուլտետներում, որտեղ համեմատաբար տեղեր մնացել են։ Ֆակուլտետները, որտեղ որ արցախցի շատ ուսանողներ են դիմել դրանք են՝ տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, հայ բանասիրության ֆակուլտետները, այստեղ արդեն 200-ի հասնող ուսանողներ ունենք դիմած և հենց այս մասնագիտություններով այլևս դիմումներ չենք ընդունում»,– մանրամասնում է Ներսիսյանը։
Հակառակ սրան՝ համալսարանում արցախցի տեղահանված ուսանողներ չունեն Քիմիայի, Աստվածաբանության և Արևելագիտության ֆակուլտետները։ Մարգարիտա Ներսիսյանն ասում է՝ ամենաշատ արցախցի ուսանողների հյուրընկալած ԵՊՀ–ն այժմ քննարկում է նաև տեղահանված ուսանողների ուսման վարձի աջակցման՝ պետական ծրագրին լրացնող բուհական ծրագիր մշակելու հարցը։
Կառավարությունն արդեն հայտարարել է, որ նախատեսում է լրիվ կամ մասնակի փոխհատուցել տեղահանված ուսանողների ուսման վարձը։ Փոխհատուցման համար գործադիրը օժանդակության չափ է հաստատել՝ հաշվի առնելով այս կամ այն մասնագիտության գծով հանրապետությունում առկա տարբեր բուհերի ուսման վարձաչափերը։ Իսկ այն ուսանողները, որոնք սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են և պետության օժանդակությունն ամբողջությամբ չի ծածկում իրենց ուսման վարձը, կարող են դիմել «Հայ կրթական հիմնարկությանը» լրացուցիչ կրթաթոշակ ստանալու համար։ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը մանրամասնում է՝ իրենց կրթաթոշակը նախատեսված է պետական բոլոր բուհերի ու միջպետական բուհերում առկա համակարգով սովորող ուսանողների համար։
«Այս պահի դրությամբ մենք արդեն 1000–ից ավելի դիմում ունենք, ընտրելու ենք 100, կամ միգուցե մի փոքր ավելի ուսանողների, որոնք ունեն բարձր առաջադիմություն, կամ նաև ընտանիքում զոհեր կամ այլ սոցիալական խնդիրներ»,– ասում է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը։
Մինչ այսօր էլ «Հայ կրթական հիմնարկությունը» շուրջ 6 տասնյակ արցախցի ուսանողների վարձի փոխհատուցում էր տրամադրում, սակայն ուսանողների ինտեգրումն ապահովելու համար միայն կրթաթոշակներով չեն բավարարվելու․ նախատեսում են նաև նրանց մասնագիտական հմտությունները զարգացնելու և աշխատաշուկայում մրցունակ լինելու հարցում օգնել։






