
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները փորձում են հարմարվել նոր պայմաններին: Հադրութի Թաղասեր գյուղից Մելքումյանների ընտանիքը երկրորդ անգամ է ունեցվածքը թողել թշնամուն: Հիմա ապրում են Արմավիրի գինու գործարանի տարածքում: Ծառայողական սենյակներին փորձում են բնակարանի տեսք հաղորդել, պայմանները, ասում են, բավարար են։ Գործարանի սեփականատերը շինությունն անվճար է տրամադրել:
79-ամյա Հայկ Մելքումյանը նախշազարդ կարասների ծառուղին խնամքով մաքրում է տերևներից: Առաջին հայացքից թվում է, թե գործարանի աշխատակից է, հետո պարզվում՝ կրկնակի տեղահանված արցախցի է: Երկու դաստակները վիրակապված են։
«Երկու անգամ վիրավորվել եմ. մի անգամ՝ գործող բանակում, մյուսը՝ 2020թ սեպտեմբերի 27-ին՝ հենց մեր բակում: Առաջին հարվածը մեր բակում էր, ձեռքս վիրավորվել եմ: Հիմա այստեղ եմ ապրում ու մինչև ձյուն գալը փորձում եմ տարածքը մաքրել, որ հանգիստ ապրենք»:

Էդիկ Մելքումյանը Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից է: 44-օրյայի ժամանակ կորցրել էր հարազատ գյուղը, այս անգամ՝ հայրենի Արցախը: Հիմա նրա 7 հոգանոց ընտանիքի ժամանակավոր կացարանը գինու գործարանի շինություններից մեկն է: Գործարանի սեփականատերը կեցավայրն անվճար է տրամադրել ու ապահովել որոշակի գույքով: Լիլիթ Ավանյանն ասում է, որ ապրելու բավարար պայմաններ ունեն։
«Հարմարություններ կան՝ խոհանոց, լոգարան, սանհանգույց, սենյակներ: Կարելի է ասել՝ ամեն հարմարություն կա, գազը բալոնով է, լվացքի մեքենան էլ մարզպետարանն է տվել»:

Հիմա սենյակների պատերն են ներկում, թարմացնում: Գործարանի տարածքում այլ բնակիչներ չկան, բայց դա չի անհանգստացնում: Այստեղ ավելի ապահով են: Ստեփանակերտում վարձով ապրել են ծայրամասային Հայկավան թաղամասում: Սեպտեմբերի 19-ի կեսօրին ադրբեջանցիներն արդեն շատ մոտ են եղել: Լիլիթը, 11-ամյա աղջկա ձեռքը բռնած, նկուղից-նկուղ անցնելով, տեսել է թշնամուն, բայց լռել. 2020թ պատերազմից հետո երեխան մի կերպ էր ձերբազատվել վախերից:
«Որտեղ որ մնում էինք, թուրքը մեզ շատ մոտ էր: Դուրս եկանք, որ գնանք Նարեկացու համալսարանի նկուղը, տեսա, որ երկու թուրք՝ դրոշը ձեռքներին, մեզնից մոտ 30 մետր բարձրության վրա կանգնած էին: Վախեցել եմ, երեխեքին ասել, որ վերևում թուրքեր կան: Այդ շենքը «Կոբրա» են կոչում, իրենք հենց սկզբից էլ այդ «Կոբրա» շենքի գլխին կանգնած էին»:

Պատերազմի դադարից ու զինաթափումից հետո տուն վերադառնալ չեն կարողացել: Տագնապի ժամանակ հասցրել են վերցնել միայն անհրաժեշտ փաստաթղթերը.
«Ես երբ տնից դուրս եմ եկել, որ գնամ Նարեկացու անվան համալսարանի նկուղ, փաստաթղթերը վերցրել եմ: Դա ինձ դաս է եղել 2020թ.-ից, երբ Հադրութից դուրս եկանք՝ առանց որևէ փաստաթղթերի: Դրա համար այս անգամ փաստաթղթերը դրել եմ մի պայուսակի մեջ ու վերցրել ինձ հետ»:
Հրադադարից ու զինաթափումից հետո զինվորական ամուսինը՝ Գեորգին, զորամասից դուրս էր եկել ու միացել ընտանիքին: Համատարած խուճապի ու քաոսի մեջ երկու օր ճանապարհ են անցել, մինչև հասել են Կոռնիձոր, բայց վախերը չեն թուլացել: Մայրական բնազնդն ահագնացել էր Հակարիի կամրջի անցակետում, երբ 20-ամյա որդուն մեքենայից իջեցրել են։

«Ում մեքենայում 2 տղամարդ կար, մեկին իջեցնում էին: Ես չգիտեի, որ տղայիս պետք է իջեցնեին, հարցրեցի՝ ինչու են իջեցնում, ասացին՝ ամեն ինչ լավ է, պետք տեսախցիկին նայելով անցնի: Մի 5 մետր ոտքով առաջ անցավ, վախով անցանք Հակարիի կամուրջը: Նստել էինք մեքենան ու եկել, բայց, միևնույն է, չէի հավատում, որ կարող է ողջ-առողջ անցնեինք: Ամենավատին էլ սպասում էի»:
Հիմա տեղահանված արցախցիները նորից փորձում են նոր կյանք սկսել: Պետության աջակցության միանվագ 100 հազարական դրամները ստացել են ու առաջնային անհրաժեշտության գնումներ կատարել: Գեորգի Մելքումյանն Արցախի Պաշտպանության բանակից հետո ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում: Մեկ ամսից կլրանա նրա ծառայության 20 տարին:

«Գնացել եմ Պաշտպանության նախարարություն, ովքեր չեն ուզում ծառայել, դիմում են գրում, դուրս գալիս, իսկ ովքեր ցանկանում են շարունակել ծառայությունը, տարբեր զորամասեր են առաջարկում: Ես արդեն տնավորվել եմ Արմավիրում, խնդրել եմ ծառայությունս ձևակերպել Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, քանի որ երեխեքս այստեղ դպրոց են գնում, հայրս վիրավորվել է նախորդ պատերազմում, այստեղ եմ տուն գտել և հիմա դժվար կլինի ուրիշ զորամաս գնալ, ընտանիքիս տեղափոխել»:
Գինու գործարանի տարածքում նրանք արդեն հարմարվել են նոր կեցավայրին: Լիլիթն ասում է, որ 20- ամյա որդին նշանված է։ Չի բացառվում, որ տղային ամուսնացնեն ու հարսին բերեն այստեղ:




