ԿարևորՏնտեսական

Համագործակցության հեռանկարներ Բելգիայի հետ․ հստակեցվում են ոլորտները

Թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ՝ հայկական ադամանդը, ալյումինը և ցինկը. Բելգիացի գործարարների հետարքրությունը հայաստանյան տնտեսության նկատմամբ հիմնականում այս ոլորտներում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի հետ ավելացել է։ 2023 թվականի հունվար-օգոստոսին այն կազմել է ավելի քան 156 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 32%-ով։

Հանքարդյունաբերության բարդ թափոնները վերամշակելու, փորձի փոխանակման ու Հայաստանի գործարար ներուժին ծանոթանալու համար է բելգիական հիդրոմետալուրգիական ընկերության ներկայացուցիչ, գործարար Լորան Դյուբուան եկել Հայաստան։

Նա գիտի՝ այստեղ ընդերքը օգտակար հանածոներով հարուստ է, ուստի փորձում է Հայաստանի համար գերակա համարվող ոլորտի հետ մանրամասն ծանոթանալ․

«Շուկան ուսումնասիրել ենք, մենք գիտենք, որ Հայաստանի ընդերքը օգտակար հանածոներով հարուստ է, մեր նպատակն է հայաստանյան ընկերություններին առաջարկել թափոնների ժամանակակից վերամշակում։ Բելգիայում թափոնների վերամշակումը ջրի զտման միջոցով ենք կատարում, այդպես մաքրում ենք թափոնները»։

Համագործակցության առաջին փուլը ոլորտին ավելի մանրամասն ծանոթանալն է։ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը հայ-բելգիական համատեղ տնտեսական ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է համարում. այս օրերին ինքն էլ է Հայաստան ժամանած բելգիացի գործարարների համար տարբեր ձևաչափերով հանդիպումների մասնակցում, հայ և բելգիացի գործարարների ընթրիքներ կազմակերպում. այս ամբողջը՝ կոնկրետ ծրագրերի տեսքով։ Դեսպանը վստահ է՝ արդյունքն առաջիկայում տեսանելի կդառնա․

«Հանդիպումները շարունակվում են, կփորձենք տարբեր ուղղություններով զարգացնել համագործակցությունը։ Առևտուր, ծառայությունների մատուցում, հյուրանոցային ոլորտ։ Այս պահին դեռ վաղ է ասել, թե որ ոլորտում կաջակցենք, բայց առողջապահության ու առևտրի ոլորտները առաջին տեղում կլինեն»։

Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն ընդգծում է՝ 18 տարի է՝ փորձում են հայկական և բելգիական ձեռնարկությունները փոխկապակցել: 18 տարի առաջ շատ բելգիացիներ անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չէին պատկերացնում՝ ասում է ու նշում, որ այսօր արդեն Բելգիայի գործարար շրջանակների համար հայկական շուկան կարող է ծառայել իբրև մուտք դեպի այլ շուկաներ։

Հայաստանն ու Բելգիան համագործակցության հեռանկարներ տեսնում են  մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի վերամշակման ոլորտներում։ Գարեջրի, շոկոլադի և այլ արտադրատեսակների արտահանման հնարավորություններ նույնպես կան։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Բելգիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 156․5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 32%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 118․5 մլն դոլար): Երկու երկրներն էլ վստահ են, որ համագործակցությունը խորացնելու ներուժ կա։

Back to top button